Աշխատանք չես տալիս՝ ապրուստ ապահովիր, պետություն ջան

Ի ՎԵՐՋՈ՝ ԾԵՐԱՑՈՂ ԵՐԿԻՐ ԵՆՔ

Իր վերջին դռնբաց նիստում կառավարությունն այսօր, ի թիվս այլ նախանշումների, որոշվել է ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքին նվիրաբերել Բաղանիս գյուղի մի հողամաս՝ մանկապարտեզ և ապաստարան կառուցելու պայմանով: Ընդորում՝ նոր ապաստարանի  կառուցման բյուջեն կազմում է 6 մլն ՀՀ դրամ, այն կառուցելու է Հայկական կարմիր խաչը:
 
Որոշումը նաև մեկ այլ հրատապության ելք է հուշում, որն ուզում ենք հասցեագրել գործադիրին: Ոչ մի կերպ չլուծվող սոցիալական անապահովությունը պիտի որ մղի պետությանը՝ մեր քաղաքացիների գոնե գոյատևելու իրավունքն ապահովել: Աղքատ լինելուց բացի՝ Հայաստանը նաև ծերացող երկիր է. միջին ու դրանից բարձր տարիքի անձինք «վտարված» են աշխատաշուկայից, իսկ երիտասարդները, ոմանք՝ անհուսությունից, ոմանք իրենց մասնագիտությանն ու նախասիրություններին համապատասխան աշխատանք չգտնելով՝ արտերկրներ են մեկնում: Հայաստանը կանգնած է ժողովրդագրական մի շարք խնդիրների առջև. Ինչպես մասնագետներն են  փաստում՝ նկատվում է ծնելիության անկում և ծերացող ազգաբնակչության աճ: Հավելումն՝ արտագաղթը: 
 
- Մի երկիր, որտեղ ծնելիության մակարդակը պարզ վերարտադրությունից էլ ցածր է, տարիների դինամիկան ցույց է տալիս, որ բնակչության թվաքանակը գնալով նվազում է, և, որ ամենակարևորն է՝ միգրացիոն արտահոսքերը բերում են նաև ժողովրդագրական՝ տարիքային խմբերում մեծ խեղման: Հայաստանում այս պահի դրությամբ գրանցվում է հատկապես տարեցների թվաքանակի աճ, և հետևաբար՝ ինչպես բազմիցս արդեն նշվել է՝ Հայաստանը համարվում է ծերացող երկիր: Դրան նպաստող գործոններից մեկը նաև Հայաստանում առկա արտագաղթի տեմպերն են,- առժամանակ առաջ փասել էր ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը : 
 
Ասել է թե՝ կարճ ժամանակ անց կենսաթոշակ կամ նպաստ ստացողների քանակն է՛լ ավելի է մեծանալու: 
 
Մյուս կողմից՝ հոգեբանություն է փոխվել և անվճար ճաշարաններից օգտվողները վաղուց արդեն չեն բարդույթավորվում: Մեծահարուստներից, ՏԻՄ-երից, պաշտոնյաներից նյութական օգնություն խնդրողների բանակը շատ ավելի մեծ կլիներ, եթե նրանց հանդիպելու հնարավորություն ունենային բոլոր կարիքավորները…
 
Մի խոսքով, եթե պետությունն ի վիճակի չէ աշխատանքով ապահովել իր քաղաքացիներն, ապա պարտավոր է ինչ-որ այլ կերպ հոգալ նրա կենսանվազագույնը: Եվ այդ առումով, կարծում ենք՝ նպատակային կլինեն տարատեսակ ապաստարանները՝ թե՛ վճարովի, թե՛ անվճար, թե՛ շուրջօրյա և թե «աշխատանքային օրվա» տևողությամբ: Բնականաբար՝ յուրաքանչյուրն իր պայմաններով: Այդ ապաստարանների շահառուները իրենց սերնդակիցների ու բախտակիցների շրջապատում նախ իրենց լքված չեն զգա, սնունդ, տանիք կունենան, բուժօգնություն կստանան:
 
Այո, նմանատիպ բարեգործական ծրագրեր իրականացվում են, ծերանոցներ էլ ունենք, սակայն խոսքը նոր որակի մասին է. այնպիսի հաստատությունների, որտեղ անզորությունից նվաղողները պետության հովանավորությունը վայելող լիարժեք քաղաքացիներ կզգան իրենց: Իսկ բարեգործներն ու մեծահարուստներն էլ թող նման հաստատություններին հովանավորներ դառնան՝ «ձախ ձեռքից» թաքցնելով «աջ ձեռքի» բարերարությունը:
 
Իսկ ինչո՞ւ ոչ…