Այլևս անհերքելի իրողություն է Հայոց զարթոնքի արշալույսը

ՄԵՐ ԱՊԱՀՈՎ ԱՊԱԳԱՅԻ ԳՈՅԱՄԱՐՏՆ Է ԱՅՍ ՊԱՅՔԱՐԸ

Եթե համազգային այս պոռթկումը չիրականանար այսօր, գուցե և վաղը ուշ լիներ: Իրապես չէր կարող երեք տասնամյակում ձևավորված գաղջ միջավայրում անթեղված մնալ Հայոց աննկուն ազատատենչ ոգին: Հազարամյակներ ի վեր, բազում արհավիրքներով անցած ազգը, որը աշխարհում իր ուրույն տեղն է նվաճել՝ համամարդկային մշակութային արժեհամակարգը համալրելով բացառիկ ներդրումներով, մշտապես փայփայել է իր հանգրվանում խաղաղ, արդար և ստեղծագործ արարումով ապրելու գաղափարհը:
 
Դա, կարծես թե, մարդկությանը ապսպրած առաջին մարգարեության դրսևորումը լինր, որի արդյունքում հայը պետք է կարողանա մարդավայել ապրել, ապահովել իր զավակների երաշխավորված վաղվա օրը: Սակայն վերջին երեք տասնամյակում, օտարածին ազդեցությունների ներքո ձևավորված իշխանական համակարգի որդեգրած ապազգային քաղաքականության «շնորհիվ», հայության գլխին կախվեց դանդաղ ոչնչանալու սպառնալիքը, հայրենազրկության վտանգը: 
 
Աշխարհի այսօրվա տիրակալները ձգտում են մեզ վերջնականապես վերածել օտար հանգրվաններում դեգերող պանդուխտների, մեզանից խլել ի վերուստ մեզ շնորհված առաքելությունը, զրկել մեզ մեր ուխտից: Հետևողականորեն մշակված և հմտորեն իրականացվող քաղաքականության արդյունքում փոշիացվեց համաժողովրդական հարստությունը, բաժան-բաժան արվեց տարբեր խմբերի միջև, ստեղծվեց վաշխառուական քրեաօլիգարխիկ մի համակարգ, որը ավելի ու ավելի է սեղմում մեր պարանոցներին ամրացրած պնդօղակը: Ժամանակն է, որ օրակարգում հայտնված բազում հարցերը իրենց հիմնավորված ու սպառիչ պատասխանները ստանան: 
 
Որտե՞ղ և ինչպե՞ս ձևավորվեց քաղաքական այն վերնախավը, որին արտոնվեց անպատիժ խաղալ ժողովրդի ապագայի հետ: Աննշան փոքր մի խմբի թույլատրվեց աննախադեպ հարստանալ՝ սեփական ժողովրդին ունեզրկելու, հարստահարելու, անխնա թալանելու հաշվին: Իրենց այդ նպատակը իրագործելու ճանապարհին նրանք ազգային ոչ մի արժեք չեն խնայում, չեն վարանում օգտագործել ամենաստոր ու զազրելի հնարքները: 
 
Մենք պայքարի ենք ելել ոչ միայն հանուն մեզ արժանի լավ ու բարեկեցիկ կյանքի: Այս պայքարը մեր ապահով ապագայի գոյամարտն է, աշխարհում մեր քաղաքակրթական առաքելությունը ապահովող գործընթացներից մեկը: Պայքարում ենք հանուն մեր արժանավայել կյանքի, գոյատևման ճշմարիտ ուղիները հաստատելու իրավունքի: Առողջ և աշխատունակ իմ համաքաղաքացին ինչո՞ւ իր հայրենիքում չպետք է կարողանա վաստակել իր ընտանիքի ապրուստը: 
 
Հոգնել ենք այլևս, չենք ցանկանում ապրել ստի, կեղծիքի, փարիսեցիության, բազում խարդավանքների պայմաններում: Արդարություն և չբռնադատված իրավունք ենք տենչում, ճորտությունից ձերբազատվել ենք ուզում: Լայն բացեք ձեր հոգու աչքերը, եթե դրանք իրապես կան, և վերջապես ընդունեք, որ օբյեկտիվորեն նոր իրողություն է հաստատվել մեզանում, նոր սերունդ է եկել իր աշխարհայացքով և ուրույն ըմբռնումներով: Մենք, պատմական բազում արհավիրքներից մազապուրծ, այսօր արժանի ենք և վաստակել ենք մեր հողի վրա ազատ ու արդար միջավայրում ապրելու իրավունքը: 
 
Հայաստանում իշխանությունը ապօրինաբար զավթած քաղաքական վերնախավը այսօր ատամները սեղմած համակ ուշադրությամբ հետամուտ է ծավալվող իրադարձություններին և դարանակալած բորենու բնազդով սպասում է իր առյուծաբաժինը չանթելու հարմար պահին: 
 
Խիստ կասկածում եմ, որ դուք հայ եք: Խոսքս սպիտակահեր պապիկի դնչին հարվածող, երիտասարդ հայուհուն արյունլվա անող, հայ պատանու աչքը հանող ոստիկանին, նրա հրամանատարին և այդ ամենը սրբագրած չինովնիկին է վերաբերում: Ասեմ ավելին, մարդկությունը իր երկար ու ձիգ գոյության ընթացքում անհամար առաջնորդներ ու քաղաքական գործիչներ է տեսել: Եղել են այնպիսիները, որոնք սիրել ու նվիրվել են իրենց ազգին, ամեն ջանք գործադրել են նրա բարեկեցիկ ապագան կերտելու համար, եղել են նաև իներտ և անտարբեր գործիչներ: Իսկ դուք, պարոնայք, ատում եք հային և անում եք ամեն ինչ՝ նրան դանդաղ ու անաղմուկ բնաջնջելու համար: 
 
Այս նոր իրողությունում պետք է համակեցության նոր սկզբունքներ ձևավորենք, փորձենք նորովի իրացնել մեր ներուժը: Մենք չէ, որ աշխարհը բաժանել ենք սիրո-ատելության, սևի-սպիտակի, լուսավորի ու գորշի: Հազարամյակներով է այդպես եղել: Բայց այդ անջրպետը հնարավորինս կհաղթահարվի մեզանում, եթե ոմանք ունկնդրեն ժողովրդին, կիսեն նրա հոգսերը, դարդն ու ցավը: 
 
Մենք ականատեսը եղանք ազատ մարդու հայտնությանը, հանրության միասնական կամքի դրսևորմանը, սեփական ռեսուրսները գործադրելու ունակության զարթոնքին: Վճռական ու բախտորոշ պահերին մեր անկոտրում կամքը մեզ ամբողջացնում է: Այսօր իրատես պետք է լինել և կուռք չդարձնել որևէ մեկի անձը՝ եթե ցանկանում ենք, որ պայքարի պտուղները հարատևեն: Լիդերամոլությունը բթացնում է հանրության զգոնությունը, թուլացնում վերահսկելու նրա ունակությունը, որն էլ իր հերթին կարող է հանգեցնել առաջնորդի անսխալականության մասին վնասակար գաղափարին: Վերջինս էլ կարող է դառնալ ժողովրդի զարթոնքի անկման պատճառը, որի արդյունքում էլ կհայտնվենք լճացման նոր փոսորակում: Եվ աչալրջորեն դարանակալած շնագայլերը, օգտագործելով իրենց հարուստ զինանոցի սպառազինությունը, անսպասելիորեն դարձյալ կճանկեն մեզ ղեկավարելու մեր իրավունքը: Նույնիսկ ավելին, չեն խորշի իրենց ճարպոտ պարանոցները զարդարել դափնեպսակից թռցրած տերևներով: ՈՒրեմն պետք է առավելագույն զգոնություն դրսևորել: 
 
Իշխանամոլությունը ոչնչով չի տարբերվում մարդկային այլ մոլուցքներից: Եթե անհատը կարիերիստական մղումներով է գալիս իշխանության, նա կսպասարկի սեփական կամ խմբակային շահերը: 
 
Այսօր հանրության մանդատով և աջակցությամբ մի խումբ երիտասարդ գործիչներ դառնում են նոր սպասումների կրողն ու կերտողը: Եթե նրանք չկարողանան կոտրել հնացած կարծրատիպերն ու ստեղծել նոր մարտահրավերներին համապատասխանող համակարգ, կկորցնեն ժողովրդի վստահությունը և կարժանանան նախորդների բախտին: 
 
Այսօր ոմանք խուճապի մեջ են հայտնվել: Այո, «վենդետա» չի հայտարարված: Սակայն հանրության համար օրախնդիր դարձած շատ հարցերի լուծումները պետք է տրվեն բացառապես իրավական դաշտում և օրենքի գերակայության սկզբունքին համաձայն:
 
Ռոբերտ ԱԴԻԲԵԿՅԱՆ