Մխիթարյան հեզաբարո վարդապետ Հայր Հովսեփն անսաց Տիրոջ կանչին

ՀԱՅՐ ՀՈՎՍԵՓ ՊԵՀԵՍՆԻԼՅԱՆԻ ԼՈՒՍԵ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Հայր Հովսեփի ներկայությունը Երևանում գործող Մխիթարյան ժառանգավորաց կրթահամալիրում ոչ միայն սաների համար էր դռներ բացում դեպի հոգևոր աշխարհ ու քրիստոնավայել կյանք, այլև շատերիս, և մենք մեծագույն ակնածանքով շտապում էինք տեսնել ու լսել նրան:

 

Խոսում էր շշուկով` ցուցամատը երկյուղածորեն պարզելով դեպի  սրբապատկերները, և աչքերը ողողվում էին աղոթարանի խորանից իրեն հասնող լույսով, հետո հրճվագին երկյուղածությամբ ցուցամատն այս անգամ դեպի վեր էր պարզում ու լռում` ասես վայելելով իրեն հասանելի հրեշտակների ձայները...

Մանրիկ, արագ, թվում էր` գետնին չառնող քայլերով էր առաջանում մեզ ճանապարհելիս, հետո իր նուրբ ու բարակիրան մարմնի ուժերը լարելով ետ էր քաշում ծանր դուռը, ու մենք կրկին, բայց անշուշտ, ավելի քրիստոնեաբար, հայտնվում էինք մեզ սպասող առօրյայի մեջ:

Առողջությունը քիչ-քիչ լքում էր նրան: Տեղափոխվելու էր Վենետիկ` Մայրավանք: Հասկանալի էր, որ այլևս չէինք հանդիպելու նրան: Նկատում էր մեր աչքերի թախիծն ու ասում`

- Մի տխրեք, այլ ուրախացեք, որ Տերը կանչում է ինձ: Երբ կլսեք, որ վրա է հասել իմ վերջին ժամը, հրճվագին աղոթքներով, ուրախ երգերով ուղղեք ինձ հրաժեշտի ձեր խոսքերը, որովհետև երկինքն սպասում է ինձ: Այնտեղից ավելի շատ եմ լինելու ձեզ հետ...

Ինձ մնում է արդեն ասել` երանի երկնային հրեշտակներին, որովհետև այսօր նրանց միացավ Հայր Հովսեփի լուսեղենությունը: Եվ` երանի երկրում այն ապրողներին, ովքեր  ուրախությամբ շարունակելու են ստանալ այս անգամ արդեն Երկնային Բարձունքներից իջնող նրա սիրառատ օրհնությունները:

Իսկ նրանք, ովքեր չկարողացան ճանաչել ու հաղորդակցվել Հայր Հովսեփի հեզաբարո լուսեղենության հետ, ուզում եմ ասել` փնտրեցեք և կգտնեք, որովհետև լույսը ճանաչում է լույսին:

 

Շուշանիկ ՈՍԿԱՆՅԱՆ