Վաստակաշատ գիտնականը, մտավորականը

ՀՈԲԵԼՅԱՆ․ ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ 65 ՏԱՐԵԿԱՆ Է

Էներգետիկայի բնագավառի անվանի գիտնական, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, բազմաթիվ ակադեմիաների իսկական անդամ, գրող, հրապարակախոս, խմբագիր, ժուռնալիստ, հասարակական ակտիվ գործիչ Ստեփան Պապիկյանի համար տարիքը վաստակ է, ապրած ամեն օրը՝ նվիրում։ Նրա կենսագրությունն ասվածի լավագույն ապացույցն է։
 
Ծնվել է 1957 թվականի հուլիսի 9-ին ՌԴ Ալթայի երկրամասի Զալեսովո գյուղում: 1987թ. ավարտել է Մոսկվայի էներգետիկական ինստիտուտի ցերեկային ասպիրանտուրան: Տեխնիկական գիտությունների թեկնածու է: 1985թ. Մոսկվայում ավարտել է դասախոսների վարպետության բարձրացման համալսարանը:
 
1992թ. մշակված Հայաստանի էներգետիկայի զարգացման համալիր ծրագրի հեղինակներից է: 1995թ.մշակված Հայաստանի ջերմամատակարարման համակարգերի զարգացման հայեցակարգի պատասխանատու  հեղինակներից է: 1997թ. ընտրվել է էներգետիկ ինժեներների միջազգային ասոցիացիայի անդամ(ԱՄՆ): Ստացել է «Վկայագրված էներգետիկ մենեջեր» միջազգային անվանակոչությունը(ԱՄՆ): Տարիներ շարունակ դասախոսել է տարբեր բուհերում: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում բազմիցս եղել է պետական քննական հանձնաժողովի նախագահ: 
 
2000թ. ընտրվել է բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ: Հեղինակ է ավելի քան 200 գիտական աշխատությունների, ինչպես նաև 13 մեծարժեք մենագրությունների, որոնք առընչվում են ջերմամատակարարման և գազամատակարարման համակարգերի, գազատուրբինային կայանքների, ՋԷԿ-երի և ԱԷԿ-ների, ՀԷԿ-երի, կաթսայատների ռեժիմային, էկոլոգիական,ինչպես նաև էներգետիկայի պատմության հարցերին: Հեղինակել է «Հայաստանի ջրաղացները», «Երևան քաղաքի էներգետիկայի պատմությունը», «Հայաստանի  և Արցախի գազամատակարարման պատմությունը», «Երևան քաղաքի փողոցների լուսավորության պատմությունը», «Արցախի էներգետիկայի պատմությունը», Գյումրի քաղաքի էներգետիկայի պատմությունը», «Հայաստանի էներգետիկայի պատմությունը»  քառհատոր արժեքավոր գիտական մենագրությունները:
 
Ս. Պապիկյանի էներգետիկայի բնագավառին նվիրված ուսումնասիրություններն աչքի են ընկնում պրոֆեսիոնալ բարձր մակարդակով,ուսումնասիրվող նյութի քաջ իմացությամբ:Դրանք առանձնանում են քննարկվող առարկայի հանդեպ թարմ և ինքնատիպ մոտեցումներով: Նրա գիտական մենագրությունները մշտական պահպանության են հանձնվել Հայաստանի և Արցախի ազգային արխիվներում, Հայաստանի պատմության թանգարանում, Երևանի պատմության պետական և  այլ թանգարաններում:
 
Էներգետիկայի զարգացման բնագավառում մեծ ներդրում ունենալու համար ընտրվել է Հայկական տեխնոլոգիական, ինչպես նաև գիտատեխնոլոգիական ազգային ակադեմիանների իսկական անդամ: 
 
Համաշխարհային մեծ ճանաչման արժանացած վաստակաշատ  գիտնական է Ստեփան Պապիկյանը: Նրա կողմից մշակվել են ջերմամատակարարման համակարգերի ռեժիմների ուսումնասիրության մի շարք արժեքավոր մեթոդներ, որոնք հնավորություն են տալիս լուծելու բազմաթիվ խնդիրներ հաշվի առնելով ելակետայի տվյալների անորո-շությունը և ռեժիմային հարցեր: Մասնավորապես, հիմնավորել է ռեժիմների վերլուծության միջակայքային մեթոդը,  որը զգալիորեն հեշտացնում է իրականացնել ինժեներական հաշվարկները, հատկապես շուկայական հարաբերությունների պայմաններում: Գիտական աշխատանքները ներդրվել են Մոսկվայի էներգահամակարգում և բազմաթիվ գիտական և նախագծային կազմակերպություններում:
 
Ավելի քան 200 գիտական զեկուցում է կարդացել միջազգային, նախկին համամիութենական և հանրապետական գիտաժողովների ընթացքում (Երևան, Մոսկվա, Թբիլիսի, Բաթումի, Քութաիսի, Խարկով, Կիև, Մինսկ, Ս.Պետերբուրգ, Խերսոն, Բրյանսկ, Օդեսա, Սվերդլովսկ, Տաշքենդ, Ալմա-Աթա և այլ քաղաքներում): 2009թ. գիտամանկավարժական բազմամյա և բեղմնավոր գործունեության համար ստացել է Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսորի գիտական կոչում: Հաշվի առնելով նրա հսկայական ծառայությունները էներգետիկայի զարգացման և կրթության բնագավառում, նրան շնորհվել է Վերնադսկու անվան ոսկե մեդալ (ք.Մոսկվա), իսկ 2010թ․՝ «Գիտության և կրթության վաստակավոր աշխատող» պատվավոր կոչում (ք.Մոսկվա):
 
Ս. Պապիկյանը հսկայական աշխատանք է կատարում Հայաստանում, Արցախում, Վրաստանում հիդրոէլեկտրակայանների, հողմաէլեկտրակայանների, ինչպես նաև արևային էլեկտրակայանների նախագծման և կառուցման բնագավառում: Մինչև օրս նրա նախաձեռնությամբ և ղեկավարությամբ նախագծվել և  կառուցվել են ավելի քան 80 հիդրոէլեկտրակայաններ: Նա Հայաստանի ժուռնալիստների միության և ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի անդամ է: 1996թ. հիմնադրել է «Էներգետիկ լրատու» թերթը:
 
2019 թվականի հուլիսի 17-23-ը Հոնկոնգում (Չինաստան), այնուհետև Մոսկվայում, Եվրոպական մի շարք երկրներում տեղի ունեցած գրքի միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներում Ս. Պապիկյանի գիտական աշխատանքները մեծ հետաքրքրություն ներկայացրեցին և լայն արձաքանք ունեցան: Դրանց  ամփոփագրերը տպագրվել են HONG KONG  BOOK FAIR 2019 և այլ հեղինակավոր կատալոգներում: 
 
ՀՀ ԳԱԱ կողմից 2022թ. գիտամանկավարժական բազմամյա և բեղմնավոր գործունեության համար պարգևատրվել է պատվոգրով:
Արցախի Հանրապետության էներգետիկայի զարգացման գործում ունեցած ակնառու ներդրման համար 2017 թվականին  ԱՀ նախագահի կողմից պարգևատրվել է Արցախի Հանրապետության պետական պարգևով՝ «Երախտագիտություն» մեդալով:
 
Շնորհավորում ենք «Ավանգարդի» վաղեմի բարեկամ Ստեփան Պապիկյանին՝ մաղթելով նորանոր նվաճումներ գիտության բնագավառում և նորանոր հոբելյաններ։