Նախադպրոցական կենտրոններ՝ այլընտրանքային մոդելով

ՀԱՐԹԱՇԵՆ, ՔԱՐԱՇԵՆ ԵՎ ԽՈԶՆԱՎԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԱՎԵԼԻ ՔԱՆ 123 ԵՐԵԽԱ ԱՅՍՈՒՀԵՏ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԿՍՏԱՆԱ

ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Եվրոպական միության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների համագործակցության արդյունքում Սյունիքի երեք գյուղական բնակավայրերում բացվել են նախադպրոցական կրթության կենտրոններ: Այս երեք բնակավայրերում բնակվող երեխաները Հայաստանի մի շարք այլ փոքր գյուղական բնակավայրերի երեխաների նման մանկապարտեզ չունենալու պատճառով բաց էին թողնում այդքան կարևոր վաղ մանկական կրթություն ստանալու հնարավորությունը:
 
- Հայաստանի գյուղական բնակավայրերում բնակվող 3-6 տարեկան երեխաների միայն 16 տոկոսն է մանկապարտեզ հաճախում: Մինչդեռ գիտնականները փաստում են, որ երեխայի ապագայի համար վաղ մանկական կրթությունը չափազանց կարևոր է, այն իսկապես նպաստում է երեխաների կրթական առաջադիմությանը՝ նրանց համար ստեղծելով ապագայում ավելի մեծ հաջողությունների հասնելու հնարավորություն: Շահում են երեխաները, ծնողները, հասարակությունը և մեծ հաշվով, շահում է պետությունը: Ապացուցված է՝ վաղ մանկական կրթության մեջ ներդրված ամեն մեկ դոլարի դիմաց  գրանցվում է 6-ից 17 ԱՄՆ դոլարի վերադարձ,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին:
 
Այսուհետ, Սյունիքի երեք գյուղական բնակավայրերում բնակվող 0-6 տարեկան ավելի քան 123 երեխա, նախքան դպրոց հաճախելը, հնարավորություն կստանա հաճախել այլընտրանքային նախադպրոցական հաստատություն: ՅՈՒՆԻՍԵՖ-ի այլընտրանքային մոդելով ստեղծված այս կենտրոնները ծախսարդյունավետ են և հնարավորություն են տալիս փոքր համայնքներին հեշտությամբ ստանձնել կենտրոնի պահպանման ծախսերը:
 
- Մանկապարտեզ չունենալու խնդիրը Հարթաշենի բնակիչներին ամենահուզող խնդիրներից մեկն էր: Ուրախ եմ, որ այսօրվանից սկսած, համայնքի 3-6 տարեկան 19 փոքրիկներն այլևս կարող են մանկապարտեզ հաճախել հենց իրենց համայնքում, այլևս ստիպված չեն լինի երկար ճանապարհ գնալ, հատկապես ձմռանը և հասնել Գորիս նախադպրոցական կրթություն ստանալու համար: Քիչ-քիչ մեր փոքրիկների համար կարողանում ենք ստեղծել բարեկեցիկ միջավայր, որտեղ իրենց մանկությունն անցնելու է գունեղ, ստանալու են կրթություն, դաստիարակություն: Ի վերջո, սահմանամերձ բնակավայրում մենք լուծում ենք կենսական նշանակության խնդիրներ,-բացման ելույթում ընդգծել է Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը:
 
Իսկ Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը երախտիքի խոսք է հնչեցրել՝
 
- Այսօր Տեղ համայնքի երկու բնակավայրերում՝ Քարաշենում և Խոզնավարում մեծ տոն է: Վերջապես այս բնակավայրերում էլ բացվեց նախադպրոցական կենտրոն, որտեղ ամեն ինչ կա, որ Քարաշենում 21, իսկ Խոզնավարում 24 երեխա հաճախեն, խաղան, կարդան, սովորեն: Ի դեպ, Խոզնավարի նախակրթարանը հիմնելու գործում մեզ օգնել է նաև Գերմանիայի դեսպանատունը: Համայնքի բոլոր բնակիչների անունից շնորհակալ ենք այն բոլոր կազմակերպություներին և մարդկանց ում լուման կա այս բարի ու կարևոր գործում։
 
- ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործընկեր նախարարությունների և այլ գործընկերների հետ դեռ 2015 թվականին սկսեց փորձարկել այս մոդելը: Այլընտրանքային մոդելով նախադպրոցական կենտրոններ հիմնվել են արդեն 16 գյուղական համայնքներում: Եվրոպական միության աջակցությամբ մինչև 2023 թ-ի ավարտը ևս 25 գյուղական համայնքի երեխաներ կկարողանան հաճախել այլընտրանքային մանկապարտեզներ: Սրանով ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև նպաստում է ազգային ծրագրին, այն է՝ հասնել նախակրթարաններում 70 տոկոս ընդգրկվածության և դրանով իսկ նվազեցնելով գյուղական վայրերի և երկրի այլ բնակավայրերի միջև առկա նախադպրոցական ընդգրկվածության միջև եղած տարբերությունը, - ամփոփել է տկն Մեստրոնին:
 
Բացի այդ, Արգենտինայի հայ համայնքի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը աշխատանքներ է իրականացնում Գորիսի թիվ 5 մանկապարտեզը վերանորոգելու և կահավորելու ուղղությամբ, որպեսզի երեխաները սովորելու համար ապահով և անվտանգ միջավայր ունենան: Վերանորոգման արդյունքում համայնքը կկարողանա ավելի շատ երեխաների ընդունել մանկապարտեզ: