Դատական հայց ձևակերպել Ադրբեջանի Հանրապետու¬թյան նկատմամբ

ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ ԱՅՆ ՓԱՍՏԸ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՆԴԵՊ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱ¬ՆԱՑՐԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է

Հայաստանի Հանրապետության նախագահ
Արմեն Սարգսյանին, Վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին ուղղված նամակում 
ԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ (ՀԱՀ) շարժման նախաձեռնող խումբն առաջարկել է հրաժարվել «Մադրիդյան սկզբունքներից» և Արցախյան հարցի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից իրականացվող միջնորդական առաքելությանը զուգահեռ գործընթաց սկսել Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ դատական հայց ձևակերպելու ուղղությամբ՝ դրա համար հիմք ընդունելով այն փաստը, որ Ադրբեջանը հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանություն իրականացրած պետություն է:
 
Ադրբեջանի Հանրապետությանը միջազգային ատյաններում պատասխանատվության կանչելու կոչով ՀԱՀ-ի դիմում-առաջարկին նաև միացել են «Խազեր», «Զարթոնք», «Դաշինք», «Վահագն ռազմահայրենասիրական» կազմակերպությունները։
 
- ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ շարժման նախաձեռնող խումբը ՀՀ Նախագահին, ՀՀ կառավարությանը և ՀՀ Ազգային Ժողովին առաջարկում է Արցախյան հարցի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից իրականացվող միջնորդական առաքելությանը զուգահեռ գործընթաց սկսել Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ դատական հայց ձևակերպելու ուղղությամբ՝ այն ՄԱԿ-ի հովանու ներքո գործող միջազգային դատական ատյաններին ներկայացնելու նպատակով, դրա համար հիմք ընդունելով այն փաստը, որ Ադրբեջանը հայ ժողովրդի հանդեպ ծանր հանցագործություն իրականացրած պետություն է: Դա մասնավորապես արտահայտվել է 1988-1994 թթ. ընթացքում Ադրբեջանի կողմից իր իսկ տարածքում իրականացված Ադրբեջանի հայ քաղաքացիների էթնիկ զտումների, ջարդերի և սեփականության կողոպուտի կազմակերպման, հայկական պատմամշակութային արժեքների ոչնչացման անմարդկային գործողություններով: Ադրբեջանն այդ գործողություններն իրականացրել է պետական ուժային կառույցների և իշխանությունների կողմից կազմակերպած խուժանի ու քրեական ուժերի միջոցով: 
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ շարժման նախաձեռնող խումբն առաջարկում է քայլերի հետևյալ հերթականությունը. 
 
1. Անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն անհապաղ օրակարգի հարց դարձնի և ընդունի «Օրենք՝ հայ ժողովրդի հանդեպ ադրբեջանական իշխանությունների կողմից խորհրդային ժամանակաշրջանում և այնուհետև (հատկապես 1988-1994 թթ.) իրականացրած ցեղասպանությունը ճանաչելու և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու մասին», հիմք ընդունելով այն փաստը, որ 1988 թվականից սկսած Ադրբեջանի Հանրապետության իշխանությունները կազմակերպված ձևով սպանդի ու բռնի արտագաղթի են ենթարկել Ադրբեջանի հայազգի քաղաքացիներին, և այդ ցեղասպանական գործողությունները շարունակել են կիրառել այսօրվա Արցախի Հանրապետության տարածքում բնակվող հայ խաղաղ բնակչության նկատմամբ՝ օգտագործելով զանգվածային ոչնչացման միջազգայնորեն արգելված զենքեր: Ցեղասպանության հատկանիշ պարունակող արարքները՝ հայ էթնոսի նկատմամբ ատելության հրահրում, զանգվածային սպանություններ, հայկական մշակութային արժեքների համակարգային ոչնչացում, մշտական հակահայկական քարոզարշավ Հայաստանի Հանրապետության պետականության, պատմության և մշակութային արժեքների դեմ, որոնք նույնիսկ ուղեկցվել են ադրբեջանական դպրոցական և բուհական դասագրքերում ատելության քարոզով և պատմության խեղաթյուրմամբ, շարունակվել են հետագա տարիներին ևս (օրինակները բազմաթիվ են՝ ՀՀ բանակի սպա Գուրգեն Մարգարյանի կացնահարումը Բուդապեշտում, 2016թ. Քառօրյա պատերազմի օրերին ՀՀ բանակի վիրավոր և զոհված զինվորների գերեվարումը, դիակների  գլխատումն ու այլանդակումը և այլն):
 
Հայատյացությունը Ադրբեջանում վերածվել է պետական քաղաքականության: Ադրբեջանի պետության ղեկավար Ի․ Ալիևի կողմից հնչում են Հայաստանի Հանրապետության պետականությունն ու հայ ժողովրդի ներկայացուցիչներին վերացնելու կոչեր և ի լուր համայն աշխարհի հայտարարում են, որ Հայաստանի հայերը բնակվում են ադրբեջանական պատմական տարածքների վրա և ոչ թե հակառակը։ Հայ ժողովրդի նկատմամբ թշնամանքի և անհանդուժողականության սերմանման հռետորաբանությունն ամենօրյա իրականություն է Ադրբեջանի քաղաքական, մշակութային և կրթական կյանքում:  
 
2. Հիմք ընդունելով ՄԱԿ-ի՝ 1948 թվին ընդունած «Ցեղասպանություն հանցագործությունը կանխելու և այն պատժելու մասին», ինչպես նաև 1968 թվին ընդունած «Մարդկության դեմ իրականացրած հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» կոնվենցիաները, անհրաժեշտ է՝ միջազգային դատական ատյան դիմելու համար լրջորեն նախապատրաստվել և, օգտագործելով համայն հայության և արտերկրի միջազգային իրավունքի և դրան առնչվող այլ ոլորտների մասնագետների հնարավորությունները Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների՝ մարդկության և հայ ժողովրդի դեմ իրականացրած հանցագործությունների կապակցությամբ կազմել հայկական կողմի իրավաբանորեն անթերի, գրագետ ձևակերպված դատական հայց:
 
3. Անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ իրականացնելուց հետո, անհրաժեշտ ենք համարում Հայաստանի Հանրապետության կառավարության անունից այդ հայցով պաշտոնապես դիմել միջազգային դատական ատյան՝ 1988-1994 թթ. և այնուհետև՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում և հայահոծ այլ բնակավայրերում հայերի հանդեպ էթնիկ զտումներ, ջարդեր, կողոպուտ կազմակերպելու համար: Միջազգային դատական ատյանին պետք է ներկայացվեն թե՛ բուն Ադրբեջանի և թե՛ Նախիջևանի տարածքներից Հայաստանի Հանրապետության և Արցախի խաղաղ բնակչության հանդեպ զանգվածային ոչնչացման զենքերի օգտագործման, ցամաքից և օդից հայկական բնակավայրերի տևական ռմբակոծման և գնդակոծման բազմաթիվ փաստերը: 
 
Անհրաժեշտ է անդրադարձ կատարել նաև նաև ԽՍՀՄ-ի կողմից իրականացված «դասակարգային թշնամիների դեմ պայքարի» բոլոր փուլերում ադրբեջանական խորհրդային իշխանությունների դրսևորած Թուրքիային համահունչ հակահայկական բծախնդիր քաղաքականութ-յանը՝ Նախիջևանի և Դաշտային Արցախի հայաշատ վայրերի հայաթափման և նրանց դեպի Սիբիր ու խորհրդային միջինասիական հանրապետություններ աքսորելու միջոցով՝ ցեղասպանություն իրականացնելու մեղադրանքով:
 
4. Ադրբեջանական կառավարությունների կողմից էթնիկ հայերի հանդեպ իրականացրած ցեղասպանությունն ապացուցող հատկանիշներով փաստերի փաթեթ ներկայացնել մարդու իրավունքների պաշտպանության ու դրա գաղափարախոսությամբ առաջնորդվող միջազգային շահագրգիռ կազմակերպություններին: Հիմք ընդունելով ՄԱԿ-ի ընդունած՝ ցեղասպանության կանխարգելման և դատապարտման, ինչպես և ցեղասպանության պատասխանատվության համար վաղեմության ժամկետ չկիրառելու մասին կոնվենցիաները՝ անհրաժեշտ է միավորել աշխարհասփյուռ հայկական հասարակական-քաղաքական շրջանակների տեղեկատվական կարողությունների ողջ ռեսուրսը և ամբողջ աշխարհի ազգաբնակչությանը իրազեկելու նպատակով երկարատև քարոզարշավ սկսել Ադրբեջանի կառավարությունների կողմից մարդկության և հայ ժողովրդի հանդեպ իրականացրած հանցագործությունների բացահայտման, իրավական դատապարտման և փոխհատուցման նպատակով:
 
5. Սկզբունքորեն հրաժարվել Արցախյան հիմնահարցի լուծման այսպես կոչված «Մադրիդյան սկզբունքներից», քանի որ որևէ երրորդ կողմի կողմից Արցախի հետագա ենթակայության առաջարկի փութաջան սատարումը Ադրբեջանի կազմում ոչ այլ ինչ է, եթե ոչ հայ ժողսովրդի մի հատվածի հետագա ոչնչացման նախապայմանների ապահովում՝ նո՛ւյն հայոց ցեղասպանության շարունակման շրջանակներում։ Անհրաժեշտ է օգտագործել պատմական բոլոր փաստերը և Ադրբեջանի վարած քաղաքականությունն ըստ ամենայնի կապել Թուրքիայի հակահայկական քաղաքականության հետ և, մերկացնելով ու իմաստավորելով նրանց ակնհայտ դաշնակցությունն ու համագործակցությունը հայ ժողովրդի ցեղասպանության իրականացման նպատակի շուրջ՝ դրանք հայտարարել 100 և ավելի տարիներ ընթացող հայոց ցեղասպանության շարունակականություն:
 
Արցախը սովորական տարածք չէ, այլ՝ հայոց հայրենիքի ԱՆԲԱԺԱ՛Ն մաս, որը խորհրդային իմպերիայի և նրա դաշնակից Թուրքիայի քաղաքական նպատակների թելադրանքով անիրավականորեն օտարվել է Հայաստանից՝ հակասելով միջազգային իրավունքի անբեկանելի հիմնադրույթներին։