Պոլիկլինակնե՞րն էլ մեր հաշվին
ԱՎԵԼԻ ԼԱՎ Է՝ ՖԻՆԱՆՍՆԵՐԸ ՃԻՇՏ ՏՆՕՐԻՆԵՔ
Լավ, իր քաղաքացու գոնե առաջնային բուժօգնության ծա՞խսն էլ չի ուզում ստանձնել պետությունը: Մի՞թե առողջապահության ոլորտին հատկացվող ֆինանսների արդյունավետ, հասցեական ծախսման դեպքում հնարավոր չէ խուսափել համավճարի սկզբունքը կիրառելուց:
Մինչդեռ ավելի ճիշտ կլիներ՝ մտահոգվել պետական, այսինքն՝ անվճար հիվանդանոցներ ունենալու մասին: Վատառողջ քաղաքացիներով առողջ պետություն և առողջ ապագա չես կերտի:
Օրեր առաջ ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ծաղիկ Վարդանյանը հայտարարեց, որ նախարարությունում քննարկվում է պոլիկլինիկական ծառայությունների ոլորտում նույնպես համավճար կիրառելու հնարավորությունը:
Նախարարության աշխատակիցը հավաստիացրեց, որ փոփոխությունը կլինի միայն որոշ հետազոտությունների մասով ու կվերաբերի ոչ բոլոր սոցիալական խմբերին:
Համավճարը բուժծառայության դիմաց պետության և քաղաքացու համատեղ փոխհատուցումն է:
Նախարարության աշխատակցի խոսքով` պոլիկլինիկաները կարիք ունեն լրացուցիչ ֆինանսավորման: Իսկ այս ծրագրի շնորհիվ բուժօգնության առաջնային օղակը կզարգանա:
Համավճար կիրառելու սկզբունքը «նախապատմություն» ունի: Ամիսներ առաջ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հայտարարեց, թե պոլիկլինիկաները պետք է ունևոր խավի համար դարձնել վճարովի: Իհարկե, իշխանական շրջանակներում հավանություն տվեցին նախարարի «հանճարեղ» գաղափարին: Բայց ոլորտին քաջատեղյակ իրատեսներն այլ իրողություն փաստեցին՝ ունևորները հիմնականում Հայաստանում չեն բուժվում (Այդ ո՞ր ունևորն իրեն թույլ կտա պոլիկլինիկա գնալ):
Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանի խոսքը մեջբերենք.
- Պետք է զարգացնել ընտանեկան բժշկությունը, դարձնել մատչելի, որակյալ ու հասանելի: Դրա համար անհրաժեշտ է հիվանդանոցային բուժօգնությանը տրամադրվող ֆինանսները տալ առաջնային օղակին՝ ինչպես անում են ամբողջ աշխարհում:
Այն, որ բժշկությունը և ցանկացած ոլորտ ֆինասնավորման կարիք ունի՝ անվիճելի է: Այն, որ քաղաքացին պետք է մասնակցի իր երկրի բարեփոխումներին՝ միանշանակ է: Իսկ եթե ծառայությունների գնաճին զուգահեռ եկամուտների աճ` աշխատավարձերի բարձրացում չի՞ լինում, սիմվոլիկ կոչվող այդ գումարներն արդյո՞ք է՛լ ավելի չեն ծանրացնում քաղաքացու սոցիալական բեռը: Առանց այդ էլ՝ մարդիկ բժշկի դիմում են ամենածայրահեղ դեպքերում. Պատճառը պարզ չէ՞: