Ճըվճըվ Արոյի «բոսյակներն» ու նրանց նմանները խորացնում են անվստահության անդունդը

ՈՍՏԻԿԱՆ ՍՊԱՆԵԼԸ ՀԵՐՈՍՈՒԹՅՈՒՆ Է ԴԱՐՁԵԼ

Իշխանություն-հասարակություն անդունդը փակելու փոխարեն   մի քանի արտոնյալներ կամ ինչպես հոգուն վրա հասած քաղաքացին կասեր՝ բեսպրեդելները, ավելի խորացնում են այն՝ թեժացնելով դժգոհության կրակը: Իսկ այդ կրակն այն աստիճանի է բորբոքվել, որ իրավապահ մարմնի երկու ներկայացուցիչ սպանածները կալանավայրերում հերոսացվում են: Խոսքը վերջին օրերին հայտնի Ճըվ-Չըվ Արո մականունով հայտնի գործարարի տղաների՝ Սերժ և Սարգիս Վարդանյանների մասին է:
 
Հիշեցնենք՝ այս տարվա հունվարի 8-ի գիշերը, 04:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում տեղի ունեցած վթարի գործով ձերբակալվել է BMWX-6 ավտոմեքենայի վարորդ Սարգիս Վարդանյանը։ Բախվելով ոստիկանության ավտոմեքենային՝ BMW-ի վարորդը՝ հանցագործ աշխարհում հայտնի, Երևանի ավագանու նախկին անդամ, նախորդ տարի մահացած «Ճըվճըվ Արոյի» (Արա Վարդանյան) որդի Սարգիս Վարդանյանը երկու երիտասարդ ոստիկանների մահվան պատճառ էր դարձել և, ճարպկորեն ճողոպրել դեպքի վայրից: Մինչդեռ տեղում չմահացածը գուցե նաև փրկվեր, եթե անհապաղ օգնություն  ցուցաբերվեր։
 
Հաջորդ օրը Սարգիս Վարդանյանը երևի գիտակցել էր, որ փախուստը փրկություն չէ, իսկ անձամբ ներկայանալը մեղմացուցիչ հանգամանք է ու հավանաբար խմածությունը ժամկետանց համարելով՝ գնացել էր ոստիկանության բաժին։ Դեպքից օրեր անց այլ հոդվածով հետախուզում հայտարարեցին նաև Սերժ Վարդանյանին: Սա նոր հարցեր առաջացրեց և հերթական անգամ ցույց տվեց Հայաստանում օրենքի՝ քաղաքական մահակ լինելը: Բանն այն է, որ հետախուզվող երիտասարդը նախորդ տարի՝ 2017 թվականի սեպտեմբերի 12-ին, կողոպուտ ու խուլիգանություն է կատարել: Ու փոխանակ դեպքից անմիջապես հետո իրավապահները գործի անցնեին, սկսվել է «հետախուզում» օպերացիան: Դե, ո՛չ առաջին, ո՛չ վերջին դեպքն է, երբ ծածկադմփոց անելու համար իրավապահները «փնտրում ենք, չենք գտնում» շոուն է բեմադրվում: Այդ շոուի մի մասն էլ ասես ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրությունն է.
 
- Խուլիգանության դեպքը տեղի է ունեցել 2017-ի նոյեմբերի 26-ին՝ ժամը 22:30-ից մինչև ժամը 23:00-ն ընկած ժամանակահատվածում: Երևան քաղաքի մի խումբ երիտասարդներ Ն. Զարյան 24 հասցեում «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիրի թիվ 3-րդ առանձնասենյակում, իրենց անձի թվացյալ առավելությունն ի ցույց դնելու մղումով, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով… Այնուհետև դուրս են եկել միջանցք…
 
Շարունակությունն արդեն էական չէ, քանի որ ինչպես կարող է մարդն առանձնասենյակում միայնակ հասարակական կարգ խախտել, իսկ հետո դուրս գալ ու միջանցքում վիճաբանել: 
 
Ինչևէ, հետախուզում հայտարարելուց օրեր անց Սերժ Վարդանյանը հայտնաբերվեց: 
 
Հետաքրքիր է, որ Ճըվ-Ճըվ Արոյի որդիներն առաջին անգամ չէ, որ իրենց օրենքից վեր են դասում: Ըստ լուրերի՝ երկու երիտասարդներն էլ մեքենա են վարել առանց վարորդական իրավունքի, իսկ Սարգիս Վարդանյանը դեպքի օրն ալկոհոլ օգտագործած է եղել, չնայած կինը չի հավատում դրան: Վարդանյանների օրինազանց  «քաջագործությունները» (մարիխուանա թմրանյութ պահել, ակումբում հասարակական կարգ խախտել, «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած սպանությունների հետ կապ ունենալ) նոր չեն: Պարզապես այս անգամ դեպքերն այլ կերպ զարգացան, և օրենքը նրանց դուռն էլ թակեց: Ճըվ-Ճըվ Արոյի որդիներն անպատիժ չմնացին, թեև նրանց արկածներին ու ամենազորությանը ծանոթ ոմանք արդեն իսկ մեղմ պատժաչափից են խոսում՝ 2 ոստիկանի կյանք խլածները 7 տարվա ազատազրկման կդատապարտեն:  
 
Դեպքից անմիջապես հետո գործի անցան պղտոր ջրում ձուկ որսացողները: Անմիջապես սկսեցին շրջանառել այն փաստը, որ եղբայրների քավորը վարչապետ Կարեն Կարապետյանն է, ով ժամանակին բիզնես հարաբերություններ է ունեցել նրանց հոր հետ: Ու սկսվեց հակակարենկարապետյանական արշավը… Նրանց ընդդիմախոսներն էլ ձեռքները ծալած չնստեցին. հերքվեց վարչապետի քավոր լինելու հանգամանքը: 
 
Ցավալին այն է, որ երբ «Սասնա ծռեր»-ը ՊՊԾ գնդի վրա էր հարձակվել ու սպանել ոստիկանների, բոլորը և ամենից առաջ իրավապահ համակարգի ներկայացուցիչներն ու մահացած ոստիկանների հարազատները, դատապարտեցին նրանց արարքը: Նույնիսկ «Սասնա ծռեր»-ի համակիր քաղաքացիները չփորձեցին արդարացման խոսքեր հնչեցնել: Իսկ այս անգամ ուղղակի լռություն է:
 
Օդում կախված հարցերն էլ դեռևս անպատասխան են մնում՝ ո՞ւմ հովանավորությամբ են երիտասարդները մշտապես փրկվել օրենքի դատաստանից, շարունակել իրենց ապօրինությունները, մարդկանց գլխին այնպիսի պատուհաս դարձել, որ ոստիկանների հանդեպ հանրության ատելությունն ավելանում է, իսկ  ոստիկանին սպանած «բոսյակներին» աղ ու հացով են ընդունում կալանավայրում: