ԱՐԺԵՎՈՐՈ՞ՒՄ ԵՆՔ ՄԵՐԸ

Այսօր կիրիլիցա, վաղը լատինատառ, մյուս օրը…

Հարցն ահա թե որն է՝ մեր հասարակության մեջ արժևորո՞ւմ է արդյոք գրանշանների մեր եզակի համակարգի առավելությունը, երբ մեր օրերում շատ գիտնականներ են տեսակետներ հայտնում, թե այնտեղ բազմաթիվ գիտություններ են գաղտնագրված: Ռուսները կարող են մեզ իրենց լեզուն պարտադրել, բայց երբ դու գիտես, որ քո հնամենի լեզուն տեղեկությունների ու գիտելիքների մի անհատակ շտեմարան է, դժվար թե կարողանան նպատակին հասնել:

Միջին Ասիայի հանրապետություններն իրար հետևից հրաժարվում են կիրիլիցայից և սկսել են իրենց այբուբենները լատինատառ դարձնել: Ղազախստանի նման նախաձեռնությանը հիմա էլ հաջորդել է Ղրղզստանի պաշտոնյանի հայտարարությունը, թե իրենց ներկայիս այբուբենը խոչընդոտում է տեխնոլոգիաների զարգացմանը և երկրի նորացմանը: Ճիշտ է՝ դրա համար այնքան էլ չեն շտապում, քանի որ  նախատեսում են լատինատառի անցնել միայն 2030-2040թթ:

Ռուսական այբուբենի տառատեսակներից վերջին 20-25 տարում շատ այլ նորաստեղծ պետություններ ևս հրաժարվել են, սակայն այդ երկրներում նաև ռուսերեն խոսողներիի թիվն է խիստ նվազել: Ստացվում է, որ որքան Ռուսաստանն ավելի շատ է փորձում ռուսերենը պարտադրել, այնքան դրա ազդեցության ոլորտները փոքրանում են: Տարածված տեղեկությունների համաձայն՝ Ղազախստանում, Էստոնիայում, Լատվիայում ռուսերենով հաղորդակցվողների քանակը 1994թ. համեմատ նվազել է առնվազն 10%-ով:

Վերջերս անընդհատ համառ խոսակցություններ են պտտվում, թե ՌԴ իշխանությունները փորձում են ՀՀ- ում ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալ, և այդ ուղղությամբ արդեն շատ քայլեր են արվել: Անժխտելի է, որ ռուսերենի ազդեցությունը Հայաստանի շատ քաղաքացիների վրա մեծ է, հակառակ Լեզվի տեսչության որոշակի ջանքերի` մեր բժշկական և այլ հիմնարկներում նույնպես շարունակում են ռուսերեն գրություններ կազմել: Բայց ինչ էլ լինի` մենք վաղուց ունենք մեր այբուբենը, որը միշտ էլ 36 զինվորից կազմված զորախմբի հետ է համեմատվել: Վաղուց հայտնի է` ամբողջ ԽՍՀՄ-ում միայն հայերն ու վրացիներն ունեին լիովին ինքնուրույն այբուբեններ:

Ինչքան էլ այսօր սոցցանցերում լատինատառ ու ռուսատառ գրողները քիչ չեն, մեր այբուբենը մեր լեզվի հնչյունական կազմին համահունչ է ու դարերի քննությունն է բռնել:

Մեր հարևան Ադրբեջանում, օրինակ, իր գոյության մեկ հարյուրամյակի ընթացքում 3-4 անգամ այբուբեն է փոխվել՝ էլ կիրիլիցա, էլ արաբատառ, էլ լատինատառ: Ինչ կա որ, սրա նման երկրները կարող են տարին մեկ նոր այբուբեն «հագնել»: Ի՞նչ գրական ու գիտական արժեքներ են ստեղծել, որոնք պետք է մնային եկող սերունդներին անհասանելի, որպեսզի ափսոսան, թե կորուստ են տալիս: