Շարունակվում է Արսեն Թորոսյանի աշխատանքային այցը

Եռօրյա այցի շրջանակներում Արսեն Թորոսյանը եղել է նաև Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորումում, որտեղ արտագնա դասընթացների մասնակից չորս տասնյակ բժիշկների նախարարը հանձնել է ավարտական վկայականներ:
Միաժամանակ, երկու հանրապետությունների առողջապահության նախարարները շրջել են մանկական բուժմիավորումում, տեսակցել ստացիոնար և վերակենդանացման բաժանմունքներում բուժում ստացող երեխաներին:
Հաջորդիվ Արսեն Թորոսյանն այցելելու է Շուշիի տեխնոլոգիական համալսարան և մասնակցելու է Վազգեն Սարգսյանի հիշատակի երեկոյին:
Հիշեցնենք, որ Արցախ կատարած եռօրյա այցի շրջանակում նախարարն արդեն իսկ հանդիպել է Արցախի առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանին, Պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանին, պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանին, ինչպես նաև եղել է Մարտունու զինվորական հոսպիտալում և Մարտունու բժշկական կենտրոնում: