ՀՈՏԱԾ «ՆԱՍԿԻԱԲՈՒՅՐՈՎ»՝ ԸՆԴԴԵՄ ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅԱՆ

Ստամբուլաբնակ հրեան չի «մուծվում»

Արդեն 2 տարի է` չեն դադարում տաքսիստների բողոքի ակցիաները, ակցիաներից  դուրս էլ հնչող դժգոհությունները  : Պատճառը, նրանց հավաստմամբ, ոլորտի  բարձիթողի վիճակն է: Կրքերը  սրվեցին Հայաստանի շուկա մի քանի օնլայն տաքսի ծառայությունների մուտքից հետո: Սկզբում GG էր, հետո   «Յանդեքս»-ը, որը կրակի վրա յուղ լցրեց: Գործող տաքսի ծառայություններին ոչ միայն դուր չի գալիս, այլև խանգարում է այն, որ ընկերությունը քաղաքացիներին տեղափոխում է 200-300 դրամով: Հատկապես կարճ ճանապարհի համար մատչելի գին, ինչը մագնիսի նման  անհատ տաքսիստներից  «պասաժիրների» փախուստ ստեղծեց:

Օրեր առաջ անհատ տաքսիստները դարձյալ կառավարության շենքի առջև էին: Բողոքի ակցիայից հետո  տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունեց նրանց, լսեց բողոքները: Դրանք հիմնականում  հետևյալն  են՝ ինչո՞ւ պետք է անհատ տաքսիստները լիցենզիայի համար  վճարեն, հարկային բոլոր պարտավորություններն կատարեն, իսկ «Յանդեքսը»՝ ոչ: Այս տեղեկությունը հաստատեց նաև  Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների միության նախագահ Վահագն Սահակյանը:

-Ոլորտի բարձիթողի վիճակից  օգտվում են ոչ միայն անպատասխանատու վարորդները, այլև «Յանդեքս»-ը, որը հերքում է, թե տաքսի ծառայություն է: Բայց Յանդեքսը  ռեալ իրականացնում է տաքսի ծառայություն: Արդար չէ, երբ «Յանդեքս»-ի տերը` ստամբուլաբնակ հրեան, հարկեր չի վճարում մեր պետությանը: 4-5 հազար մեքենա ունի, որոնք լիցենզավորված չեն, չունեն հաշվիչներ: Տրամադրում են տեղեկանքներ, որ այդ մեքենաներն ունեն հաշվիչներ: Չափագիտության ազգային ինստիտուտն օրենք խախտելով՝ հեռախոսների վրա հաշվիչների առկայության մասին տեղեկանք է տալիս,-ասաց ոլորտի պատասխանատուն:

«Յանդեքս»տաքսի ծառայությունն այդպես էլ   այս պահի դրությամբ  դեռ չի արձագանքել այդ հայտարարությանը: Բայց ուշագրավ մի հանգամանք շրջանցել չի կարելի: 2016 թ.  ՏՄՊՊՀ-ը պարզել էր, որ էլեկտրոնային հարթակներով տաքսի ծառայություն մատուցող վարորդները    լիցենզավորված չեն, հարկային դաշտում չեն գործում:  ՏՄՊՊՀ-ը որոշել էր մեղմ դիրքորոշում որդեգրել: Հակամենաշնորհային մարմինը, սակայն, որոշեց ոչ թե տուգանել, այլ՝ նախազգուշացնել ընկերությանը՝ հաշվի  առնելով մի շարք հանգամանքներ։

- Ընկերությունը նոր է, ծավալները շուկայում մեծ չեն.  կարևորը՝ որ ընկերությունը պատրաստակամություն է հայտնել  վերացնել այս խնդիրները,-ասել էր կառույցի ղեկավար Արտակ Շաբոյանը:

Փաստորեն,  կարող ենք ենթադրել, որ տաքսի ծառայությունը կարծես թե անտեսել է  ՏՄՊՊՀ-ի նախազգուշացումը: Թե ինչ քայլեր կանեն պատկան մարմինները՝ Տրանսպորտի և կապի նախարարությունը, ՏՄՊՊՀ-ը, ցույց կտա ժամանակը: Բայց  հանուն արդարության պետք է ասենք՝ «Յանդեքսի»և օնլայն  տաքսիների մուտքը մրցակցություն ստեղծեց դաշտում: Ավելին՝ անհատ տաքսիստները պետք է «աչք պոչով» հետևեն նրանց ծառայության որակին, վերանայեն իրենց ծառայությունների որակը: Հակառակ դեպքում՝ 21-րդ դարում հոտած «նասկիների բույրով» ներծծված մեքենաներով,ռաբիս երաժշտությամբ, սիգարետից քուլաներ արձակելով՝ հաստա՛տ երկար չես ձգի: