ԸՆՏԱՆԻՔԻ ԽԱԹԱՐՄԱՆ ՔԱՆԻ˜ ՊԱՏՃԱՌ ԿԱ

Յոթ որդով սեղան նստելու ժամանակը կգա՞

Ընտանիքը իրավամբ պետության բջիջն է համարվում` ազգապահպան կարևորությամբ: Մինչդեռ այսօր ամբողջ աշխարհում խեղաթյուրվում է ընտանիքի գաղափարը: Ամենաահավորը, իհարկե, միասեռական ընտանիք կոչված այլասերումն է: Սակայն վտանգավոր է նաև երեխա ունենալուց հրաժարվելու կամ մեկ-երկու երեխայով բավարավելու հանգամանքը:

Առաջինը, փառք Աստծո, Հայաստանից առայժմ հեռու է, սակայն երկրորդ պարագան արդեն քանի տասնամյակ մեր բնակչության բնական աճի գլխավոր արգելակիչն է:

Ցավոք, այս մտայնությունը ոչ միայն չի նահանջում, այլև խորանալու միտումներ ունի: Նախ և առաջ վիճակագրությունը ցույց է տալիս, որ հայ տղաներն ու աղջիկներն սկսել են ավելի ուշ տարիքում ամուսնանալ:  Այսպես, Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի ղեկավար Կարինե Կույումջյանը լրագրողներին հայտնել է, որ այժմ տղամարդկանց ամուսնության միջին տարիքը 29,4 է, իսկ կանանցը` 26,2: Սրանից առաջ ամրագրված թվերը ցույց են տալիս, որ տղամարդկանց համար ամուսնության տարիք է եղել 25,5-ը, կանաց համար` 22-ը: Իսկ ընդհանրապես կանանց 72-73%-ն ամուսնանում է 20-29 տարեկանում, տղամարդկանց 65%-՝ը 25-30 -ում:

Ուշ ամուսնանալու պատճառներց մեկը, անշուշտ, Հայաստանի աշխատաշուկայի վիճակն է: Հատկապես երբ խոսքը վերաբերում է աղջիկներին: Արդեն ամուր արմատներ է ձգել այն մտայնությունը, թե աշխատանքի ընդունելիս պետք է խստորեն հաշվի առնվի թեկնածուի տարիքը, կրթությունը, բազմաթիվ հավելյալ գիտելիքներ ու հավաստագրեր: Երեխաներին մեծացրած երեսունհինգամյա կինն արդեն մասնագետ չի համարվում, նույնիսկ փորձաշրջան անցնելու հնարավորություն չեն տալիս: Նա արդեն աշխատաշուկայից դուրս է մղվել: (Եթե իհարկե՝ չունի այնպիսի հզոր ծանոթ-բարեկամ, որը կարող է նույնիսկ տկարամիտին բարձր պաշտոնի տեղավորել): Շատերը սրանից դաս առած` առաջին տեղում աշխատանքային առաջխաղացումն են դնում, իսկ տարիքն անցնում է:

Բնականաբար` որքան կինն ուշ է ամուսնանում, այնքան քիչ երեխաներ կարող է ունենալ, թեև սա հայկական ընտանիքներում քիչ երեխաներ ծնվելու միակ պատճառը չէ:
Միայն թե բնական աճից բացի` մեկ այլ գործոն էլ է խիստ մտահոգող: Բանն այն է, որ ընտանիքում ծնված յուրաքանչյուր հաջորդ երեխան բնության օրենքների համաձայն իր մարդկային որակներով ավելի բարձր է լինում նախորդից: Իհարկե, ինչպես ամեն մի օրենք, սա էլ բազմաթիվ բացառություններ ունի: Եթե ընտանիքում ընդամենը երկու երեխա է ծնվում, ծնողների գեների մեծ ամփոփված բազմաթիվ ու բազմաթիվ բարձր որակներ այդպես էլ մնում եմ չդրսևորված: Պատկերացնել միայն կարելի է, թե ընդամենը երկու երեխայով կայացող հայաստանյան ընտանիքներում ինչպես է սահմանափակվում ազգի մտավոր ու ստեղծագործական ներուժը: Իսկ ամենացավալին այն է, որ եթե Հայաստանում բազմազավակ ընտանիքներ կան էլ, ապա հիմնականում աղքատ են: Ու եթե ընտանիքը պետության բջիջն է, ապա պետությունը պետք է որ դրա բարօրությունից անմասն չմնա:

Մարդկության ստեղծած ամենամեծ արժեքներից մեկը հեքիաթն է, որովհետև այնտեղ միշտ ճշմարտությունն է թաքնված: Այդպիսի թաքնված ճշմարտություն է թագավորի փոքր որդու (կամ աղջկա) հանգամանքը: Նա միշտ ամենախելոքն է, ամենախիզախն է, ամենաազնիվն է, ամենա… Ու այսպիսին է, որովհետև իրենից առաջ ընտանիքում ուրիշ երեխաներ են ծնվել: Որքան էլ առաջնեկը ծնողների համար բացառիկ լինի, քիչ է պատահում, որ նա է դառնում գերդաստանի բարձր արժանիքների հանրագումարը: Իզուր չէ, որ հայի համար ամենաընդունելի օրհնանքն է եղել՝ յոթ որդով սեղան նստես: