Դպրոցների վերակազմակերպման որոշումները կայացվել են ոչ ժողովրդավարական եղանակով

ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ԽՆԴՐԻՆԵՐԸ

Հայաստանում 2017 թվականից սկսված դպրոցների օպտիմալացման գործընթացն ուղեկցվում է բազմաթիվ խնդիրներով, որոնք լրջագույն խախտումների ռիսկեր են պարունակում:
 
Չնայած նրան, որ օպտիմալացման նպատակը թերբեռնված դպրոցները միացնելու միջոցով կրթության որակը բարձրացնելն ու պետական միջոցները խնայելն է, գործընթացի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ շատ դեպքերում դպրոցների վերակազմակերպումն առաջ է բերել շատ ավելի մեծ խնդիրներ:
 
Ըստ «Հանրային քաղաքականության ինստիտուտ» (ՀՔԻ) ՀԿ
«ՀՀ-ում դպրոցների օպտիմալացման գործընթացի մասնակցային մոնիտորինգ» զեկույցի, 2017 թվականին ՀՀ կառավարությունը, ի հակասություն նախկինում բարձրաձայնված սկզբունքների, դպրոցների օպտիմալացում՝ վերակազմակերպում է իրականացրել նաև գյուղական համայնքներում, որտեղ էլ ավելի շատ են մտահոգության առարկա դարձած խնդիրները:
 
Դժվարություններ ճանապարհին
 
Այսպես, ըստ նույն զեկույցի, գյուղական դպրոցների վերակազմակերպումը սահմանափակում է գյուղաբնակ երեխաների կրթություն ստանալու հնարավորությունները, ինչպես նաև՝ նրանց համար կրթության կազմակերպման ավելի ցածր ստանդարտներ է նախատեսում (կրթության միջավայրի, ենթակառուցվածքների և այլ պայմանների առումով): 
 
Մասնավորապես, ինչպես նշվում է զեկույցում, գյուղական համայնքներում աշակերտների տեղաշարժը՝ դեպի այլ համայնքների դպրոցներ, ռիսկեր է պարունակում երեխաների կյանքի և առողջության համար: Այդ ռիսկերն առավել ակնհայտ են բարձր լեռնային շրջանների բնակլիմայական վատ պայմաններում (օրինակ՝ ձնաբքի պայմաններում փակված ճանապարհներին մնալու վտանգը): Ընդհանուր առմամբ, դպրոցների վերակազմակերպման բոլոր դեպքերում միջինում 2 անգամ աճել է սովորողների տեղաշարժի համար անհրաժեշտ ժամանակը: Ուսուցիչները, որոնց աշխատավայրը փոխվել է, նույնպես ավելի շատ ժամանակ են ծախսում աշխատանքի գնալու և վերադառնալու վրա:
 
Բացի դա, զեկույցում հետազոտված մարզային համայնքներում դպրոցի օպտիմալացման հետևանքով մի քանի ընտանիքներ տեղափոխվել են այլ համայնքներ (այդ թվում՝ արտերկիր):
 
Խտրականություն
 
ՀՔԻ-ի զեկույցում նշվում է նաև, որ հետազոտված որոշ դպրոցնում եղել են տեղափոխված աշակերտների նկատմամբ խտրականության ու պիտակավորման ակնհայտ դրսևորումներ (թե՛ ուսուցիչների, թե՛ այլ աշակերտների ծնողների կողմից): Հարմարման և սոցիալական լարվածության խնդիրները, պակաս չափով, բնորոշ են եղել նաև ուսուցիչների՝ նոր կոլեկտիվներում ներառմանը: Կոնֆլիկտային իրավիճակների հիմնական պատճառը սահմանափակ ժամաքանակի վերաբաշխումն է՝ նոր ուսուցիչներով համալրված կոլեկտիվներում, քանի որ ավելի քիչ ժամաքանակների դեպքում ուսուցիչներն ավելի քիչ են վարձատրվում:
 
Այլ խնդիրներ
 
Հետազոտության արդյունքում չեն բացահայտվել դպրոցների վերակազմակերպման շնորհիվ կրթության որակի բարելավման կոնկրետ դրսևորումներ: Հակառակը, առաջացել են կրթության որակի վրա բացասաբար ազդող գործոններ, մասնավորապես՝ երեխաների ադապտացիոն խնդիրները (պայմանավորված մանկավարժական և ընկերական միջավայրի փոփոխությամբ) և նոր դասարաններում երեխաների բարձր թվաքանակը (ցածր խտությամբ դասարաններում ուսուցիչներն անհատական մոտեցում են ցուցաբերում յուրաքանչյուր աշակերտի): Նաև. զեկույցում ուսումնասիրված վեց դպրոցներից երեքում, ըստ շահառուների գնահատման, իրավահաջորդ դպրոցի շենքային և գույքային պայմաններն ավելի վատն են, քան՝ փաստացի փակված դպրոցի համանման պայմանները:
Հարկ է նաև նշել, որ դպրոցների վերակազմակերպման որոշումները կայացվել են ոչ ժողովրդավարական եղանակով, կրթության անմիջական շահառուների կարծիքը հաշվի չի առնվել և չի ուսումնասիրվել՝ որոշումները նախապատրաստելիս:
 
Առաջարկություններ
 
Զեկույցի հեղինակներն առաջարկում են անհապաղ դադարեցնել ՀՀ-ում դպրոցների վերակազմակերպման ներկայիս գործընթացը: 
Հեղինակների համոզմամբ, դպրոցների օպտիմալացումը պետք է լինի կրթական առավել լայն բարեփոխումների մի մասը: Դպրոցի վերակազմակերպումը պետք է դիտարկվի որպես ածանցյալ խնդիր, բազմաթիվ քայլերից մեկը՝ կրթության որակի ապահովման ավելի ընդգրկուն վերջնարդյունքին հասնելու ճանապարհին: 
 
Զեկույցի հեղինակները նշում են, որ դպրոցների վերակազմակերպման գործընթացը շարունակելու պարագայում անհրաժեշտ է հանրությանը ներկայացնել համապարփակ ծրագիր, որտեղ պատասխաններ կլինեն նաև վերը նշված խնդիրների վերաբերյալ, որտեղ գյուղական համայնքներում դպրոցների վերակազմակերպում կլինի միայն ծայրահեղ դեպքերում, իսկ յուրաքանչյուր դպրոցի վերակազմակերպման որոշմանը պետք է նախորդի դրա նպատակահարմարության, հնարավոր դրական ու բացասական հետևանքների, ռիսկերի մանրակրկիտ վերլուծություն:
 
Ուշագրավ է զեկույցի հեղինակների նաև այն առաջարկությունը, համաձայն որի, որոշ դեպքերում կարող է ընդունելի լինել վարչական օպտիմալացման մոտեցումը, օրինակ՝ մի քանի դպրոցներ կարող են միավորվել որպես մեկ իրավաբանական անձ՝ միաժամանակ պահպանելով յուրաքանչյուր դպրոցի մանկավարժական անձնակազմն ու կրթության կազմակերպման միջավայրը՝ դպրոցի շենքը: Այս մոտեցումը թույլ կտա բյուջեի միջոցների խնայողություն անել՝ միաժամանակ պահպանելով դպրոցների մանկավարժական կազմը:
 
Վահե ՂՈւԿԱՍՅԱՆ
 
Հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության
հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը