Միակողմանի ամենազորությունն էլ արդարամտության երաշխիք չէ

ՓԱԿԵԼ ՆՈՐ «ԾՌԵՐԻ» ՃԱՆԱՊԱՐՀԸ

Այս տարվա ապրիլի 9-ից հետո դատավորները կարող են 100.000 դրամով տուգանել փաստաբաններին, եթե նրանք վիրավորեն դատավորներին:
 
1400 փաստաբան արդեն դեմ է արտահայտվել քննարկվելիք օրինագծին՝ համարելով, որ այն սահմանափակում է փաստաբանների լիազորությունները:
 
Թեև ըստ նախագծի՝ դատավորը կարող է տուգանել նաև մեղադրող դատախազին, սակայն դա, ըստ ընդդիմախոսների, ձևական է, որովհետև մեղադրող դատախազի և դատավորի «ջրերը» սովորաբար նույն առվով են հոսում:
 
Ընդդիմախոսների կարծիքով՝ այս օրինագծի արմատները «Սասնա ծռեր»-ի դատավարությունում պետք է փնտրել: Այդ դատընթացում ամբաստանյալները վիրավորում են դատավորներին, ու դեռ ավելին՝ նրանց միանում են և որոշ փաստաբաններ: 
 
Նույնիսկ քննարկման ենթակա չէ՝ քթիկայի կանոնները պետք է պահպանել ամեն պարագայում: Սակայն եթե դատավորը չի հետևում օրենքին, դրա համար չի պատժվում, փաստաբանի բողոքն էլ բոլոր ատյանները մերժում են... Այս առումով արդյո՞ք օրինաչափ չեն փաստաբան-տուժող կողմի էմոցիոնալ պոռթկումներն ու վիրավորանքները: Իհարկե, մարդկային հարաբերությունների էթիկան տրորելը ոչ մի պարագայում չի արդարացվում, բայց միակողմանի ամենազորությունն էլ արդարամտության երաշխիք չէ: Վկան Եվրադատարանում բեկանվող բազմաթիվ վճիռներն են, որոնք դատավորների կամայականության արդյունք են, որի հետևանքները մեր աղքատ բյուջեի հաշվին է հատուցվում:
 
Եթե նախագիծն ընդունվի, ապա փաստաբանները  գուցե իրենց պաշտպանյալների հետ պայմանավորվեն, որ տուգանքի գումարը կվճարի քաղաքացին: 
 
Հստակ չէ նաև՝ ինչպես է սահմանվելու, թե ինչ է վիրավորանքը: Այս հարցը պատահական առաջ չենք քաշում: Նորք Մարաշում վնասազերծված խմբի դատական նիստի ժամանակ Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը մի քանի անգամ լքել էր դատարանի դահլիճը, քանի որ իր պաշտպանյալին դատարանի դահլիճ չէին բերել: Դատավոր Բեկթաշյանը դա համարել էր վիրավորանք, մինչդեռ փաստաբաններն արդարացված էին համարում Ալումյանի քայլը: Ուրեմն, եթե չի լինելու մի 3-րդ կողմ, որը կորոշի՝ փաստաբանը վիրավորե՞լ է դատավորին, արդյո՞ք այս նախագիծն արդարացված է: 
 
Փաստաբանների պալատը ևս դեմ է արտահայտվել նախագծին ու նախագծի հեղինակ Արդարադատության նախարարությանն առաջարկել է քննարկել այն: Թե ինչ արդյունքի կհանգեն երկու կողմերը՝ դեռ կտեսնենք: 
 
Միայն հիշեցնենք՝ առաջին անգամ չէ, որ փորձում են թուլացնել փաստաբաններին: Հետաքրքրիրն այն է, որ 2007-ին, երբ արդարադատության նախարար էր Դավիթ Հարությունյանը, կրկին փորձել է այսպիսի օրենք բերել, սակայն փաստաբանների ընդվզման, գուցեև իշխանության վերին օղակների ճնշմամբ նախագիծը գզրոցներում է մնացել: 
 
Հետաքրքիր է՝ ինչու Արդարադատության նախարարությունը չի ներկայացնում դատավորներին զսպող օրինագիծ. պատիժ՝ գոնե անարդար վճիռ կայացնելու դեպքում: Վերստին հիշեցնենք՝ ամեն տարի ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ  տարբեր վճիռներ է կայացնում, որից տուժում է մեր պետբյուջեն: Դատավորներն էլ մնում են անպատիժ: