Հայաստանը համարվում է ծերացող երկիր

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԾՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՆՎԱԶԵԼ Է». ՄԱԿ-Ի 2018Թ. ԶԵԿՈՒՅՑ

ՀՀ բնակչությունը 2018թ. առաջին եռամսյակից սկսած նվազել է 10.000 մարդով:
 
Այս մասին Մեդիա կենտրոնում երեկ տեղի ունեցած մամլո ասուլիսին հայտարարեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը:
 
Այս տվյալները վեր են հանվել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Աշխարհի բնակչությունը» 2018 թ. զեկույցի շրջանակում: Զեկույցը անդրադարձել է աշխարհում, այդ թվում` Հայաստանում բնակչության թվաքանակի և ծնելիության փոփոխության միտումներին, բնակչության վերարտադրողական նախընտրություններին:
 
Այս տարի զեկույցը վերնագրված է «Ընտրության ուժը․ վերարտադրողական իրավունքները և ժողովրդագրական անցումը»:
 
- Ծնունդների թիվը Հայաստանում շարունակում է նվազել: 2018 թ. առաջին եռամսյակում 1000 երեխա ավելի քիչ է ծնվել, քան 2017թ. նույն ժամանակահատվածում: Մահացության ցուցանիշը անցյալ տարվա համեմատ 1500-ով պակասել է: Ամուսնությունների թիվը նվազում է, ամուսնալուծությունների թիվը գնալով աճում, իսկ ամուսնության տարիքը բարձրացել է,- նշել է Աննա Հովհաննիսյանը:
 
Մտահոգիչ է, որ ըստ ՄԱԿ-ի սանդղակի՝ Հայաստանը համարվում է ծերացող երկիր:
 
- Հայաստանում տարեցների թիվը կազմում է բնակչության 13 տոկոսը, իսկ ըստ ՄԱԿ-ի սանդղակի, 7 տոկոսից բարձր տարեցների թիվ ունեցող հասարակությունը համարվում է արդեն ծերացող: Մինչև 2050 թիվը կանխատեսվում է, որ Հայաստանում տարեցների թիվը կհասնի 22 տոկոսի,- հավելել է Աննա Հովհաննիսյանը:
 
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանն էլ տեղեկացրել է, որ աշխարհում ամենաբարձր ծնելիության գործակիցն ունի Նիգերը 6.6 գործակցով, ամենացածր՝ Չինաստանի նահանգներից մեկը, որտեղ գործակիցը 1.1 է:
 
Ըստ զեկույցի տվյալների՝ վերջին 150 տարվա ընթացքում և հատկապես 1960-ական թվականներից ի վեր, աշխարհի գրեթե բոլոր  երկրներում ծնելիության մակարդակը նվազել է: Նախկին իրավիճակի փոխարեն, երբ աշխարհի բոլոր երկրներում ծնելիության մակարդակը մեկ կնոջ հաշվով կազմում էր հինգ և ավելի երեխա, այսօր 1 միլիոն և ավելի բնակչություն ունեցող երկրների մեծամասնությունում կազմում է 2.5 կամ ցածր:
 
Ծովինար Հարությունյանի փաստարկմամբ՝ 
 
- Արևելյան Եվրոպայի բոլոր երկրներում ծնելիության  գումարային գործակիցը ցածր է պարզ վերարտադրության մակարդակից 2.1 երեխա՝ մեկ կնոջ հաշվով, որոշ դեպքերում՝ ցածր է 1.5 –ից: Այս շարքում է նաև Հայաստանը: Հարավային Կովկասում իր անմիջական հարևանների համեմատությամբ, Հայաստանում ծնելիության գործակիցն ամենացածրն է:
 
Նրա խոսքով՝ ծնելիության նվազումը թողնում է իր հետևանքները. բացասաբար է ազդում երկրի տնտեսության վրա, բնակչությանը տանում է ծերացման և բարձրացնում  է ազգային անվտանգության խնդիր:
 
Ծովինար Հարությունյանը շեշտում է, որ կառավարությունները վերարտադրությանը վերաբերող քաղաքականություններով պետք է կարողանան ապահովել մարդկանց սեփական ընտրությամբ ցանկալի թվով երեխաներ ունենալու հնարավորությունը:
 
- Որովհետև այն ահռելի ազդեցություն է ունենալու երկրի ապագայի վրա: Հայաստանում երեխաների առավել ցանկալի թիվը 3-ն է, մինչդեռ ընտանիքները ունենում են 1-2-ը,- ընդգծել է Ծովինար Հարությունյանը: