«Տեսանելի է, որ խորհուրդն օժտված է որոշակի վարչարարությամբ»

ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՊԱՀԱՆՋ. ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ

Դատաիրավական համակարգի առողջացման համար անձերի փոփոխություն է պետք. շատ դատավորներ կան, որոնք այս տարիների ընթացքում լուրջ անվստահություն են ձևավորել դատական համակարգի նկատմամբ:
 
Այս կարծիքը հայտնեցՀայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Դատաիրավական համակարգի բարեփոխումների պահանջ. իրավապաշտպանների առաջարկները» թեմայով քննարկման ժամանակ:
Ըստ իրավապաշտպանի՝ այսօր հիմնական խնդիր է շարունակում մնալ քաղաքական բանտարկյալների անազատության մեջ գտնվելը:
 
- Ոչ միայն մարդու իրավունքների տեսանկյունից է խախտում, որ կան քաղբանատարկյալներ, այլև հասարակության առողջացման համար է պետք նրանց ազատ արձակելը, դրանով վստահություն կառաջանա դեպի դատարանները,- ասում է Ռևազյանը և հավելում՝ դատավորները իրենք պետք է հասկանան, որ ժամ առաջ պետք է արդարությունը վերականգնեն:
 
Ռևազյանը շեշտում է, որ անձերի փոփոխությունից բացի օրենսդրական դաշտի փոփոխություններ են հարկավոր, մասնավորապես «Դատական օրենսգրքի»  փոփոխություն, որպեսզի դատավորի անկախությունը ավելի բարձրացվի:
 
Քննարկման մյուս մասնակից,«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավաբան-փորձագետ Հասմիկ Հարությունյանի կարծիքով՝ դատական իշխանության հետ կապված հիմնական խնդիրը մշտապես եղել է դատական իշխանության անկախության հարցը:
 
- «Դատական օրենսգրքի» այն փոփոխությունները, որ առաջ քաշվեցին և այսօր ունենք արդեն փոփոխված, գործող «Դատական օրենսգիրք»՝ ցույց չեն տալիս այն երաշխիքները, որ լուրջ քայլեր են ձեռնարկվում ավելի անկախ դատական իշխանություն ունենալու համար,- նկատում է Հ. Հարությունյանը:
 
Անդրադառնալով նաև Բարձրագույն դատական խորհրդի կազմի ձևավորմանը, անդամներին, լիազորություններին և գործունեության ընթացակարգերին, նա ընդգծեց՝
 
- Տեսանելի է, որ խորհուրդը օժտված է որոշակի վարչարարությամբ, ինչը նրա գործունեության վրա կարող է բացասաբար անդրադառնալ:
 
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի ղեկավար, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն էլ ասում է, որ Բարձրագույն դատական խորհրդում ընտրություն տեղի չի ունեցել:
 
- Մենք գիտենք լավ դատավորներ, լավ մասնագետներ, որոնց անգամ մոտ չեն թողել, որպեսզի նրանք մասնակցություն ունենան: Դատական խորհրդում դատավորներ են ընտրված, որոնք անձամբ պատասխանատվություն են կրում դատական համակագի նկատմամբ անվստահության ձևավորման մեջ: Ես կարծում եմ, պետք է լուծարվի այդ խորհուրդը և Գագիկ Հարությունյանն էլ պետք է հեռանա: Այդ բարձրագույն դատական խորհրդին չի վստահում հանրությունը,- նշեց Ալեքսանյանը:
 
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ով նույնպես մասնակցում էր քննարկմանը, ասաց, որ Հայաստանում ընտրովի արդարադատությունը վարքագիծ է և անվստահությունը դատական իշխանության նկատմամբ պայմանավորված է եղել սելեկտիվ արդարադատության փաստով:
 
- Որոշումները կայացրել են ոչ թե արդարադատության սկզբունքի հիման վրա, այլ ըստ նպատակահարմարության: Նույնիսկ առաջին ատյանի դատարանի որոշումները կայացվում են ոչ թե առաջին ատյանի դատարանի կողմից, այլ Վճռաբեկ դատարանի,-ասում է Սաքունցը և ընդգծում, որ ակնկալիքները դատական իշխանության վարքագծի փոփոխության առավել քան մեծ են:
 
Իրավապաշտպանը շեշտում է, որ դատական իշխանության նկատմամբ վստահության ձևավորմանն հիմնական ճանապարհը հենց դատավորներն են, որ կարող են հենց այս պահին իրականացնել արդարադատություն:
 
- Սա այն դեպքն է, որ դատական իշխանության փրկությունը հենց իր մեջ է,- համոզված է Սաքունցը:
 
Լիլիթ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող