Բարին` որպես բարձրագույն արժեք և չափանիշ

ՍԱ Է ՄՏԱՎՈՐԱԿԱՆԻ ԽԱՉԸ

Պատվարժան մտավորականի, բժշկի և պարզապես հայ մարդու` Բենիկ Նիկոլայի Հարությունյանի ծննդյան շնորհավորանքն իսկ դժվար է միայն բարեմաղթանքներով հնչեցնել: Մտապատկերումդ ակամա հառնում է ճշմարիտ մտավորականի անցած ուղին, որի տարբեր հանգրվաններում հայտնված խոչուխութերը հաղթահարվել են անխոնջ աշխատանքով, իր գործին, ասել է թե՝ մարդկանց օգտակար լինելու ջանադիր նվիրումով…

ՈՒ այսօր նորից ուզում եմ գտնել մեզ խիստ մտահոգող հարցերից մեկի լիարժեք պատասխանը. ո՞վ է մտավորականը, ո՞ւմ կարելի է համարել իսկական մտավորական:

Մտավորականը բարոյական բարձր արժանիքներով օժտված անհատն է, ում ի վերուստ տրված է  բարի ու մարդասեր լինելու տաղանդ: Այս մասին կարևոր դատողություն ունի նաև 5-րդ դարի հայ մեծանուն փիլիսոփա Դավիթ Անհաղթը: Նա խրատում է, որ բարին ավելի նախընտրելի է, քան անգամ ճշմարտությունը: Այն ամենը, ինչ ճշմարիտ է, բարի է, բայց ամեն մի բարի բան ճշմարիտ չէ, որովհետև պատահում է, որ սուտն էլ բարի է լինում: Իսկ Նարեկացին, աղերսում էր Աստծուն. «Մի՛ դատիր արդար, դատի՛ր գթությամբ...»:

Բարին` որպես բարձրագույն արժեք և չափանիշ... սա է մտավորականի խաչը...

Մտավորականը ազգի հայելին է, և նրա մեջ է արտացոլվում ազգի սոցիալական և պատմական բնութագիրը, ժամանակի ոգու ընկալումը, կյանքի շարժման ուղղությունը, զարգացման հնարավորությունը: Երանի այն ազգին, որի հայելու մեջ պարզ ու հստակ արտացոլված են ազգային ու համամարդկային արժեհամակարգն անխաթար կրող ու փոխանցող, այդ արժեհամակարգի մեջ սեփական ձեռագիրն ունեցող մտավորականների կերպարներ: Այդ հայելին անչափ գրավիչ ու գեղեցիկ է, այնքան առինքնող, որ կարող ես անվերջ նայել ու նայել:
Այդպիսի մի վճիտ հայելի է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բուժծառայության գնդապետ։ Բենիկ Նիկոլայի Հարությունյանի կյանքը: Մտավորական, որին ունենալու մասին կերազեին բոլոր քիչ թե շատ քաղաքակիրթ ժողովուրդները` մշտապես հակամետ քաղաքակրթության նորանոր բարձունքներ նվաճելու:

Մտավորականները ազգի սերուցքն են, և դա հայտնի ճշմարտություն է, բայց այդ սերուցքն էլ ունի իր սերուցքը` բժիշկները... Իր կոչմանը հավատարիմ, իսկական բժիշկը մարդասիրության բարձրակետն է: Եվ այդ արժեքի կրողն է Բենիկ Հարությունյանը՝ մեկը ամենամարդասիրական մասնագիտության ազնիվ ասպետներից:

Խիղճը բժշկի արյան բաղադրությունն է... այդ անխիղճ խիղճը, որ տասնամյակներ շարունակ հանգիստ չի տվել նրան՝ արթնացնելով խաղաղ քնից, տանելով ցրտի ու սառնամանիքի, թշնամու գնդակոծության, երկրաշարժի փոշու ու դղրդյունի, կրակների միջով.... փրկելու թեկուզ մեկ մարդկային կյանք...
Կարիք կա՞ որևէ բան ավելացնել մտավորականի կերպարն ամբողջացնելու համար: Կարծում եմ` ոչ... Ուրեմն ասենք` շնորհավոր ծննդյանդ տարեդարձը, թանկագին Բենիկ Նիկոլայի:

Մաղթանքը մեկն է և, վստահ եղեք, որ այն տարվա բոլոր օրերին պատրաստ են կրկնել Ձեզ ճանաչողները` անխաթար առողջություն ենք ցանկանում հազարավոր մարդկանց առողջություն պարգևած անձիդ: Գնահատված լինելու վայելքը, որպես օրհնանք, միշտ ուղեկցելու է Ձեզ՝ ջերմացնելով դժվարին պահերին:

Ձեզ բարին կամեցողների անունից` Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ