«Մենք հաստատակամ ենք ու միահամուռ»

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՊՐՆ. Ն.ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած աննախադեպ հեղափոխության միջոցով հասարակության մեջ ապատիկ թմբիրից վերազարթնեց ազատության, անկախության և արարման հայկական ֆենոմենալ գենետիկ կոդը: Այդ քաղաքական դաշտի զարթոնքի նախաձեռնողը, իրականացնողը Դու՛ք եք ժողովրդի անմիջական օժանդակությամբ: Ստեղծված բարենպաստ քաղաքական մթնոլորտը, ըստ Ձեր իսկ արտահայտության, անհրաժեշտ է ամրապնդել տնտեսական դաշտի զարթոնքով, զարգացմամբ և կայունացմամբ, իրականացնելով նմանատիպ տնտեսական հեղափոխություն: Սակայն ընդհանուր տնտեսության զարգացումը հիմնված և կառուցված է առանձին ոլորտների, ճյուղերի, ընդհուպ մինչև մասնագիտությունների ամրապնդման և զարգացման վրա: Անվիճելի է, որ մասնագիտության զարգացումը ի վիճակի են ապահովել միայն համապատասխան նեղ մասնագետները, մասնագիտական կոլեկտիվները:
 
Դիմելով Ձեզ, ակնկալում ենք Ձեր հանձնարարականը համապատասխան պատկան մարմիններին, մեր մասնագիտական բնօրրանի՝ «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի» մասնավորեցման մրցույթում առաջնահերթությունը տալ կոլեկտիվին՝ պահպանելու և զարգացնելու համար ՀՀ 100-ամյա վաղեմություն ունեցող մեր ծառայությունը: 
 
Մենք հասկանում ենք, որ բիզնես շահութաբերությամբ մեր մասնագիտությունը խիստ զիջում է առողջապահության մնացած ոլորտներին, և կոլեկտիվից բացի ցանկացած այլ գնորդի պարագայում տեղի կունենա մասնագիտական ծառայության հոգեվարք և աստիճանական մահ, անկախ սեփականատիրոջ գրավոր կամ բանավոր խոստումներից և հավաստիացումներից: 
 
Շատ կարևոր է այն հանգամանքը, որ առ այսօր Հայաստանի Հանրապետությունում չի եղել նմանատիպ այլ մասնավորեցում, այսինքն մինչ այս մասնավորեցված բոլոր բժշկական հիմնարկները եղել են սովորական «շարքային» հիվանդանոցներ, որոնցից որևէ մեկի գործունեության լավ կամ վատ, անգամ ամբողջական անգործությունը չի խաթարել առողջապահական համակարգի որևէ առանձին ոլորտի գործընթացի բնական ռիթմը: Կոնկրետ մեր կենտրոնի մասնավորեցումը (որը պետության համար էլ, հասկանալի պատճառներով ստիպված, հարկադրական միջոցառում է, քանի որ մինչ այս գոյություն ունեցող միայն պետական, բյուջետային ֆինանսավորմամբ պահպանել ու իրականացնել զարգացում, գրեթե անհնար է) առաջինն է ու խիստ սպեցիֆիկ, քանի որ ՀՀ-ում 100 ամյա պատմություն ունեցող մի ոլորտ՝ մաշկասեռավարակաբանությունը, որը ինչ-ինչ պատճառներով այսօր կենտրոնացած է 50-ամյա վաղեմության վատթար  շենքային պայմաններում գործող հիմնարկում, որտեղ աշխատում է մասնագիտությանը նվիրված 110 հոգանոց անձնակազմ, տարեկան ցուցաբերելով բժշկական օգնություն և սպասարկում շուրջ 13000 պացիենտների, առողջացնելով, բուժելով, կամ լավացնելով քրոնիկ սիստեմային, աուտոիմուն, ամբողջ, կամ որոշակի հատվածների՝ մաշկային ծանրագույն հիվանդների տառապանքները, դիտարկել որպես հերթական մի բուժ հիմնարկ, որը գնելով ու գրագետ մենեջմենթի արդյունքում ստանալ բիզնես եկամուտներ՝ օրինակ ունենալով արդեն մասնավորեցված բժշկական կենտրոնների աշխատանքը, անընդունելի է, քանի որ կրկնում ենք, գործ ունենք մի ամբողջ առողջապահական ոլորտի և ծառայության հետ: Մեծ հավանականությամբ հենց նման բիզնես մտածողությամբ էլ առաջնորդվում են հնարավոր արդեն մասնավորեցման հայտ ներկայացրած կամ ներկայացվելիք դիմորդները:
 
Սակայն մենք լիահույս ենք և վստահ, որ պետությունը հասկանում է մի ամբողջ ոլորտային ծառայության պահպանման ու զարգացման անհրաժեշտությունը, և մասնավորեցման ՀՀ կառավարության որոշման նախագիծը չի ներկայացվի որպես բուժ. հիմնարկի մասնավորեցման հերթական գրավիչ բիզնես առաջարկ՝ «ով ավելի շատ և շուտ կվճարի» սկզբունքի վրա կառուցված:
 
ՀՀ «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի» 110 հոգիանոց կոլեկտիվը դիմում է Ձեզ՝ խնդրելով հիմք ընդունել վերը նշված ազգապահպան և մեծ իմաստով նաև պետականամետ հանգամանքը, հաշվի առնելով նաև երկրում փոխված իրավիճակը՝ ժողովուրդի՝ իշխանության լինելու և պետության կողմից հասարակության ձայնը լսելու կարևորագույն վստահությունը:
 
Մենք հաստատակամ ենք ու միահամուռ, մեր մասնագիտական ծառայությունը պահպանելու, զարգացնելու, ինչպես նաև մեր իրավունքները պաշտպանելու հարցում:
 
Մեծարգո  պարոն Վարչապետ
 
Հասկանում ենք Ձեր հսկայական աշխատանքային ծանրաբեռնվածությունը և զբաղվածությունը, սակայն վստահ ենք, որ կտրամադրեք 15 րոպե ժամանակ, ընդունելու կոլեկտիվի անդամների փոքր խմբին՝ բանավոր, հանգամանալից քննարկում իրականացնելու համար:
 
Հարգանքով՝ Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի տնօրեն Միքայել ՍԱՀԱԿՅԱՆ