ՄԵՏԱՂԱԴՐԱՄԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԻՆ ՆԱՅԵՔ

«Հռիփսիկ ծյոծյայի» ուրվականը՝ կառավարությունում

Ցուցանիշների և տվյալների նկատմամբ  շատ յուրօրինակ վերաբերմունք ունի ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը: Բանն այն է, որ կառավարության անդամը վերջերս ասել է, թե մեր երկրում գործազրկությունը նվազում է:  
 
Լուրը, իհարկե, ուրախալի է, բայց հետաքրքիր է, թե ինչի հիման վրա է  գործադիր մարմնի անդամը  այդպիսի հայտարարություն անում:  Փոխնախարարը, որպես հիմնավորում, հիշեցրել  է1800 աշխատատեղի ստեղծման մասին: 
Իսկ թե ինչքան աշխատատեղ է փակվել  վերջին 1-2 տարվա ընթացքում, քանի  ՓՄՁ ներկայացուցիչ է  հեռացել Հայաստանից՝ իր տնտեսական ներուժն ու եռանդը հետն այլ երկիր տանելով,  Հովհաննես Ազիզյաննխոստովանել է, որ տվյալներ չկան: Ապա պնդել է՝  անպայման  դրական տեղաշարժ կլինի: Լավատեսությունը ողջունելի է, բայց  խնդրին միակողմանի նայելը՝ միայն գեղեցիկ թվեր ներկայացնելու, հույսեր ներշնչելու համար՝ անհասկանալի է: Առավելևս, որ վարչապետ Կարեն Կարապետյանը այդ մոտեցման  կողմնակիցը չէ: Հիշենք հենց առաջին օրերին նրա հնչեցրած գնահատականը՝  երկրի վիճակը ծանր է, չափազանց ծանր:
Ի դեպ, այս պատմությունը հիշեցրեց նախորդ տարի ԱԺ-ում կառավարության մեկ այլ անդամի հայտարարությունը: Գործադիր մարմնի անդամն անկեղծ ասել էր, որ տնտեսական աճ ունենալու համար  հաջողություն է   պետք:  ԱԺ–ի ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի դիպուկ պատասխանը չուշացավ.
 
- Կառավարությանը հորդորում եմ գնալ 3-րդ մաս, Հռիփսիկ ծյոծյայի մոտ: Լավ մոմ է թափում: Նա կասի` հաջողություն կլինի՞, թե՞ ոչ:
 
Տպավորությունն այն է, թե մոմ թափողի ուրվականը դեռ շրջում է գործադիր մարմնում: Հուսանք՝ գոնե այս անգամ  աներևույթ  տիկին Հռիփսիկի փոխարեն վարչապետի հետևողական պահանջկոտությունը ապավեն կլինի կառավարությանը և կսթափեցնի դրա անդամներին: