Պարարտացող մի քանի օղակ՝ ժողովուրդ-իշխանություն շղթայում

ԱՅՈ՝ ՄԵՂՄԵԼ, ԲԱՅՑ ՆԱԵՎ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ԱԽՈՐԺԱԿԸ

Պատճառ-հետևանք տիրույթում հաճախ այնպիսի խութեր են «բազմած», որոնք հենց պատճառն են աղետալի, անուղղելի թվացող հետևանքների: Ու եթե նույնիսկ ակնառու են այդ խութերը, միևնուն է՝ ցավեցնողը հետևանքներն են, որ իրենց ծանրությամբ ճնշում են այդ բեռան տակ կքածնեին:
 
Ահավասիկ, գնաճ կոչվող բեռը մեր անբաժանելի ուղեկիցն է դարձել՝ շուկայական հարաբերություններին անցում կատարելուց ի վեր: Իրականում սպառողական շուկայում առաջացող պահանջա՛րկը պիտի որ թելադրեր առաջարկն ու դրա գինը: Մեր շուկա այս կանոնը շեղումով մուտք գործեց ու շարունակում է մրցակցությունից զերծ իր շեղված հաղթարշավը. գները որոշողն առաջարկողներն են, իսկ պահանջարկը տատանվում է մարդկանց սուղ հնարավորությունների սահմաններում: Իսկ առաջարկողների այդ փոքրիկ խումբը հետզհետե  ավելի անկշտում է դառնում՝ շարունակական գնաճն ընտրելով չփակվող ախորժակի խորհրդանիշ:
 
Արդեն, ինչպես ասում են՝ դանակը ոսկորին է հասել, և Հանրապետության նախագահն է մտահոգություն բարձրաձայնել՝  առանձին ապրանքատեսակների գների բարձրացման և դրա հետևանքների հնարավոր մեղմմանն ուղղությամբ հնարավոր լուծումների քննարկման հրավիրելով պատասխանատու պաշտոնյաների: 
 
Ի դեպ, տարօրինակ «զուգադիպությամբ»՝ սպառողական ապրանքատեսակներից զատ անվերջ գնային վերաճ են արձանագրում նաև հանրային ծառայությունների ոլորտի «խաղացողները»՝ գերնպատակ դարձնելով սեփական գերագեր շահույթը: Էլ չասենք հավելագրումների մասին, որոն սպառողից գանձվում են էլէներգիայի ու գազի հաշվիչների անհասկանալի ցուցմունքների ու մանավանդ դեղնանարնջագույն դարձած օդախառն գազի տեսքով:
 
- ...ակնհայտ է, որ Հայաստանում շուկայական հարաբերություններ են գործում, և պետությունը չի միջամտում գնագոյացման պրոցեսներին, բայց մենք նախ պարտավորություն ունենք միջավայր ձևավորելու՝ մրցակցային միջավայր, որը երևի հիմնական գործոններից մեկն է գների արդարացի կարգավորման գործում: Երկրորդ՝ մենք ունենք ամբողջական գործիքակազմ շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողների գործունեությունը ուսումնասիրելու: Եվ երրորդ՝ մենք ունենք բազմաթիվ լծակներ պարզելու, թե շուկաներում տատանումներն իրո՞ք օբյեկտիվ գործընթացների արդյունք են, թե՞ տնտեսավարողների ագահության պատճառ:
 
Իհարկե՝ ագահության պատճառ. սա կպնդի յուրաքանչյուր սպառող՝ թեկուզ խոշոր տնտեսվարողների՝ օրավուր բազմապատկվող ունեցվածքը տեսնելով: Ինչ վերաբերում է Հայաստանում գնաճի համար պատասխանատուներին, նրանք կարծես սխալ են հասկացել իրենց այդ իրավասուությունը և ամենայն պատասխանատվությամբ պատճառաբանելի են դարձնում ամեն թանկացում: Համենայնդեպս՝ այդպես է եղել միչ օրս: Ու հիմա էլ, արդյո՞ք նույն իներցիայով չեն շարունակելու կանխատեսել ու հավաստիացնել՝ դարձյալ հօգուտ գնաճով հարստացողների: մանավանդ՝ երկրի Նախագահն առաջարկում է նաև մեղմել գնաճի հետևանքները: 
 
- Այսինքն՝ ես սա ասում եմ, որպեսզի մեզնից յուրաքանչյուրը մտածի, թե ինչպես ենք փորձելու մեղմել հետևանքները: Եվ մյուսը, որ այս կետի մեջ է մտնում՝ պետք են, իհարկե, հավաստիացումներ, բայց ոչ խոսքերով, այլ նաև գործով, որ բյուջեով նախատեսված բոլոր եկամուտները հավաքագրվելու են: Արդեն տարվա երկրորդ կեսին մենք կնայենք, թե նաև ինչպիսի լրացուցիչ խնդիրներ կարող ենք լուծել՝ սոցիալական նշանակության, որպեսզի գնաճը շատ ցավոտ չանդրադառնա մեր, առաջին հերթին, սոցիալապես անապահով խավի վրա: Ես դրա հնարավորությունները տեսնում եմ...
 
Սերժ Սարգսյանի հատկապես այս խոսքերը հույսեր են ներշնչել, և շատերն, ակամա հիշելով վարչապետ Կարեն Կարապետյանի՝ այդպես էլ կյանքի չկոչված բազմաթիվ հանձնարարականները, հիմա Նախագահի խոսքին են ապավինում: Իսկ գնաճը մեղմելու կամ նույնիսկ կանխելու հնարավորություն, իրոք կա:
 
Չէ՞ որ գներ թելադրողները մի խումբ մարդիկ են, ովքեր հաճախ բարեգործի դիմակով ժողովրդից կորզածի չնչին փշուրներն առանձին մարդկանց են «բաշխում»: Ու, քանի որ նրանց մեքենայությունները, անմաքուր եկամուտների աղբյուրները նույնիսկ շարքային քաղաքացիներին են տեսանելի, ուրեմն նրանց հափրած ախորժակը մեղմելը, ինչպես ասում են՝ «տեխնիկայի» գործ է: Ամենակարճ ճանապարհն էլ, թերևս, խոշորներին ոչ թե խորհրդանշական չափով, այլ լիովին հարկային դաշտ բերելը կլինի: Այլապես ստացվում է, որ ժողովուրդ-իշխանություն շղթայի միջին մի քանի օղակները պարարտանում են ժողովրդի հաշվին, վերջինս էլ հիասթափվում է պետությունից: Մինչդեռ պետական հոգածության կարիք բոլոր ունեն: