ԱՅՑ ՃԱՆԱՉՈՒՄԻ

«Եվրատեսիլի» Գերմանիայի ներկայացուցիչը՝ Ծիծեռնակաբերդում

Ինչպես էլ վերաբերվելու լինենք «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթին, չենք կարող չխոստավանել, որ այն յուրատեսակ մշակութային կապ է հաստատում արվեստի գործիչների և երկրների միջև, իրար ճանաչելու, լավ ու վատ կողմերին առնչվելու հնարավորություն տալիս:  
 
«Եվրատեսիլ-2017»-ի Գերմանիայի ներկայացուցիչ Լևինան ապրիլի այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:   Այս մասին գրել է «Եվրատեսիլի» wiwibloggs.com կայքը և լուսանկարներ է հրապարակել: Նշվում է, որ պրոմո-տուրի շրջանակում Լևինան ժամանել է Հայաստանի մայրաքաղաք Երևան, «Եվրատեսիլում» Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկի ուղղեկցությամբ սևազգեստ այցելել Ծիծեռնակաբերդ, եղել է Կասկադում, Կոմիտասի անվան թանգարան- ինստիտուտում: Եվրատեսիլի կայքը նաև տեսանյութ է տեղադրել, որտեղ գերմանացի երգչուհին մեծագույն ոգևորությամբ շուրջպար է բռնել Արծվիկի և մեկ այլ հայուհու հետ:  
 
Կասկած չկա, որ երգչուհի Լևինան Երևանում շատ բան է տեսել, շատ բան իմացել ու նաև իր մարդկային պարտքն է կատարել՝ այցելելով Ծիծեռնակաբերդ: Հայտնի չէ, թե մինչև Հայաստան գալը նա ի՞նչ տեղեկություններ է ունեցել հայոց ցեղասպանության, դրանում իր երկիր լցված թուրքերի ու իր հայրենի Գերմանիայի դերի մասին: Եթե ոչինչ չի էլ իմացել, հիմա արդեն գիտի: Հաստատ է միայն մեկ բան՝ որքան էլ Լևինան հրաշալի կատարումով հանդես գա, Ադրբեջանից ու Թուրքիայից միավորներ ստանալու հույս այլևս չպետք է փայփայի: