Ոչ Աստված կա, ոչ էլ՝ օրենք

Այսօր անցկացված բողոքի ակցիան ընդդեմ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի էր, որոնց թույլտվությամբ Խորենացի 13-ում տեղակայված նախկին Լուսավորության նախարարության շենքի պահպանված մասը քանդվում է:
 
Ակցիայի կազմակերպիչ Նարեկ Սամսոնյանն ընդգծել է, որ շենքը մշակութային ժառանգության բավականին հետաքրքիր տարր է ու պետք է պահպանել այն։
 
- Հայկ Մարությանն այդ շենքի հետ կապված հստակ շահեր ունի։ Հնարավոր է՝ դա ձեռնտու է կողքի հյուրանոցին կամ Մարությանի ընկերներից մեկին, ինչ ասես կարելի է ենթադրել,- ասել է Ն. Սամսոնյանը՝ բավարար հիմնավորում չհամարելով հայտարարություններն առ այն, թե շենքի հիմքը թույլ է:
 
Խնդրին անդրադարձել է նաև «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ.
 
- Կրկին Երևանում լսեցինք պատմամշակութային ժառանգություն հանդիսացող շինությունների ոչնչացման  ձայն: Սահմռկեցուցիչ, ոչնչացնող այդ ձայնը, գալիս է մեր պատմության հեռավոր անցյալից` դա քաղաքակրթության դեմ պատերազմն է: Այսօր այս ձայնը ազդարարում է քաղաքակիրթ ժողովրդի դեմ ամբարտավան իշխանության «դուխով» արշավանքը:
 
Մեր տարածաշրջանում բարբարոսների արշավանքը հատկապես ընդգծվում է պատմամշակութային ժառանգության ոնչնչացմամբ՝ Ադրբեջան պետությունը բնաջնջեց հազարավոր խաչքարեր, Թուրքիա պետությունը ոչնչացրեց հազարավոր եկեղեցիներ, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ավիրեց հնագույն Պալմիրա, Նեմրութ քաղաքների շինությունները և հնագույն այլ հուշարձաններ։ Պալմիրայիում բարբարոսները ավիրեցին հնագիտական բացառիկ արժեք ներկայացնող քաղաքի Հաղթական կամարը։ Հին ժողովուրդների մոտ, որոնցից են հայերը՝  կամարը ունի տոնականության խորհրդանիշ:
 
Բարբարոսության բացառիկ օրինակ է Երևանի քաղապետարանի կողմից տրված՝ Խորենացու 13 հասցեում, «Շիրակ» հյուրանոցի հարևանությամբ գտնվող շենքի ճակատային մասի քանդման թույլտվությունը, որը 2004 թվականին շենքի անօրինական ապամոնտաժումից հետո պահպանվել էր (շենքը կառուցվել է 1950  թվականին, այդ շենքում գործել է Լուսավորության նախարարությունը): Շենքի ճակատային մասը  բացառիկ է իր կամարներով, որոնց գույնը և քանդակները մեզ տանում են դեպի մեր հազարամյակների քաղաքակրթության ակունքեր:
 
Երևանի քաղաքապետարանը մի քանի օր առաջ շենքի ճակատային հատվածը ապամոնտաժելու և տեղում ստորգետնյա հարկերով՝ բազմահարկ բիզնես կենտրոն կառուցելու նպատակով թույլատրել է իրականացնել քանդման աշխատանքեր: Այս պահին հատուկ տեխնիկայի միջոցով բարբարոսաբար քանդում են կամարները:
 
2004 թվականից Երևանի կենտրոնում որբ մնացած այս շինությունը գուցե հրաշքի շնորհիվ՝ Աստծո կամոք չէր քանդվել, կամ Երևանը քանդող նախորդ իշխանության ձեռքը չգնալու պատճառով այդ հոյակերտ շինության կամարները քանդելու համար թույլտվություն չէր տրվել: 
 
Աստծո կամքը մեզ երկար է պաշտպանել, սակայն այն չի կարող լինել հավերժ, եթե չլինի օրենքի գերակայության ուժի գիտակցումը: 
 
Կրկին օրենքի անտեսում և իրավագիտակցության բացակայություն: