Չմկրտվածին մերժելու փոխարեն

ՄԱՅՐ ԱԹՈՌԸ ՉՊԵՏՔ Է ԱՆՏԵՍԻ

Կարծում ենք՝ Գրիգոր Եղոյանի հուղարկավորության հետ  կապված միջադեպը երկու կարևոր հուշում է պարունակում:

Նախ, երկրային կյանքին քրիսոնեավայել հրաժեշտ տալու բուռն ցանկությունը պիտի որ ուրախացնի Հայ Առաքելական Եկեղեցուն: Բացի այդ՝ բանակում նաև քահանաներ են ծառայում, ովքեր կարող են մկրտել զինվորներին: Մայր Աթոռը չի կարող անտարբերության մատնել այս խնդիրը, զի Մահ իմացյալով անմահացողները ևս քրիստոնյաներ են՝ եթե նույնիսկ ծնողները չեն հասցրել Մկրտության սուրբ խորհրդի միջոցով նրանց ազատել ադամական մեղքից:

Հակառակորդի գնդակից զոհված ամեն զինվորի համար սգում ենք բոլորս: Ամեն նահատակի հետ մի օջախի ծուխ է մարում, իսկ ապրողներիս մնում է միայն խնկարկել ու վառ պահել նրանցից յուրաքանչյուրի հիշատակը: Հայրենյաց զոհասեղանին մատաղ կյանքը նվիրաբերողներից մեկն էլ Գրիգոր Եղոյանն է՝ Ախուրյան համայնքից: Բայց ո՞վ կպատկերացներ, որ զինվորին հրաժեշտ տալը կդառնա մի կաթիլ մեղրի պատմություն: Հարազատները ցանկացել  զինվորի դին դնել եկեղեցում՝ քրիստոնեակն կարգով նրան հրաժեշտ տալու: Սակայն Գյումրիում ժողովրդի դարդ ու ցավով տառապողի համբավ ու հարգանք վայելող Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը թույլ չի տվել զինվորի դին դնել եկեղեցում, քանի որ զինվորը մկրտված չի եղել:

Գյուղացիներն ըմբոստացել են՝ ինչ է նշանակում հայրենիքի համար նահատակվածին վերջին հրաժեշտը թույլ չտալ հոգևոր տաճարում: Ընդ որում՝ զինվորի հարազատները համաձայնել են անգամ առանց հոգևոր արարողության վերջին հրաժեշտը տալ, սակայն թեմի առաջնորդն անդրդվելի է մնացել: Հետաքրքիրն այն է, որ Ախուրյանի եկեղեցու քահանան, սպասավորները  կարծես դեմ չեն եղել զինվորի դին դնել եկեղեցիում:

Հանուն արդարության ասենք, որ Միքայել Աջապահյանի  պահանջը ճիշտ է եղել՝ չմրտվածին եկեղեցական կարգով չեն հուղարկավորում: Գրիգորի ծնողներն այդ պահին գյուղում չեն եղել՝ անձամբ հավաստելու, որ իրենց որդին մկրտվել է մանուկ հասակում: Կնքահայրն էլ այն ժամանակ ԱԺ պատգամավոր, ներկայում Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյան է եղել: Նշենք, որ 90-ականներին, երբ Շիրակի մարզում և Գյումրիում (նաև՝ այլ բնակավայրերուն) երեխաներին խմբերով մկրտել են, Սամվել Բալասանյանը շատ շիրակցիների է կնքահայրն դարձել:
Եպիսկոպոս Աջապահյանը, սակայն, պնդել է, թե զինվորը մկրտված չի,  քանի որ կնքահայր Սամվել Բալասանյանը, վերջին մկրտությունն արել է 2001-ին, իսկ այդ ժամանակ Գրիգորը եղել  է 3 տարեկան:

- Այդ երեխան մկրտված չի եղել, քանի որ Սամվել Բալասանյանը վերջին խմբակային մկրտությունը կատարել է 2001 թվականին, երբ որ այդ երեխան 3 տարեկան էր և չէր կարող դպրոցում լիներ: Ճշտել ենք, որ դպրոցում չի մկրտվել այդ երեխան,- news.am-ին ասել է  թեմի առաջնորդը:

Աջապահյանը նաև հավաստիացրել է՝ դին եկեղեցիում դնելու արգելք չի եղել, պարզապես ինքն առաջարկել է քաղաքացիական ծես կատարել: Սակայն հազիվ թե եկեղեցու սպասավորներն ինքնագլուխ քայլ անեին և թույլ չտային  զինվորի մարմինը եկեղեցում դնել:

- Ես ինքս եմ բոլոր զինվորներին եկեղեցով հուղարկավորելու հիմքը դրել, Ապրիլյան պատերազմի  բոլոր զինվորներին ես եմ պնդել և պարտադրել, որ եկեղեցում դրվեն,- Tert.am-ի հետ զրույցում ասել է սրբազանը՝ հավելելով, որ, այդուհանդերձ որոշել են Գրիգոր Եղոյանին եկեղեցական կարգով հուղարկավորել. ինքն ընդառաջ է գնացել՝ զուտ կրքերը հանդարտեցնելու համար:

Բայց արդյոք խնդիրը սրանով լուծվում է: Կարծում ենք՝ ոչ, քանի որ պատերազմող երկրում, ցավոք, ապահովագրված չենք նոր զոհերից, ուստի պետք է մտածել՝ ինչպես վարվել  չմկրտված, բայց նահատակված զինվորների  հետ:

Այսօրվա զինվորները սոցիալական ճգնաժամի տարիներին ծնված-մեծացած սերունդն է: Ասել է թե՝ նրանց մեծ մասի ընտանիքների համար մատչելի չեն եղել թեկուզ ամենահամեստ մկրտության ծախսերը: Խոսքը եկեղեցուն ու քահանային վճարելու մասին չէ՝ նրանք վճարներ չեն պահանջում: Բայց մեզանում արմատացած ավանդույթներ կան, որոնցից հրաժարվելը հաճախ ավելի հեշտ է, քան թերի կատարելը: