Ինչո ՞ւ է ՄԻՊ-ն ուշացնում զեկույցը

 
 ՄԻՊ Արման Թաթոյանն այսօր լրատվամիջոցների հետ հանդիպմանն անդրադարձել է 2016 թ-ի հուլիսյան դեպքերին՝ տեղեկացնելով,  որ հատուկ զեկույցում հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած բախման դեպքերի առանձին վերլուծություն է կատարվել: Օմբուդսմենը կարծում է, որ երթը այդ օրը խաղաղ բնույթ չի կրել:
-Եթե երթը ուներ խաղաղ նպատակ, ապա ինչո՞ւ էր այն ընթանում Սարի թաղի նեղ փողոցներով, գիշերով, նախապես չհայտարարելով ոստիկաններին Սարի թաղ գնալու մտադրությունը: Ինչպես նաև ակնհայտ էր այն, որ դա անհարմարություն էր պատճառելու բնակիչներին, որտեղից մենք ունեցել ենք բողոքներ: Ես կարծում եմ, որ Սարի թաղ գնալը խաղաղ նպատակ չէր հետապնդում: Սա իմ դիրքորոշումն է, և դա շատ ավելի մանրամասն ներկայացված է զեկույցում,- ասել է պաշտպանը:
 
 
Ըստ էության, Արման Թաթոյանը գնահատական ու վերաբերմունք է  արտահայտում, որից  գոնե նախորդ  պաշտպանները, ինչու չէ, նաև Արման Թաթոյանը, երբեմն խուսափել են: Իսկ այսօր պաշտպանը   հստակ դիրքորոշում է հայտնում:
 
Նրա ասածներում, իհարկե առանձնահատուկ նորություն չկա, որը կարող էր տեսանելի լինել միայն մասնագիտական հայացքով վերլուծելիս: Դեպքերի  ընթացքին ուշի ուշով հետևողները թե՛ հուլիսի 23-ին, թե՛ դրան հաջորդող օրերին խոսում էին գործողությունների կազմակերպված լինելու մասին: Այն, որ այդ կրակի վրա ձեռքերը տաքացնողներ կային, և կրակի վրա յուղ լցնողներ էլ հայտնվեցին՝ ակհայտ էր: Բայց ինչո՞ւ  այս մասին պաշտպանն ավելի վաղ չէր խոսում և ուոշեց դրան անդրադառնալ ընտրություններից հետո միայն: 
 
Չէ ՞ որ  այդ զեկույցը, ըստ տեղեկությունների, պետք է հրապարակվեր  փետրվարին, բայց նույնիսկ 2 ամիս անց զեկույցը  չի հրապարակվել: Կարող ենք առաջ քաշել 2 վարկած: Կամ  միջազգային կառույցները Արման Թաթոյանից պահանջել են զեկույցը հրապարակել ընտրություններից հետո, որպեսզի հասկանան, թե ում ջրաղացին ինչքան և ինչպես ջուր լցնեն: Կամ՝ պաշտպանն ինքն է որոշել ընտրությունների արդյունքներով կողմնորոշվել, թե կշեռքի ո՞ր նժարը ծանրացնի:
 
Չմոռանանք, որ Արման Թաթոյանին ՄԻՊ-ի պաշտոնում  առաջադրել ու հարկ եղած դեպքում նորից նշանակելու է իշխանությունը: Իսկ ընտրությունների արդյունքները հանկարծ կարող էին վտանգել նրա պաշտպանությունը:
Ենթադրություններ անելն, իհարկա, շնորհակալ գործ չէ, բայց չմոռանանք, որ ենթադրությունները ծնվում են հստակ փաստերի բացակայության կամ կեսասացության պարագայում:
 
ՀԳ. Կարծում ենք, որ ՄԻՊ-ը  բարոյական ու իրավական առումով  պետք է  մշտապես մարդու իրավունքների  պաշտպանությունը ուշադրության կենտրոնում պահի՝ անկախ նրանից, թե իր պաշտպանության կարիքն ունեցողները բարիկադների որ կողմում են: Հիշենք, թե  ՊՊԾ գնդի գրավման համար մեղադրվողներին  ինչ սոսկալի պայմաններում էին պահում, որոնց մասին բարձրաձայնում էին փաստաբանները: Ու թեև ՄԻՊ-ն այցելել է նրանց, արձանագրել այդ ամենը, այնուամենայնիվ,  ճիշտ կլիներ, սևեռվել նաև դրանց վրա: