Ի հիշատակ մեծն հայորդու

Մի խումբ հայ մտավորականներ նամակ են ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով Հայաստանի թուրքանուն բնակավայրերից մեկը՝ Լոռու մարզի Ախթալա համայնքը վերանվանելու Ազնավուր:
 
 
Մեծահարգ պարոն Փաշինյան.
 
Հայ ազգի մեծանուն զավակ Շառլ Ազնավուրի անդառնալի կորստից հետո և այս օրերին Հայաստանի Հանրապետությունում անցկացվող Ֆրանկաֆոնիայի օրերի շրջանակներում առաջարկում ենք քննության առնել Հայաստանի բնակավայրերից մեկը Ազնավուր անվանակոչելու մեր առաջարկը։ 
 
Անքննելի է այն մեծ վաստակը, որն աշխարհահռչակ Ազնավուրը ունեցել է Հայաստանի և հայ ժողովրդի համար, որի դրսևորումներից էր դեռ կենդանության օրոք Հայաստանի տարբեր վայրերում նրա անունով հրապարակների, փողոցների անվանակոչությունը, արձանների տեղադրումը և այլն։ Ազնավուրի անունով բնակավայրի անվանակոչումը գեղեցիկ ժեստ կլինի նաև Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին և ֆրանկաֆոն շարժմանը ողջ աշխարհում։
 
Հայաստանում առ այսօր պահպանվող թուրքանուն բնակավայրերից մեկը Լոռու մարզի Ախթալա համայնքն է, որը նաև այն բնակավայրն է, որտեղ հանքեր շահագործելու նպատակով տակավին 1845 թվականից հաստատվել են ֆրանսիացիները։ 1887 թվականին նրանք Փարիզում 4 մլն ֆրանկ կապիտալով հիմնել են հայաստանյան առաջին բաժնետիրական ընկերությունը՝ թողարկելով առաջին հայաստանյան բաժնետոմսերը։
 
Ախթալայում ֆրանսիացիները հիմնել են նաև վարչական և բնակելի շենքերից բաղկացած ֆրանսիական թաղամասը (որի մի շարք կառույցներ պահպանվել են նաև ցայսօր), Ախթալայի Սուրբ Երրորդություն եկեղեցին վերափոխել են կաթոլիկ եկեղեցու, իսկ 1887֊1889 թթ. այստեղ իր առաջին պեղումներն է կատարել ֆրանսիացի աշխարհահռչակ հնագետ Ժակ դը Մորգանը՝ Փարիզում 1889 թվականին հրատարակելով պեղումների մասին գիրք։ Մորգանի կողմից պեղված գտածոների զգալի մասը այսօր էլ գտնվում է Ֆրանսիայի Ազգային Հնագիտության թանգարանում և կազմում է նրա կովկասյան ցուցադրության զգալի մասը։ Ի դեպ, Ախթալայում, սկսած 2014 թվականից, Լոռու մարզի և Ֆրանսիայի ՊԱԿԱ դը Լազուր նահանգների համագործակցության շրջանակներում նախատեսվում է Ախթալայում հիմնել Մորգանի անվան Հանքագործության և մետաղագործության թանգարան, իսկ ֆրանսիական տների տեղում՝ «Ֆրանսիական թաղամաս» բազմաֆունկցիոնալ ներդրումային նախագիծը՝ բնակելի, հյուրանոցային, զվարճանքային համալիրը, որը էապես կմեծացնի Ախթալայի  և տարածաշրջանի զբոսաշրջային գրավչությունը։
 
Առաջարկում ենք առաջիկայում քննության առնել վերոնշյալ կարևոր փաստերն ու հանգամանքները՝ Ախթալան անվանափոխել Ազնավուր անվամբ: 
 
Կանխավ շնորհակալությամբ՝
 
Նորայր Բլուդյան
«Լոռի ռենեսանս» հիմնադրամի նախագահ,
տեխնիկական գիտությունների դոկտոր 
 
Ֆելիքս Բախչինյան
Գրող, գրականագետ, թարգմանիչ, 
Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամի նախագահ
 
Սերգո Երիցյան
«Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, 
բանասիրական գիտությունների դոկտոր 
 
Կարեն Աղամյան
ՀՀ նկարիչների միության նախագահ,
Արվեստի Վաստակավոր գործիչ, պրոֆեսոր 
 
Հրանտ Թադևոսյան (Թաթոս)
ՀՀ Ժողովրդական նկարիչ
 
Անատոլի Ավետյան
ՀՀ Ժողովրդական նկարիչ 
 
Սամվել Սևադա
Արվեստի Վաստակավոր Գործիչ 
 
Շմավոն Շմավոնյան
ՀՀ Վաստակավոր նկարիչ 
 
Արմեն Վահրամյան
ՀՀՎաստակավոր նկարիչ 
 
Վազգեն Բադալյան
ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ,
ՀՀ Վաստակավոր մարզիչ 
 
Լեյլա Սարիբեկյան
ՀՀ Վաստակավոր արտիստ
 
Արսեն Գրիգորյան (Մրրո)
ՀՀ Վաստակավոր արտիստ
 
Դավիթ Ամալյան
ՀՀ Վաստակավոր արտիստ
 
Սեդրակ Մամուլյան
«Հայ խոհարարական ավանդույթների 
զարգացման և պահպանման» հկ նախագահ