Ս. Թանկյանի ու Ա. Խանջյանի նմանները միշտ սպասված են

ԿՈՏՐՈՒՄ ԵՆ ԿԱՐԾՐԱՏԻՊԸ

 
Նախորդ հրապարակներում անդրադարձել ենք արտերկրներում բնավորված ու կայացած մեր հայրենակիցների դերակատարությանը Հայաստանի զարգացման գործում: Գրել էինք, որ Սփյուռքը միայն կթու կով չէ, և պետք չէ  այն դիտարկել որպես փողի տոպրակ: Իսկ այսօր ուրախությամբ փաստում ենք, որ Սփյուռքի մեր առանձին հայրենակիցներ, մայր հայրենիքին իրենց նվիրումով, աստիճանաբար կոտրում են որոշ կարծրատիպեր:
 
Այսօր պարզ  դարձավ, որ Հայաստանում դիտորդական առաքելություն իրականացնելու  համար արտերկրից  հայրենիք  են ժամանել աշխարհում մեծ ճանաչում վայելող Արսինե Խանջյանը, Սերժ Թանկյանը: Իհարկե,  որոշ հասարակական-քաղաքական շրջանակներ  ընդվզեցին դրա դեմ` Սփյուռքի  ներկայացուցիչների այդ քայլը Հայաստանի ներքին գործերին միջամտություն որակելով: Սխալվում են բոլոր նրանք, ովքեր սփյուռքահայերի գործնական մտահոգությունից խլշում են և անհեթեթորեն ասում, թե Հայաստանից  հեռու լինելով՝ դասեր են տալիս մեր հանրությանը: Արսինե Խանջյանի, Սերժ Թանկյանի նմանները միշտ պատրաստակամ են՝ օգտակար լինել համայն հայության հայրենիք Հայաստանին: Իսկ մտահոգ աջակիցը, այո՛, նաև տեսակետ հայտնելու բարոյական իրավունք ունի:
 
Քննադատողները մոռանում  են, որ մի շարք ծրագրերի, արտաքին քաղաքական ճակատում  կարևոր հարցերի բարձրացման ժամանակ  անգնահատելի է Սփյուռքի նշանակությունը:  Բացի դրանից` մեր երկրում  դեռ չկան  այն անհրաժեշտ նախապայմանները, որպեսզի  արսինեխանջյանները ու սերժթանկյանները չարտագաղթեն ու հաջողությունների հասնեն հայրենիքում:  Այնպես որ, ողջունելի է մեր հայրենակիցների ակտիվ հետաքրքրությունը՝ նաև ներքաղաքական գործընթացների նկատմամբ, ողջունելի է նրանց սրտացավությունը՝ Հայաստանի խնդիրների հանդեպ: 
 
Հիշենք Քիմ Քարդաշյանի  վերջին քայլը, երբ անգամ տարածությունը նրան չխանգարեց՝  հաց  բերող Արթուր Սարգսյանի մահից հետո նրա նկարը կրող շապիկով հաց բաժանել Լոս-Անջելեսի փողոցներում ու պատմել Արթուրի մասին: Իրականում նա պատմում էր հայ մարդու մասին, ով չի կարող հաց ուտել, երբ իր կողքին քաղցածներ կան...
 
Հ. Գ.  Ճանաչված մեր  հայերին պետք է հորդորել ոչ թե դեպքից դեպք, այլ հաճախ ակտիվություն  ցուցաբերել  Հայաստանի գործընթացներում:  Նախ սրանով, կարծում ենք, վերջ կտրվի անհարկի շահարկումներին: Ապա կոգևորի նաև Ռուսաստանում ապրող  մեր հայրենակիցներին՝ անտարբեր չլինել  Հայաստանի խնդիրների հանդեպ: 
Ի վերջո,  քաղաքացիական հասարակություն ձևավորելուն, օրինական պետություն կերտելուն մեծապես նպաստում են  արտերկրի մեր հայրենակիցների այսօրինակ ակտիվությունը: