Բազմազավակ ընտանիքներն` անտարբերության փոսում

Մասնագիտությամբ ռուսաց լեզվի ու գրականության մասնագետ և իրավաբան է Մարգարիտա Հովսեփյանը, ով արդեն քանի տարի մասնագիտական հմտությունները ներդնում է` նպաստելու բազմազավակ ընտանիքների հոգսերի փոքրիշատե թեթևացմանը:

Հենց այս նպատակով էլ 2011 թ. հիմնադրել և ղեկավարում է «Բազմազավակ մայրերի աջակցության միավորում» հասարակական կազմակերպությունը, որի  հետաքրքրությունների կիզակետում միշտ եղել են հատկապես սոցիալապես խոցելի խմբերը: Ժամանակի ընթացքում բազմաթիվ արհեստական խոչընդոտներ և օրինաչափ դժվարություններ հաղթահարելով` նա համոզվել է, որ միայնակ, առանց որևէ քաղաքական ուժի հետ համագործակցության անկարելի է կյանքի կոչել բազմաբնույթ ծրագրերը: Եվ այսօր կարծես գտել է այն ուժը, որի ծրագրերը հոգեմոտ են իրեն: Այս առիթով էլ զրուցեցինք բազմազավակ մայր և «Բազմազավակ մայրերի աջակցության միավորում» հ/կ նախագահ Մարգարիտա ՀՈՎՍԵՓՅԱՆԻ հետ:

 

- Խնդրում եմ փոքր-ինչ մասնավորեցնել՝ ի՞նչ շրջանակներում եք գործունեություն ծավալել 2011-ից ի վեր:

- Կազմակերպության անվանը հավատարիմ` զբաղվում ենք բազմազավակների խնդիրների կարգավորմամբ, ինչպես նաև խոցելի խմբերի կարիքների ուսումնասիրությամբ և խնդիրների բարձրաձայնամբ։ Սկսած 2012 թվականից կազմակերպությունը ակտիվ սկսել է զբաղվել հիմնականում բազմազավակ ընտանիքների խնդիրների կարգավորվամբ։ Խնդիրները բազմաթիվ են և բազմաբնույթ։ Անհրաժեշտ է բարելավել բազմազավակ ընտանիքների բնակարանային պայմանները , ինչպես նաև տրամադրել առողջապահական, կրթական, հոգեբանական աջակցություն։ Մեր նպատակն է մարդկանց նպաստառուից տանել դեպի զբաղվածություն։ Խոսքը և՛ հոգեբանական կարծրատիպերը կոտրելու, և՛ կոնկրետ աշխատանքով  մարդկանց զբաղվածությունն ապահովելու մասին է:

- Պետական կառույցներից ստացե՞լ եք օժանդություն և աջակցություն` շնորհակալ Ձեր աշխատանքները կազմակերպելու համար:

- Դժբախտաբար մեր գործունեության ընթացքում որևէ պետական աջակցություն չենք ստացել` չնայած թակել ենք բոլոր հնարավոր պետական դռները։ Ֆինանսական աջակցություն չենք ստացել նաև որևէ այլ կառույցներից։ Կազմակերպությունը գոյատևել է մեր համեստ ներդրումների հաշվին, ինչպես նաև երբեմն մեզ դրամով օգնել են արտերկրում բնակվող մեր հայրենակիցները։ Բայց այդ չնչին միջոցներով հնարավոր չէ մեր ծրագրերը կյանքի կոչել։ Մենք պայքարում ենք, որպեսզի մեր ծրագրերը պետական մակարդակով ընդունվեն և գործեն ՀՀ ամբողջ տարածքով, քանի որ մարզերում բնակվող բազմազավակ ընտանիքների վիճակն ավելի ծանր է։

- Փորձե՞լ եք որևէ քաղաքական ուժի աջակցությամբ Ձեր ծրագրերն իրագործել. եթե այո` ո՞ր ուժի հետ, եթե ոչ` ինչո՞ւ:

- Պետության համար կաևորագույն այդ` բազմազավակների հոգսերը թեթևացնելու անլուծելի թվացող խնդիրներին լուծումներ գտնելու մղումն էլ հենց խթան հանդիսացավ, որպեսզի հայացքներս հառենք դեպի քաղաքականություն։ 2016 թ. միացանք «Ալյանս» կուսակցությանը, սակայն մեր համագործակցությունը չստացվեց, և 2017թ. ԱԺ ընտրություններից հետո հեռացանք այդ կուսակցությունից։
 
- Իշխանափոխությունից հետո արթնացել է ժողովրդի հավատը: Դուք ևս վճռական քայլ եք կատարել` որոշելով մասնակցել արտահերթ ընտրություններին: Օրերս համացանցում գրառում էիք կատարել, որ «Բազմազավակ մայրերի աջակցության միավորում» հ/կ հոգաբարձուների խորհրդի նիստում որոշում է կայացվել միանալ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, գալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում աջակցել տվյալ քաղաքական ուժին` ռեյտինգային ընտրակարգով առաջադրելով Ձեր թեկնածությունը: Ո՞րն էր նախապատվությունը «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը տալու պատճառը:

- Այո, մարդիկ հուսահատված էին և որևէ հեռանկար չունեին ապագայի հետ կապված։ Մենք նույնպես փորձում էինք մեր գործունեությունը ծավալել այնպիսի պայմաններում, որը ստեղծել էր նախկին իշխանությունը։ Բայց հեղափոխությունից հետո մարդկանց մեջ հույս ու հավատ արթնացավ, բոլորը համակվեցին  Նոր Հայաստան կառուցելու գաղափարով։ Մենք նույնպես որոշեցինք փոխել մեր գործունեության քաղաքականությունը։ Մեր քաղաքական ասպարեզում գտնվող ամենասոցիալական ձեռագիր ունեցող կուսակցությանը` «Լուսավոր Հայաստանին» առաջարկեցինք իրենց նախընտրական ծրագրում ներառել նաև մեր ծրագրից որոշ դրույթներ։ Մեր ծրագիրը հավանության արժանացավ, և առաջարկը ընդունեց: Նոյեմբերի 2-ին մեր կազմակերպության հոգաբարձուների խորհուրդը որոշում կայացրեց միանալ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը և գալիք արտահերթ ընտրություններում աջակցել նշված կուսակցությանը։ Եվ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում նույն կուսակցության կողմից ես առաջադրվելու եմ պատգամավորության վարկանիշային թեկնածու։

Հուսով եմ` ընտրողներն իրենց քվեներով ինձ կաջակցեն` որպես իրենց ընտրյալ պատգամավոր նոր ԱԺ ամբիոնից բարձրաձայնելու բազմազավակ ընտանիքների խնդիրները և հնարավոր լուծումներ գտնելու։