Նոր առաջարկ` Կարապետյանից Կարապետյանին

ՊԵՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԻԱՏՈՐԻԱՆ ՄԱՍՆԱՎՈՐ ԴԱՐՁՆԵ՞Լ

«Ավանգարդը» նախորդ հրապարակներից մեկում` «Մեր համեստ առաջարկը վարչապետին» հոդվածում, գործադիր մարմնի ղեկավար Կարեն Կարապետյանին առաջարկել էր  պետբյուջեի միջոցները խնայելու համար որոշ կառույցներ  լուծարել: Մասնավորապես` այն գերատեսչությունները, որոնց  աշխատանքը կատարում են հանրային կառույցները, իսկ լուծարման արժանի պետական հաստատությունները ուղղակի ժամանակ են մեռցնում կաբինետներում:

Սակայն արի ու տես, որ վարչապետն այնքան էլ հաշվի չի նստում հասարակական կարծիքի հետ: Հաշվի է նստում այն ժամանակ, երբ հանրության մի խումբ կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա է անում: Իսկ թե ինչ են շահում դժգոհ քաղաքացիները բողոքի ակցիաներից հետո` տեսնում ենք բոլորս: Ավելի ստույգ` շահելու առումով գրեթե ոչինչ էլ չենք տեսնում:

Կարեն Կարապետյանի բիզնես մտածողությունը  բացատրելի է` փորձել ամեն կերպ պետական օղակները հետաքրքրիր, գրավիչ դարձնել բիզնեսմենների համար` թեթևացնելու պետբյուջեի  բեռը: Սակայն ոչ միշտ է, որ բիզնես մտածողությունն արդարացված է: Հրապարակումներից մեկում նաև գրել էինք, որ կառավարության` պետական ու ռազմավարական հաստատությունները մասնավորեցնելը վտանգավոր է: Ի վերջո, ցանկացած պետություն պետք է, դիցուք` պետական միջոցներով գործող հիվանդանոց ունենա, այլ ոչ թե բոլորը մասնավորեցնի, հետո պետբյուջեից հատկացումներ անի` չգիտես ինչ սկզբունքով պետպատվերով բուժվողների համար: Վարչապետը, սակայն, անդրդվելի է: Մասնավորեցումը սրընթաց շարունակվում է:

«Ավանգարդին» կառավարության աղբյուրները  վարչապետի բիզնես մտածողության նոր մանրամասներ են հասել:

Վերջին շրջանում նա հանդիպում է տարբեր կառույցների ղեկավարների հետ, լսում նրանց 1 տարվա հաշվետվությունները: Մեր տեղեկություններով` կառավարության ղեկավարը հիմնականում գոհ է իր նշանակած կադրերից, ոգևորում նրանց` չնայած հանրային դժգոհություններին: Իսկ իր կողմից չնշանակված կադրերին, ասում են` նա քննադատում է հրապարակայնորեն ու կուլիսներում: Ըստ շրջանառվող շշուկների` նրա «սև ցուցակում» են  նաև դաշնակցականները, որոնք դժգոհ վարչապետի այս պահվածքից, այս կամ խնդրի լուծումից հետո ասում են, որ դա ՀՀ նախագահի հանձնարականով է արվել, այլ ոչ թե կառավարության ղեկավարի:

Մեր աղբյուների փոխանցմամբ` Կարեն Կարապետյանը գոհ է նաև ՊԵԿ-ի և ՍԱՊԾ-ի աշխատանքից: Հիշեցնենք, որ ՊԵԿ-ից դժգոհել էին «Առինջ մոլի» առևտրականները, իսկ ՍԱՊԾ-ից դժգոհություններն ավելի շատ եղան նախորդ տարի, երբ  տեղական և ներմուծված  հավի մսի մեջ  հակաբիոտիկներ ու մանրէներ հայտնաբերվեցին: Լրատվամիջոցները նույնիսկ գրեցին, որ Իշխան Կարապետյանի գլխին սև ամպեր են կուտակվում, քանի որ մարգարինը կարագի անվան տակ  բանակին վաճառածների մեջ կան նաև ՍԱՊԾ ներկայացուցիչներ (չնայած ՍԱՊԾ պետը հերքեց՝ մեղադրյալների մեջ ՍԱՊԾ աշխատակիցներ  չկան):

ՍԱՊԾ-ի պետ Իշխան Կարապետյանի հետ հանդիպմանը  վարչապետը հորդորել է մտածել այլ աղբյուրներից գումարներ գտնելու մասին: Մասնավորապես` մասնավոր դարձնել ՍԱՊԾ-ի լաբորատորիան:

- Կքննարկենք,- տարակուսած պատասխանել են ՍԱՊԾ-ից` չնայած վարչապետի առաջարկն ամենևին էլ իրենց սրտով չէ: 
Բանն այն է, որ Հայաստանում քիչ չեն մասնավոր լաբորիատորները, որոնց արդյունքները միշտ չէ, որ ընդունում են պետական օղակները: Օրինակ, «Ստանդարտ  դիալոգ» լաբորատորիան ամիսներ առաջ «Երևան սիթի» սուպերմարկետից գնված կոնֆետներում  բորբոսասնկեր էին հայտնաբերել: Արդյունքները ՍԱՊԾ-ն հերքել էր:

Դե հիմա պատկերացրեք, որ Հայաստանում չլինի պետական լաբորատորիա` ինչպե՞ս և ո՞վ է որոշելու, թե միևնույն նմուշի փորձաքննության տարբեր պատասխաններից ո՞րն է արժանահավատ: