Ընդվզումի նոր հասցե` Երևանի պետհամալսարան
Օրավուր ակնհայտվում են կրթական համակարգում կուտակված հիմնախնդիրները: Մինչ այժմ դրանց մասին բարձրաձայնումներ գրեթե չէին լինում, ու հիմա դժվար է ասել`այդ խնդիրները աննկատ են մնացել նաև հենց սովորողների՞ համար, թե՞ ընդվզումն է համարվել անիմաստ ու նույնիսկ վտանգավոր: Վտանգավոր` դասախոսների և ուսուցիչների զայրույթը չշարժելու առումով, ինչը հետագայում կարող էր անդրադառնալ գնահատականների վրա:
Զարմանալի է, սակայն, որ մերօրյա ընդվզումները միայն դպրոցներում ոչ մի կերպ արմատախիլ չարվող դրամահավաքներից է, և ոչ մի խոսք` ուսման որակի մասին: Ինչ վերաբերում է բուհերին, որոնց ուսանողներն ավելի ինքնուրույն են` ավելի լայն մտահորիզոնով, պարզվում է` նույնպես դժգոհություններ կան կուտակված:
Հենց այդ կուտակումների պոռթկումն է այսօր Երևանի պետհամալսարանի ուսանողների դասադուլը` ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի, հոգաբարձուների խորհրդի լուծարման, ֆինանսական աուդիտի անցկացման, ուսխորհրդի և արհմիության գործունեության կասեցման պահանջով։
Ի դեպ, ԵՊՀ ուսանողները հիմնել են «Ռեստարտ» նախաձեռնությունը, որի առաջնորդությամբ էլ առավոտից դասադուլ են հայտարարել և երթ են իրականացնում` իրենց պահանջները լսելի դարձնելով բոլոր մասնաշենքերում: Նրանք նշում են, որ համալսարանում ֆինանսական չարաշահումներ են տեղի ունեցել, կոռուպցիոն երևույթներ կան, և բուհը կուսակցականացված է
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանի խոսքով` համալսարանն ուսանողակենտրոն չէ, և այսպես շարունակվել այլևս չի կարող։
- Մենք շարունակում ենք ուսանողներից, դասախոսներից ստանալ զանգեր, ովքեր նշում են, որ այն մարդիկ, ովքեր մասնակցել են ցույցերին, մեղմ ասած, լավ վերաբերմունքի չեն արժանանում։ Սրան գումարած հաշվի առնելով նաև ԵՊՀ-ում այսօր առկա բազմաթիվ խնդիրների առկայությունը` սկսած կրթական որակ, ակադեմիական ազատություն, կառավարման թափանցիկություն, ռեսուրսների ոչ արդյունավետ ծախսում, որը կարելի է նույնիսկ որակել վատնում, այլ բան մեզ չի թողնում, քան պահանջել ղեկավար կազմի հրաժարականն, այդ թվում` ռեկտորի,- ասել է Դ. Պետրոսյանը։
Բողոքի ակցիան նախաձեռնողների պնդմամբ` ստեղծված նոր իրավիճակում ռեկտորը չի համապատասխանում համալսարանի ուսանողների պահանջներին։ Բացի այդ` ռեկտորատը կատարում է անհիմն ծախսեր, որոնք կարող են ուղղվել կրթության որակի բարելավմանը: Ուսանողները կարևորել են նաև ակադեմիական ազատությունը, որը ըստ նրանց` ԵՊՀ-ում բացակայում է: