Ո՞ւմ ջրաղացին է ջուր լցնում կառավարությունը

ՀԻՄԱ ԷԼ ԱՏԱՄՆԱԲՈՒՅԺՆԵՐՆ ԵՆ ԴԺԳՈՀՈՒՄ

Առողջապահության նախարարության  նորամուծություններն շարունակում են զայրացնել հանրությանն ու նրա դժգոհությունը հարուցել: Դեղը միայն դեղատոմսով գնելու որոշման առաջացրած խառնաշփոթ դեռ չմարսած՝ հիմա էլ  ատամնաբույժներն են ոտքի կանգնել:
 
Բողոքի ակցիան սկսեցին Շիրակի մարզի ատամնաբույժները՝ պահանջելով հրաժարվել էլեկտրոնային առողջապահական համակարգից, որը, ըստ նրանց, հավելյալ բեռ է:
 
Էլեկտրոնային առողջապահական համակարգն իրականում վերահսկելու է հիվանդների մուտքն ու ելքը, ըստ էության՝ նաև բժշկական կենտրոնների, բժիշկների հոսքերը, քանի որ բժշկական ծառայությունների մի մասը ստվերում է մնում: 
 
Ինչ վերաբերում է համակարգին՝ դրա անհրաժեշտությունը կա՛, քանի որ բոլորը պետք է հարկ վճարեն: Սակայն պետությունը պետք է նաև չանտեսի մերօրյա այն իրողությունը, որ ստվերի դեմ պայքարը առանձնապես լուրջ արդյունք չի տալիս, մինչդեռ թանկացում է ենթադրում՝ այս դեպքում ատամնաբուժական ծառայությունների գների բարձրացում: Իսկ այս տարի նույնպես թոշակների ու աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ, հետևաբար առանց այդ էլ սուղ եկամուտներ ունեցողը հիմա երևի կրկնակի կոտրտված տաշտակի առաջ է կանգնելու: 
 
Իսկապես՝ անագուցելի թվացող թնջուկ, որի լուծման ելք առաջարկում են Շիրակի ատամնաբույժները: Նրանք Առողջապահության նախարարությանը խորհուրդ են տալիս էլեկտրոնային  առողջապահական համակարգը ներդնել  պետության հաշվին: Այսինքն՝ պետությունը պետք է իր միջոցներով հաշվապահ, համակարգիչ և լրացուցիչ աշխատակից վարձի, որ բժշկական կենտրոններում ամեն մանրամասն գրանցի յուրաքանչյուր հիվանդի մասին: 
 
Սակայն ոչ բոլոր ատամնաբույժներն են էլեկտրոնային առողջապահական համակարգն անարդյունավետ համարում: Նրանց մի մասը կարծում է, որ սրանով բժիշկը պաշտպանված է, բայց համակարգը դեռ պիտի մշակվի: Իսկ մի մասն էլ դա իսկական հարված է համարում մարզերում աշխատող ատամնաբույժներին, քանի հատկապես գյուղական համայնքներում շատ կլինիկաներում ընդամենը մեկ բժիշկ կա, և ո՛չ մենեջեր ունեն, ոչ էլ բուժքույր: 
 
Եվս մեկ մտահոգություն. Էլեկտրոնային առողջապահական  համակարգի ներդրումից հետո ցանկացած բժիշկ իր ID քարտով կարող է մտնել համակարգ և թե՛ բժիշկների, թե՛ հաճախորդների մասին իմանալ ամեն ինչ: Ատամնաբույժները   մտավախություն ունեն, որ տվյալները հասանելի կլինեն բոլորին: Իսկ ըստ տեղեկությունների, էլեկտրոնային առողջապահական համակարգը մեծ խաղացողների՝ խոշոր կլինիկաների պատվերն է: Այսինքն՝ սրանով փորձելու են վերացնել փոքր և միջին բժշկական հաստատություններն ու բժիշկներին: