Սակագներն աշնանը կհաշվեն

ԼԱՎ Է, ՈՐ ԳՈՆԵ ԳՆԱԲԱՐՁՐԱՑՈՒՄ ՉԻ ԼԻՆԻ

Հանրությունը ցնծությամբ էր ընդունել օրեր առաջ տարածված լուրը, թե շուտով վերանալու են գազի ներտնային սպասարկման վճարները: էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն այսօր հերքել է այդ տեղեկատվությունը:
 
Ավելին, նա հավանական չի համարել նաև  գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազումը, սակայն ընդգծել է, որ դրանց գների բարձրացում ևս հաստա՛տ չի լինի։
 
Այսուհանդերձ՝ հուսադրող է, որ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ քննարկումներ են ընթանում սակագնի նվազեցման հարցի առնչությամբ՝
 
- Մասնագետները սկսել են քննարկումները երեկ երեկոյան, արդյունքների մասին հնարավոր կլինի խոսել ավելի ուշ, սակագների նվազեցման հնարավոր բոլոր տարբերակների վերաբերյալ քննարկումներ կլինեն,- հավաստում է նախարարը։
 
Արթուր Գրիգորյանի այն հիշեցումը, թե սակագները կարող են վերանայվել 6 ամիսը մեկ, ևհնարավոր փոփոխությունները կարող են լինել միայն օգոստոսից հետո՝ նորություն չէ: Սակայն վաղուց ի վեր բացահայտված փաստ է նաև այն, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ավելի շատ որպես «դակող» օղակ է հանդես եկել՝ անվերջ միայն գնաբարձրացման առաջարկները վավերացնելով: Ասել է թե՝ այդ օղակի համար առաջնայինը իշխանությունների վերաբերմունքն է… 
 
Ինչ վերաբերում է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն «Տաշիր» գրուպին հանձնելուն, նախարարը փարատել է դրա հետևանքով նոր գնաճի մտավախությունը՝ շեշտելով՝ 
 
- Բարձրավոլտ էլեկտրական ցանցերը պետք է 25 տարով հավատարմագրային կառավարման հանձնվեր «Տաշիր» գրուպին, բայց այս պահին դադարեցվել է պայմանագիրը, և այն մնալու է որպես պետական հիմնարկություն:
 
Պայմանագրում նշված կետեր կային, որոնք ուղղակի ձեռնտու չէին պետությանը:
 
Թերևս գործադիրում սկսել են հասկանալ, որ պետությունը չի կարող ձեռնտու լինել  իր գործառույթները մասնավորին հանձնելը՝ շուկայական կոչվող մոնոպոլիայի վայրիվերումների ցանցը նետելով ժողովրդին: