«Քեզ հրաժեշտի խոսքեր չենք ասում, մեր հրաշո՛ւնչ մարտիկ»

ԳԱՅԼ ՏԵՍԱԿԸ ԱՆՄԱՀ Է

«Արցախն իմ ամեն ինչն է, Արցախն իմ էությունն է, Արցախով ապրում
և շնչում եմ»:
 
Այս հրաշալի բառերի հեղինակը մեզ լքեց՝  հեռանալով դեպի  մշտնջենականություն: Նա մեզ լքեց իր երկրային ուղու 47-րդ տարում:
 
Հայոց նորանկախ պատմության քառորդ դարն ու իր  հրաշունչ երիտասարդությունը նա ապրեց հերոսաբար` մեր ազգային իղձերի իրականացման համար անմնացորդ նվիրումով: Նրան մենք ճանաչում ենք որպես Միայնակ Գայլ: Մեր սիրելի՛ Գայլ` Արայիկ Խանդոյան, Ազգային հերոս, ոչ միայն ազգային կերպար, այլև բացառիկ ու համամարդկային, արդարության, ասպետության, վեհության խորհրդանիշերից մեկը: 
 
Սիրելի՛ Արայիկ, քո ապրած հերոսական կյանքով ի ցույց դրեցիր Գայլերի և Շների տարբերությունը: Մեր քառորդդարյա պատմության ընթացքում Գայլ տեսակի նկատմամբ հանցավոր որսի ընթացքում երբեք չընկրկեցիր և չհանձնվեցիր, հաստատեցիր՝ Գայլի սրտում ահ չկա, նա երբ պոռթկում է, ապա արնախում շների բազմությունը սարսափած նահանջում է` հեռու է մնում Գայլերից: Որևէ անգամ չխախտեցիր Գայլերի ավանդույթը: Ինչո՞ւ, որովհետև ծննդյանդ օրվանից սնվել ես Գայլ տեսակի մայրական կաթով, որին խորթ են ծառայամտությունը, նյութապաշտությունը և մորթապաշտությունը: Գայլերի նկատմամբ իրականացված որսը դեռ չի պատժվել, նրանց դարանակալ ու նենգ հարձակումից մնացած արյունոտ հետքերը դեռ թարմ են, և շները դեռ շարունակում են չարացած վնգստալ, չնայած որ նրանց մի մասը ուժահատ է…
 
Սիրելի՛ Արայիկ, դու ընդմիշտ մեզ հետ ես, քո ապրած կյանքի օրինակով` մեր ոտքերն ամուր են, արագ  ու  ջլուտ, մեր ուղեղը սթափ է և ունակ: Այո՛, Գայլերը չեն կարող այլ կերպ, նրանց ժամանակը երբե՛ք չի ավարտվում, նրանք ժպտում են և բարձրացնում հրացանը` հանուն Հայրենիքի, հանուն Քաղաքակրթության: Նորանկախ Հայաստանում Միայնակ Գայլ էիր, իսկ մեզ ֆիզիկապես լքելուց հետո, հերոսական  ոգիդ տարածվելով մեր մեջ՝ դառնալու է ուժի, առաքինության և արդարության Գայլ տեսակի Միասնություն: Գայլ տեսակի ցեղից ծնված, Գայլ տեսակի մորից սնված ազգին սպասում են մեծ հաղթանակներ: 
 
Սիրելի՛ Արայիկ, մեր հրաշո՛ւնչ  մարտիկ,  քեզ հրաժեշտի խոսքեր չենք ասում, ասո՛ւմ ենք՝ ՓԱՌԱՀԵՂ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ՆՇԵԼՈՒ ԵՆՔ ՄԻԱՍԻՆ:
 
Զարուհի ՓՈՍՏԱՆՋՅԱՆ
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ
11 հոկտեմբերի, 2018. Ֆրանսիա, Ստրասբուրգ