Նորից համաժողովրդական տոն կդառնա՞ Մայիսի 1-ը

Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը Հայաստանում շարունակում են նշել, բայց ավելի շատ՝ որպես անցյալի բարի հիշողություն: Պատճառը մեկն է՝ վերջին 30 տարում, երբեմնի աշխատավորաշատ ձեռնարկությունների փակմամբ աշխատանքը դադարեց ապրելու նախապայման լինել, իսկ աշխատավորը՝ պետական հոգածության սուբյեկտ: Ապրելակերպ ասվածն էլ դարձավ պայմանական՝ ով ինչպես կարող է:
 
Հետևանքները հայտնի են՝ զանգվածային աղքատություն, արտագաղթ, կյանքի «լուսանքում» հայտնվածների ստվար բանակ… Ամենակարևորը՝ հայ մարդը կորցրեց հետաքրքրվածությունն աշխատանքի հանդեպ՝ վերածվելով ցածր որակավորմամբ աշխատուժի. ոմանք չխորշեցին մուրացկանությամբ վաստակել հանապազօրյան, ոմանք բարերար կոչվածների նետած մանրադրամով բավարարվեցին: Իսկ աշխատանք հայթայթողների համար էլ աշխատանքային իրավունքներ ասվածը սահմանափակվեց սոսկ գործատուին հաճոյանալու շրջանակում՝ մի կերպ գտածը չկորցնելու վախով:
 
Առաջին հայացքից գուցեև ոչ այնքան էական, բայց իրականում խորքային ծալքեր ունեցող մի փաստ չանտեսենք: Արժանահիշատակ Հրանտ Վարդանյանը տասնամյակներ առաջ արժանապատիվ աշխատանքով ապահովեց հայրենակիցներին՝ յուրաքանչյուր Մայիսի 1-ն իսկական տոն դարձնելով նրանց համար, մեծարելով աշխատանքն ու աշխատավորին: Ի պատիվ հոր գործը շարունակող նրա որդիների՝ այդ ավանդույթը պահպանվում է մինչ օրս: «Գրանդ հոլդինգի» կազմակերպած տոնակատարության մասին պատմող լուսանկարներից հանդարտադեմ տարեց կանանց ու տղամարդկանց ժպտուն հայացքներն իսկ հուշում են աշխատանքի կարևորումն ու գոհունակությունը: Ու նաև այն, որ այնտեղ աշխատողի իրավունքները չեն ոտնահարվում: Մինչդեռ քանի՞ գործարար է նույն շուքով տոն պարգևում իր ձեռնարկությունում աշխատողներին…
 
Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձում, իհարկե, հուսադրող տողեր կան.
 
- …Մեր հիմնական գործիքակազմը պետք է լինի քաղաքացիներին, մարդկանց խրախուսելը՝ աշխատելու, գործելու, տնտեսական գործունեություն ծավալելու, հավատալու սեփական ուժերին և հաջողությանը։ Մեր քայլերն ուղղված են լինելու յուրաքանչյուր քաղաքացու տնտեսական վարքագիծը փոխելը՝ ինչպես տնտեսական գործունեության օբյեկտ, այնպես էլ տնտեսական գործունեության սուբյեկտ հանդիսանալու պարագայում։
 
Մենք պետք է բոլորով շարժվենք այդ նպատակի իրականացման ուղղությամբ, ուղղենք մեր մեջքը, հավատանք մեր ուժերին և մեր աշխատանքով հարստանանք և հարստացնենք։
Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում է նաև աշխատողների իրավունքների պաշտպանությունը, և մենք այդ ուղղությամբ ևս նախատեսում ենք իրականացնել հետևողական քայլեր:
 
Մեր երկրում իրավիճակ է փոխվել, սակայն դեռևս հիմնավոր է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանի այն նկատառումը, որ որևէ հետազոտություն կամ վիճակագրություն չի արվել, որը կներկայացնի Հայաստանում գրանցված աշխատանքային իրավունքի ոլորտի զարգացումը, հետընթացը, առկա խախտումները: 
 
Իրավախորհրդատուի ներկայացրած աշխատանքային իրավունքի ամենատարածված հինգ խախտումները, գուցեև նվազելու միտում ունեն, սակայն հազիվ թե իսպառ բացառվեն այնքան ժամանակ, քանի դեռ աշխատանք կոչվող անհրաժեշտությունը հասանելի չէ բոլորին: 
Իսկ այդ խախտումները հայտնի են բոլորին՝ առանց ձևակերպան կամ անօրինական աշխատող պահելը, աշխատանքային պայմանագրում աշխատավարձի ոչ իրական չափի նշումը, առանց հիմքի ժամկետային պայմանագիր կնքելը, անխտիր բոլոր աշխատանքի ընդունվողների համար փորձաշրջան սահմանելը, աշխատողին անհիմն արտաժամյա աշխատանի ներգրավելը և չվճարելը: Եվ այս բոլորը՝ ի վնաս աշխատողի, որն ընտրության հնարավորություն չունի:
 
- Հայ ժողովուրդը մշտապես աչքի է ընկել իր աշխատանքով, ջանասիրությամբ, եռանդով ու ստեղծագործական մտքով։ Համոզված եմ, որ միասին կհասնենք մեր նպատակների իրականացմանն ու մեր աշխատանքով կզարգացնենք ու կշենացնենք մեր երկիրը,- իր ուղերձում համոզմունք է հայտնել վարչապետ Ն. Փաշինյանը: 
 
Հուսա՛նք: