ԲանաՎԵՃ առանց կարծիքի՞

ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ԼՍԵԼԻ ԼԻՆԵԼ

Լուսինե ՄԱՆՈՒԿՅԱՆ
PR մասնագետ, բանավեճերի վերապատրաստող

 

«Իմ խոսքերը հիանալի են, իմ գործերը՝ աննման»
Համմուրաբի թագավոր

Խոսքի ազատության մեր իրավունքի իրացման ճանապարհին հաճախ ենք շրջանցում կամ մոռանում այն փաստը, որ մենք պատասխանատու ենք մեր հայտարարությունների համար: Առցանց միջավայրում ազատ արտահայտվող մարդիկ պայմանականորեն բաժանվում են 4 խմբի.

1. Մարդիկ, ովքեր գրում են այն, ինչ մտածում են:

2. Մարդիկ, ովքեր գրում են այն, ինչը կարող է դուր գալ կարդացող մեծամասնությանը:

3. Մարդիկ, ովքեր գրում են այն, ինչը ցանցից դուրս երբեք չէին համարձակվի ասել:

4. Մարդիկ, ովքեր գրում են այն, ինչ գրում են կարծիքի լիդերները:

Այս չորս խմբերը ներկայացնող անհատները կարծում են, թե իրենք բանավիճում են ինչ-որ հարցի շուրջ: Բայց, ցավոք, երբեմն դա ոչ թե բանավեճ է, այլ սեփական մտքերի պնդում` վստահությամբ, որ «իր խոսքերը հիանալի են», իսկ մյուսները պարզապես պետք է խոնարհաբար լսեն և ենթարկվեն այդ «օրենքին»: Իրապես կարծիք հայտնում են, փաստորեն, միայն առաջին խմբի մարդիկ: Ահա թե ինչու:

Կարծիքը ձևավորվում է կա՛մ փորձի, կա՛մ բանականության հենքով: Սեփական փորձը թեև սուբյեկտիվ կարծիքի է հանգեցնում, բայց հիմնավորում ունի: Բանականության հենքով ձեռք բերված կարծիքն առավելապես օբյեկտիվ է, քանի որ վերլուծում է եղած փորձն ընդհանուր առմամբ: Հետևապես, եթե մենք գրում ենք այն, ինչ իսկապես մտածում ենք, ապա գրում ենք այն, ինչի մասին ունենք հիմնավոր օբյեկտիվ կամ սուբյեկտիվ կարծիք: Մնացած բոլոր դեպքերում մենք կարծիք չունենք, որովհետև համոզված չենք դրա ճշմարտացիության մեջ ո՛չ փորձով, ո՛չ էլ տրամաբանությամբ:

Խոսքի ազատության իրական «վտանգ» են ներկայացնում 4-րդ խմբի անհատները, ովքեր դեստրուկտիվ միջավայր են ստեղծում բանավիճելու համար: Իրենց արտահայտած «կարծիքն» իրենցը չէ, հետևապես նրանք չեն տիրապետում արտահայտված մտքերի հիմնավորման անհրաժեշտ փաստերին, մերժում են հակասող ցանկացած այլ միտք, փորձում են պաշտպանել սեփական միտքը` դիմելով դիմացինին «ոչնչացնելու» հնարավոր բոլոր մեթոդներին:
Ինտելեկտը գերակշռում է միայն առաջին խմբում: Միայն այստեղ կարող է լինել կոնստրուկտիվ բանավեճ:

Հայաստանյան ներքաղաքական իրադարձությունները հանգեցրեցին բազմաթիվ աղմկահարույց քննարկումների, որոնցից շատերի «մասնակիցներն» իսկապես կարծում են, թե իրենք բանավիճում են: Վերջինն իրականում հռետորական արվեստ է, որում առաջնային նշանակություն ունեն էթիկական նորմերը: Դու պարտավոր ես լսել դիմացինին, հարգել նրա կարծիքը, չվիրավորել, հակադրվել ոչ թե մարդուն, այլ նրա կարծիքին: Հետևապես, եթե մենք սկսում ենք հակադրվել մարդուն, մենք դադարում ենք բանավիճել, մենք ուղղակի վիճում ենք:

Ընդհանուր աղմուկի և բազմապիսի մտքերի ու կարծիքների տեղատարափի մեջ առանձնանում են հայտարարություններ, որոնք որոշակի իմաստով բանավեճ են հիշեցնում:

Լավ օրինակ կարող են լինել Վիգեն Սարգսյան-Արմեն Գրիգորյան հեռակա հակադարձումները` հիմնականում «Ազգ-բանակ» կոնցեպտի շուրջ: Ի՞նչ չափորոշիչներով ենք որոշում` դա բանավե՞ճ է, թե՞ ոչ:

Այսպես. խոսնակները (բանավիճող կողմերը) չեն շեղվում նախապես «ընտրված» թեմայից, մերժում են փաստարկները, ոչ թե անձերին, փորձում են տալ հիմնավորումներ և ամրապնդել թեզը:

Իհարկե Վիգեն Սարգսյանի կողմից որպես մանիպուլյացիոն գործիք կիրառվել է Արմեն Գրիգորյանի` իր նախկին ուսանողը լինելու փաստը, որով նախկին պաշտոնյան փորձում էր ընդգծել իր անձի կարևորությունը` միաժամանակ ձգտելով նվազագույնի հասցնել հակադարձող կողմից սուր պատասխանն ու «ջախջախումը»: Այնուհանդերձ, նման մոտեցումն ընդունելի է այն սահմաններում, որտեղ չեն խախտվում էթիկայի նորմերը, իսկ այս դեպքում կողմերը բացառապես հարգալից և կառուցողական դիրքորոշում են ցուցաբերում՝ անկախ տարակարծությունից, քաղաքական հայացքներից կամ մոտեցումներից:

Այս բանավեճը ծավալվեց հայրենիքի պաշտպանության արդյունավետ մեխանիզմների շուրջ: Մի կողմից Սարգսյանն ասում էր.

- Որպես տնտեսության սուբյեկտ բանակը պետք է նշաձող սահմանի և՛ տնտեսական մրցակցության, և՛ կոռուպցիայի դեմ պայքարի, և՛ արդյունավետության բարձրացման ոլորտում: «Ազգ-բանակը» ոչ թե հասարակությանը` հայրենիք սիրել սովորեցնելու, այլ այն ավելի արդյունավետ պաշտպանելու կարողություն տալու մասին է:

Մյուս կողմից Գրիգորյանը հակադարձում է.

- Իմ ընկալումներում պաշտպանության բարձրացումը կախված է ազատ, արդար ընտրություններից, կոռուպցիայի նվազեցումից, մարդու իրավունքների պաշտպանությունից և մրցակցային շուկայից, որի արդյունքում տնտեսությունը կզարգանա, քաղաքացիների բարեկեցությունը կբարձրանա, և մենք ավելի շատ միջոցներ կունենանք երկրի պաշտպանողականությունը բարձրացնելու համար:

Առաջին հայացքից կողմերը կարող են անգամ խնդրի որոշակի ասպեկտներում համակարծիք թվալ, բայց Գրիգորյանը շարունակում է.

- Դուք սրա լրիվ հակառակն եք արել, աջակցել եք ընտրությունների կեղծմանը, կոռուպցիային, իրավունքների խախտմանը և մոնոպոլիաների ձևավորմանը, բացի դրանից Ձեր թիմի կառավարման արդյունքում 370.000 քաղաքացի է արտագաղթել, և Դուք ստիպված տարեկետման մասին օրենքն եք բերել:
 

Վերջինս հիմնավորում է իր կարծիքը ձեռքբերված փաստերով, ինչն առաջնային նշանակություն ունի ինտելեկտուալ բանավեճում և հաղթաթուղթ է այն կիրառողի ձեռքին: Քանի որ շարունակական ելույթներ տեղի չեն ունեցել, մենք չենք կարող վստահաբար ասել՝ Սարգսյանը հակափաստարկներ ունե՞ր, թե՞ ոչ, սակայն ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում նա «թուլացրել է իր դիրքերը»՝ չկիրառելով հավաստի փաստեր սեփական դիրքորոշումն ամրապնդելու նպատակով:

Բանավեճի բնորոշիչներ պարունակող մեկ այլ ընդդիմախոսություն է ԵՊՀ պրոռեկտորների և «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության առցանց հայտարարությունները` ստեղծված իրավիճակի շուրջ:

Հատկանշական է, որ բանավեճի ընդունված նորմերին հիմնավորապես հակասում են «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության և ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի առերես հանդիպման ընթացքում տեղի ունեցած հարցուպատասխանները, ինչպես նաև դրան հաջորդող առցանց մեկնաբանությունները տվյալ հանդիպման վերաբերյալ, քանի որ այդ ընթացքում հնչել են անձնական վիրավորանքներ, կողմերը չեն եղել հավասար պայմաններում, կիրառվել են քաղաքակիրթ բանավեճերին հակասող մեթոդներ և գործիքներ:

Այլ է իրավիճակը պաշտոնական հայտարարությունների դեպքում:

Վերլուծելով ԵՊՀ ղեկավար մարմինների կողմից հրապարակված հայտարարությունները` հասկանում ենք, որ այստեղ կարող էր ծավալվել հետաքրքիր բանավեճ, քանի որ առկա էին հիմնական մի քանի պահանջներ՝ կարծիքի հիմնավորում փաստերով, հանրային խոսքի հանդեպ ներկայացվող պահանջների պահպանում, քննարկում կարծիքների և իրավիճակների, այլ ոչ թե անձերի շուրջ: Սակայն տվյալ դեպքում որպես պատասխանող կողմ հանդես եկող «ԵՊՀ ռեստարտ»-ի նախաձեռնողներն իրենց հայտարարություններում չեն անդրադառնում հակադարձող կողմից բարձրացված խնդիրներին, փաստերին, չեն փորձում հերքել դրանք սեփական փաստարկներով` կարծես թե որպես ուղենիշ ունենալով վերևում մեջբերված «Մեր խոսքերը հիանալի են, մեր գործերը` աննման» թեզը: Այս թեզը հիմնավորվում է այն փաստարկով, որ նախաձեռնության անդամները հիմնաքարային են համարում իրենց դերակատարությունը «Թավշյա հեղափոխության» իրականացման հարցում: Մյուս կողմից, սակայն, ԵՊՀ-ի կողմից տարածվող հայտարարություններում նկատվում են հստակ շեշտադրումներ` նախաձեռնության կողմից բարձրացվող խնդիրներին, փորձ է արվում հերքել առաջադրված խնդիրները` դրանով իսկ որպես բանավիճող կողմ ստանալով շեշտակի առավելություն:

Այլ զրույցներ

Հայաստանյան առցանց միջավայրում քննարկվող թեմաներն այսօր տասնյակների են հասնում, սակայն դրանք, ծանրակշիռ մեծամասնությամբ, դասվում են վերոնշյալ 2-րդ, 3-րդ, 4-րդ խմբի տեսակետների շարքին, որոնք չեն առաջացնում կոնստրուկտիվ բանավեճեր, չեն դառնում քննարկման նյութ ո՛չ փորձագետների, ո՛չ քննարկման նյութում հանդես եկող անձերի կողմից: Այս ամենից հետևում է, որ եթե ուզում ենք լսելի լինել, ապա պետք է հստակ գնահատենք մեր միտքը, արդյոք այն կարծի՞ք է, թե՞ ոչ: Օբյեկտիվ եզրահանգման համար անհրաժեշտ է ունենալ 3 հարցերի պատասխաններ.

1. Արդյոք կարծիքը ձե՞ռք է բերվել էմպիրիկ կամ ռացիոնալ մտածողության ճանապարհով, թե՞ ոչ:

2. Ունե՞նք մեր կարծիքն ամրապնդող փաստարկներ, թե՞ ոչ:

3. Մեր կարծիքը քննարկվող թեմայի սահմաններու՞մ է, թե՞ լողում է այլ ոլորտներում:

Չմոռանանք, որ մենք կարծիք ունենք` եթե վերլուծում ենք: