Հանրային պաշտպանի գրասենյակը՝ մակաբույծ կառույց
ԵՎՍ ՄԵԿ ԱՊԱՑՈւՅՑ, ՈՐ ՁՐԻ ՊԱՆԻՐ ՄԻԱՅՆ ԹԱԿԱՐԴՈւՄ Է ԼԻՆՈւՄ
Նախորդ ամիս «Մեր համեստ առաջարկը վարչապետին» վերնագրով հոդվածում գործադիր մարմնի ղեկավար Կարեն Կարապետյանին առաջարկել էինք պետության գանձարանը լցնելու, պետբյուջեի միջոցներն առավել արդյունավետ ծախսելու համար լուծարել մի քանի կառույց: Այսօր ուզում ենք իշխանությանն «աչքալուսանք» տալ՝ ցուցակը համալրվել է ևս մեկ կառույցով:
Հանրային պաշտպանի գրասենյակ՝ այսպիսի խոստումնալից, ականջշոյող անվանում ունի Փաստաբանների պալատի կազմում աշխատող կառույցը:
ՀՊԳ-ին անդրադառնալու առիթը ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառումն էր: Մեզ հաջողվեց զրուցել նրա հետ և մանրամասնել գրառումն ու դրա նախապատմությունը:
Հ. Մ.-ն դիմել է Հանրային պաշտպանին՝ խնդրելով իր շահերը պաշտպանել դատարանում՝ ընդդեմ քաղաքապետարանի, որը հրաժարվում է համայնքային հողի ոչ մեկին պետք չեկող հատվածից մի փոքր հողակտոր տրամադրել քաղաքացուն՝ տան բարեկարգման համար: Դատական 3 նիստերից պաշտպանը 2-ին է ներկայացել, հակառակ կողմն էլ դատարան չի եկել, բայց արի ու տես, որ հայցը մերժվել է, քաղաքապետարանն էլ շահող դուրս եկել:
Փոքր-ինչ լրագրողական հետաքննությունը ՀՊԳ-ի մասին բավական էր՝ օգտատիրոջ գրառման հավաստությունն ակնհայտելու: Պետբյուջեից Հանրային պաշտպանի գրասենյակը ստանում է 350 մլն դրամ, ունի 76 պաշտպան, որոնց այսպես կոչված մաքուր աշխատավարձը ամբողջական դրույքով 325.000 դրամ է: Կես հաստիքով աշխատող պաշտպանները հնարավորություն ունեն նաև մասնավոր գործեր վերցնել: Հանրային պաշտպաններին տրամադրվում է տրանսպորտային ծախսերի փոխհատուցում, չնայած մի քանի հանրային պաշտպաններ դժգոհում են, թե միշտ չէ, որ ստանում այդ փոխհատուցումը, քանի որ պիտի հիմնավորեն՝ արդյո՞ք օգտվել են փոխադրամիջոցներից աշխատանքային գործով:
Ամսական յուրաքանչյուր պաշտպան 50-60 գործով է զբաղվում, օրական 4-5 դատական նիստի մասնակցում, երբեմն էլ ոչ բոլոր դատերին են ֆիզիկապես հասցնում մասնակցել: Ֆեյսբուքյան օգտատերը նաև սրա մասին էր բարձրաձայնել: Սակայն մեղավորը ոչ թե պաշտպաններն են, այլ՝ համակարգը, որը փոխելու համար Փաստաբանների պալատը, ի դեմս, Արա Զոհրաբյանի, քայլեր չի կատարում: Հիշեցնենք, որ ՓՊ նախկին նախագահ Ռուբեն Սահակյանի օրոք, երբ նոր էր ստեղծվել գրասենյակը, հանրային պաշտպաններն օրվա ընթացքում ընդամենը 1-2 նիստի էին մասնակցում և ամսական 5-6 գործով էին զբաղվում: Իսկ հիմա աշխատանքը կրկնապատկվել է: Ու եթե հանրային պաշտպանները նույնիսկ սուպեր-մասնագետներ լինեն, կկարողանա՞ն որակ ապահովել, թե հանրության հաշվին աշխատավարձից չկտրվելու, իշխանությանը պիտի ցույց տան, թե գործ են անում: Կարծես թե վերջին տարբերակն է հավաստի՝ եթե մանավանդ հիշենք նաև վերջերս Փաստաբանների պալատից դժգոհող փաստաբանների բացահայտ դժգոհությունը: Սա էլ բավական չէ, ըստ տեղեկությունների՝ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանը գրասենյակին հատկացվող գումարից մեքենաներ են գնել իրենց համար, մինչդեռ դրա իրավունքը չունեին: Երկրորդ տեղեկությունն այն է, որ բացի 76 պաշտպանից, մոտավորապես 20 հոգիանոց օժանդակ կազմ կա, որոնց աշխատավարձը ամսական 5-6 մլն դրամ է կազմում:
Փաստաբանների պալատի խորհրդի անդամներից մի քանիսն էլ ոչ մաքուր կենսագրություն ունեն: Օրինակ, փաստաբան, ՀՔԾ քննիչ, մի շարք աղմկահարույց գործերից հայտնի Հեկտոր Սարդարյանի որդի, Սյունիքում դատավոր Արսեն Սարդարյանի եղբայր Կարեն Սարդարյանն է, որը ըստ հրապարակման, Ռուսաստանում դատապարտվել է 8 տարով՝ կաշառք ստանալու համար: 2 տարի է պատիժը կրել, հետո վերադարձել է Հայաստան:
Ասում են՝ 2001թ. փետրվարին առողջության վատացման կեղծ տեղեկանքի հիման վրա ազատ է արձակվել և մինչ օրս զբաղվում է փաստաբանությամբ: Մյուսն Արա Ղազարյանն է, որն, ասում են՝ ԱՄՆ-ում հյուպատոսի օգնական է եղել, սակայն հետո պաշտոնանկ է արվել: Նելլի Հարությունյանը, որը հազվադեպ է մասնակցել դատական նիստերի,վերոնշյալ երկուսի նման ՓՊ պալատի անդամ է և Արա Զոհրաբյանի մտերիմներից:
Այսքանից հետո հարց է առաջանում՝ մի՞թե «վերևները», իրավապահները սա չեն նկատում: Պարզվում է՝ անգամ օրենքով է ՓՊ-ը սա կարգավորել: Եթե ՄԻՊ-ին հատկացվող գումարները բյուջեում 56 տողով են, ապա ՀՊԳ-ին տրվող գումարները մեկ տողով են ներկայացված՝ այլ նպաստներ՝ պետբյուջեից: Իսկ եթե գրված է նպաստներ, ապա հարկ տալու մասին խոսք լինել չի կարող: Սակայն կարծում ենք բավական է մի փոքր ավելի մանրակրկիտ ուսումնասիրություն, և շատ բան կբացահայտվի: Չնայած նրա ինքնավստահությունն արդեն հուշում է, որ թիկունքն ամուր է, անհանգստանալու ոչինչ չունի: