Լրագրողները «կպաշարեն» կառավարության շենքը

Ի ՆՊԱՍՏ ԼՐԱՏՎԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀԻ

Շուտով Կառավարության նիստերի օրերին երևի նաև լրագրողները կպաշարեն գործադիր մարմնի բոլոր մուտքերը, կբռնեն այնտեղից դուրս եկող պաշտոնյայի օձիքից և մինչև վերջին շունչը կջանան կորզել իրենց հարցերի պատասխանները: Իսկ եթե դա էլ չհաջողվի, կհամալրեն ցուցարարների շարքեր՝ արտահայտելով իրենց դժգոհությունը կառավարության նոր որոշման դեմ:
 
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի երեկվա հայտարարությունն իբրև գույժ ընկալվեց և Հայաստանում խոսքի ազատության վիճակի մասին նոր քննարկումների առիթ դարձավ:
 
Կառավարության նիստերն այս տարվա ապրիլի 9-ից դռնփակ կլինեն: Դռնբաց կլինեն միայն առանձին նիստեր՝ վարչապետի հայեցողությամբ: Նաև՝ միայն վարչապետի թույլտվությամբ նախարարները կարող են կառավարության նիստի օրակարգի հարցերի մասին լրագրողներին պարզաբանում տալ: Վարչապետ Կարեն Կարապետյանը մշտապես խոսում է ամեն ինչ բաց ու թափանցիկ դարձնելու մասին, մինչդեռ այս  օրինագիծը հակառակն է ցույց տալիս: 
 
Խոսքի ազատության պաշտպանները, լրագրողները անընդունելի են համարում Դավիթ Հարությունյանի պարզաբանումը, թե այլ երկրներում կառավարության նիստերը դռնփակ են: 
 
- Պետք է նշեմ, որ աշխարհում բոլոր երկրների կառավարություններն իրենց նիստերը գումարում են դռնփակ, և միայն այն դեպքում, երբ անհրաժեշտ է հանրությանը տեղեկացնել որոշակի հարցի վերաբերյալ՝ վարչապետի որոշումներով  կառավարության նիստերի որոշակի մասերն անցկացվում են դռնբաց: Միաժամանակ, կառավարության գործունեության թափանցիկությունն ապահովելու համար նախատեսվում է, որ վարչապետը պարտավոր է ապահովել հանրությանը կառավարության գործունեության վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը,- ասել է  նախարարը:
 
Ցանկացած որոշում, իհարկե, հիմնավորում ունի: Ավելին, Կառավարության  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը այսօր էլ լրատվամիջոցներին պաշտոնական տեղեկատվություն տրամադրում է նիստերի և այլնի մասին: Բայց Կառավարության նիստերը լրագրողների համար, թերևս միակ հնարավորուփյունն են՝ կառավարության անդամներին իրենց հարցերն ուղղելու և հրատապ խնդիրների մասին նրանց վերաբերմունքն իմանալու:
 
Արդարադատության նախարարը հավանաբար հաշվի չի առել, որ եվրոպական այլ երկրներում տեղեկություն ստանալն ավելի դյուրին է, քան Հայաստանում: Եվրոպական երկրներում  լրագրողի դեմ ոտնձգություն անելու, անգամ վիրավորելու համար խիստ պատիժներ են գործում: Իսկ մեզանում այսպիսի արարքներից հետո ամենաշատը ներողություն են խնդրում: 
 
Տարակուսելի էր նաև Դավիթ Հարությունյանի այն  նկատառումը, թե ներկայացվող որոշումները բանավիճելու հնարավորություն են ընձեռելու: Մինչդեռ գործադիրին ներկայացվող նախագծերը պիտի նախապես քննարկված լինեն շահագրգիռ բոլոր կողմերի հետ. Կառավարությունը բանավեճերի ակումբ չէ: Այս մոտեցման կողմնակից է նաև Կարեն Կարապետյանը: Բացի այդ՝ մեր նախարարները  զգուշանում են բանավեճերից ու սովորաբար բավարարվում են  վերադասի կարծիքը հաստատելով: 
Թերևս հիմնազուրկ չէ նաև այն մտահոգությունը, որ այս որոշումը ոչ միայն սահմանափակում է լրատվամիջոցների՝ ազատ տեղեկատվություն ստանալու իրավունքը, այլև ամրապնդում է վաղուց ի վեր արմատներ գցած լրատվական մենաշնորհը: Հայտնի է, որ այն լրատվամիջոցներն ու լրագրողները, որոնք ջերմ հարաբերություններ ունեն որոշ չինովնիկների, կառույցների հետ, կարժանանան փակ նիստից մանրամասն տեղեկություններ ստանալու բախտին: Դրա շնորհիվ ավելանում է լրատվամիջոցի դիտելիությունը, մեծանում է գովազդներ ստանալու հավանականությունը: 
 
Մի խոսքով, այս որոշմամբ իշխանությունը կարծես մեսիջ է հղում  լրատվամիջոցներին՝ բարիդրացիական հարաբերություններ պահպանել չինովնիկների հետ: Իսկ այդ հարաբերությունների նախապայմանը նրանց չքննադատելն է և նույնիսկ չարած գործերը գովերգելը: Ասել է թե՝ աչք փակել խնդիրների վրա, չբարձրաձայնել դրանք՝ խոչընդոտելով երկրի զարգացումը: