Ո՞ւմ երազանքի ասպետներն են այս տխեղծները

ԼԿՏԻՈւԹՅԱՆ ԳՈՎԱԶԴ

Մի՞թե կրթության սկզբնաքարը դաստիարակությունը չէ՝ նախևառաջ հուշելով, թե ինչպես կրթվել, մարդկային ի՞նչ որակներ ձեռք բերել՝ ամբարելիք գիտելիքներ սոսկ տեսական իմացություն չթողնելու համար: Իհարկե, հաճախ փողոցն էլ է դաստիարակում՝ ոմանց մղելով հեռու մնալ փողոցային բարքերից, ոմանց էլ ներքաշելով վտանգավոր իր ճահիճը:
 
Դպրոցի առաքելություններից մեկն էլ այդ ճահճի ակունքները փակելն է: Բայց երբ փողոցային հոգեբանությունն է ներմուծվում դպրոց՝ մանկավարժների անտարբեր հայացքի ներքո, այլ բան չի մնում, քան հիասթափվել:
 
Հիասթափության հերթական առիթը այս խուլիգանների լկտի հայացքներով զարդարված տետրերն էին, որոնց օգտագործումն, ի դեպ, արգելվել էր երևանյան դպրոցներից մեկում: Արժանին մատուցելով այդ դպրոցի՝ իրենց կոչմանը հավատարիմ տնօրենին ու մանկավարժներին, անդրադառնանք ցավ ու ցասում հարուցող տխրահռչակ տետրերին:
 
Տետրի ճերմակ կազմին բութ ինքնագոհությամբ ժպտացող մի արարած, կատվիկին պատանդ դարձրած՝ ռուսերենով սպառնում է ուսուցչին՝ «5 նշանակիր, կամ կատվիկը կմեռնի»:
 
Կազմի վերջին էջից էլ լպիրշադեմ մի խումբ հափրածներ հրճվում են հիացած՝ «Մենք քեզ հետ ենք, չուվաաաաաաաակ»: Իսկ чувак ասվածը «երիտասարդ, պատանի» բառերի ժարգոնային հոմանիշն է:
 
Լկտիության այսպիսի (ասում են՝ նմանատիպ այլ անհեթեթ պատկերներով ևս շատ տետրեր կան) գովազդով տետր օգտագործող դպրոցականի կամ ուսանողի համար արդյո՞ք չափանիշ չի դառնալու այս «չուվակների» պահվածքը:
 
Ի դեպ, տետրակազմի մի անկյունում շրջանակի մեջ նշված է «18+». Հավանաբար՝ իբր այն 18-ից բարձր տարիք ունեցողների համար է: Սակայն այդ «զգուշավորությունը» հանդես բերողներն ի սկզբանե չէին կարող չգիտակցել, որ տետրերը անձնագրերով չեն վաճառվում: Ավելին, հենց այդ նշումի կողքին մանրատառ գրված է՝ «Աշակերտական վանդակավոր տետր»: Չգրվեր էլ՝ պարզից պարզ է, որ 48 թերթանի տետրերի սպառողները գերազանցապես դպրոցականներն են:
 
Իսկ ամենացավալին այն է, որ աշակերտների հոգու խոպանին նոր մոլախոտ ավելացնող ներկրողը կամ վաճառողը բարի համբավ վայելող «Բուկինիստ» գրախանութն է: Համենայնդեպս՝ նշված է, որ դրանք ձեռք բերելու համար հարկ է դիմել «Բուկինիստ»-ին: Մի երկու նշում էլ կա, որոնք անտարբեր չեն թողնի հետաքրքրվողներին՝ «Պատրաստված է Ռուսաստանի Դաշնությունում» և «Համապատասխանում է «…Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգին»: Տեսնես այլ կանոնակարգ չկա՞, որով արգելվեր փողոցային բարքերը դպրոց ներմուծել:
 
Հետաքրքիր է, Կրթության և գիտության նախարարությունում տեղյա՞կ են այս տետրերից: Եթե տեղյակ են, սակայն դրանց վաճառքը շարունակվում է՝ ուրեմն համամիտ են աշակերտական այս պահվածքի քարոզին կամ գուցե անմեղ կատակ են համարում: Մեր լավատեսության ողջ պաշարը հավաքելով՝ ուզում ենք չհավատալ դրան, ուստի ցանկալի է լսել նախարարության կարծիքը: