ԸՆՏԱՆԻՔԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՅԵԼԻՆ Է

Հոգեբանական խեղվածքը խորանում է

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանն այսօրվա մամլո ասուլիսում ներկայացրեց Հայաստանում գրանցված ամուսնությունների և ամուսնալուծությունների քանակի մասին տվյալներ: Կույումջյանի խոսքով՝ անկախության առաջին տասնամյակում ունեինք ամուսնությունների թվի կտրուկ նվազում, իսկ հաջորդ տասնամյակում ամուսնության ավելացում

Չմտածված ամուսնությո՞ւն:  Ավանդապաշտ հայի համար առաջին հայացքից գուցե անհասկանալի ձևակերպում: Բայց  արդյո՞ք անհասկանալի, երբ խոսքը խառն ու խրթին մեր ժամանակներին է վերաբերում: 

 

Վիճակագրական տվյալներից զատ՝  պաշտոնյան խոսել է  նաև ամուսնալուծությունների պատճառների մասին՝ չմտածված ամուսնություններն ամուսնալուծությունների հիմնական և առաջին պատճառն համարելով: 

Մոտ 600 տարի պետականություն չունեցող   հայ ժողովրդի համար ընտանիքը բոլոր  դարերում եղել է սրբության սրբոց: Ո՛չ ամուսնանալն է եղել «խաղ ու  պար», ոչ էլ առավելևս  բաժանվելը: Անգամ ԽՍՀՄ տարիներին ամուսնալուծությունը  հատկապես պաշտոնյաների, հասարակության մեջ որոշակի դիրք ու ճանաչում ունեցողների դեպքում ուղղակի խայտառակություն էր: Բայց  ԽՍՀՄ փլուզումից  հետո, երբ բացվեց երկաթե վարագույրը, շատ բան փոխվեց: Ինչ-ինչ արժեքներ «վերանայվեցին»՝ հագուրդ տալով  օտար բարքերին:  Ամուսնությունը, դրա ընկալումը, ընտանիքի ավանդական մոդելը սկսեց խարխլվել:

Ձեռքները ծալած չնստեցին նաև   միջազգային   «մարդասիրական», «ազատամիտ», իսկը «շպինօնիկական»  առաքելությամբ կառույցները, որոնք Հայաստանում ինչ-ինչ եվրոպամետների սնելով՝ քարոզեցին ոչ ավանդական  հարաբերություններ, արժեքներ, ծնողներից առանձին ապրելու ու նրանց օտարանալու ընտանիքի մոդելներ: Իհարկե, 100 տոկոսով  իրենց ուզածին չհասան, բայց ինչ-որ  չափով փոխեցին ամուսնության մասին պատկերացումները:

Կա ևս մի կարծիրատիպ, որը նպաստում է չմտածված ամուսնություններին՝  կարծում ենք հնացած  «տանը մնալու»  խարանը, որից,  ցավոք, երիտասարդ սերունդը չի ձերբազատվում: Ժողովրդագրական խնդիրների պատճառով տղամարդկանց սակավությունը  ցայտնոտի մեջ է գցում  իգական սեռի ներկայացուցիչներին՝ «ճանկել»ցանկացած մեկին՝ հետևանքների մասին չմտածելով: Մարդկային առումով սա հասկանալի է:  Իսկ  պատասխանատվության զգացո՞ւմը: Սա արդեն դառնում է երկրորդական:  Եվ ինչո՞ւ միայն սա:  Ամուսնացողներից քչերն են իրենց հարցնում՝ պատրա՞ստ են ինքնուրույն հոգալ իրենց  կարիքները,  կյանքի երկրորդ կեսն այն մա՞րդն է, ում հետ կկարողանան լիարժեք ընտանեկան միջավայր ստեղծել՝ նաև իրենց երեխաների համար:   

Բայց վիճակագրական այս տվյալը մեկ այլ բան էլ է վկայում: Հայտնի ասույթ է՝ ընտանիքը  պետության մանրակերտն է: Ինչպես ընտանիքիդ ես վերաբերվում, այնպես էլ՝ երկրիդ: Իսկ թե մեր քաղաքացիներից շատերն  ինչպե՞ս են  վերաբերվում երկրին՝ կարելի է տեսնել ամեն քայլափոխի:  «Սա մնալու տեղ չի»,  «երկիրը երկիրը չի» դժգոհությունների պակաս հաստատ չկա՛: Բայց մի հարցնող լինի՝ իսկ երկիրը երկիր դարձնելու համար դու որպես քաղաքացի, ի՞նչ ես արել: Արդյո՞ք   բոլոր պարտավորություններդ ես  բարեխիղճ կատարել, թե՞մեղքն այլոց վրա  բարդելն ամենահեշտն է: Սա հոգեբանական խեղվածք է, որն աստիճանաբար խորանում է: Եթե  օրինապաշտ ու պատասխանատու քաղաքացու պահանջարկ իշխանությունը չիջեցնի, իրավիճակը հազիվ թե փոխվի: