Էլէներգիայի սակագինը կարող ենք նվազեցնել , եթե...
ԱՐՑԱԽԻ ՊԱՐԳևԸ՝ ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆԻՆ
Էներգետիկայի զարգացումը կարևոր նշանակություն ունի ցանկացած երկրի տնտեսության հետագա զարգացման գործում: Այս տեսակետից ավելի է կարևորվում նորանկախ Արցախի Հանրապետության էներգետիկայի զարգացման հիմնախնդիրը:

Հրամանագիրը ստորագրել է Արցախի նախագահ Բ. Սահակյանը:
Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆԻՆ շնորհավորելով Արցախի Հանրապետության նախագահի կողմից արժանացած պետական պարգևի՝ «Երախտագիտություն» մեդալի կապակցությամբ, «Ավանգարդ»-ը մի քանի հարց ուղղեց նրան:
- Հայաստանի էներգետիկայի զարգացման բնագավառում ևս նշանակալի է Ձեր ավանդը, ինչին տարբեր տարիների անդրադարձել է նաև «Ավանգարդ»-ը: Ինչպե՞ս կբնութագրեիք կամ կգնահատեիք հայաստանյան էներգետիկայի ներկա վիճակը:
- Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգը կարելի է բնութագրել տարբեր տեսակետից: Ունենք Երևանի ջերմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկը և Հրազդանի 5–րդ էներգաբլոկը: Դրանք արդիական սարքավորումներով կահավորված կայաններ են՝ աշխատանքի բարձր արդյունավետությամբ: Այդ մասին դեռևս տարիներ առաջ «Ավանգարդ»-ում տպագրել ենք բազմաթիվ հոդվածներ: Դրանց գումարային դրվածքային հզորությունը կազմում է մոտ 700 ՄՎտ:Կադրերի պակաս չունենք: Ներկայումս մեծ ծավալի աշխատանքներ են կատարվում բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի նորացման ուղղությամբ: Այդ նախագծի փորձագիտական աշխատանքները կատարվել են իմ կողմից: Կորուստները հին գծերում շատ են, նորացման դեպքում կփոքրանան: Ջերմամատակարարման համակարգերի վիճակը շատ վատ է. այն փաստորեն չի գործում: Մի խոսքով՝ անհրաժեշտ է մշակել ոլորտի զարգացման գիտականորեն հիմնավորված երկարաժամկետ ծրագիր և փուլ-առ փուլ իրականացնել:
- Տխրահռչակ այն տարիների խավարը հաղթահարելուց հետո ազգաբնակչությունն այսօր էլ տառապում է էլէներգիայի բարձր սակագնից և այսպես կոչված՝ հավելագրումներից: Հայաստանում գործող բազմաթիվ ՀԷԿ-երի, ՋԷԿ-ի, ՀԱԷԿ-ի աշխատանքը, փաստորեն, այնքան արդյունավետ չէ, որ անվճարունակ հայստանաբնակը մատչելի էլէներգիա ստանա:
- Երևան քաղաքն ամբողջությամբ ապահովված է էլեկտրամատակարարմամբ: Բնակչության գազաֆիկացման աստիճանը կազմում է 95%: Կենտրոնացված ջերմամատակարարումը, որը խորհրդային ժամանակաշրջանում բավարարում էր բազմաբնակարան շենքերի շուրջ 85%-ը, գործնականում գրեթե ամբողջությամբ դադարել է գործել՝ սկսած 2004-2005թթ. ջեռուցման շրջանից: Ավան վարչական տարածքում գործում է կոգեներացիոն էներգամատակարարման համակարգ՝ 4,000 ԿՎտ դրվածքային էլեկտրական, 4400 ԿՎտ ջերմային հզորություններով և 15.12 ՄՎտ գագաթնային կաթսայական հզորությամբ: Այն սպասարկում է 39 ԲԲՇ-ների, սակայն նախատեսված է Ավան վարչական շրջանի՝ թվով 76 ԲԲՇ-ների ջեռուցման և տաք ջրի պահանջարկի ապահովման համար: Կոգեներացիոն համակարգ գործում է նաև Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի էներգակենտրոնում: Այն, ի տարբերություն առաջինի, ի վիճակի է նաև ապահովել համալսարանային շենքերի մի մասի ջերմամատակարարումը 1.5 ՄՎտ հզորության աբսորբցիոն տեղակայանքի միջոցով։ Իսկ ընդհանուր առմամբ ջեռուցումը բնակարանային սեկտորում իրականացվում է անհատական տաք ջրի և ջեռուցման բնակարանային կաթսաներով, գազի և/կամ փայտի վառարաններով, էլեկտրական ջեռուցիչներով, իսկ հանրային/կոմերցիոն շենքերում՝ միայն ջեռուցող կաթսայատներով:
Բնակելի սեկտորում բնական գազի գերիշխող դերը նույնպես ակնհայտ է: Բնական գազի մասնաբաժինն ընդհանուր էներգածախսերի մեջ կազմել է 66-68%:
Էլեկտրաէներգիայի սակագնի ձևավորման վրա ազդում են բազմաթիվ գործոններ՝ վառելիքի և շահագործման ծախսերը, իրական կորուտների մեծությունը և այլն: Ներկայումս, որքան ինձ հայտնի է՝ հավելագրումների առնչությամբ աշխատանքներ են կատարվում: Էլեկտրաէներգիայի սակագինը կարող ենք նվազեցնել , եթե կարողանանք լուծել հետևյալ խնդիրները.
► Երևանի և Հրազդանի ջերմային էլեկտրակայաններում տեղադրվի ջերմաֆիկացիոն հանգույց,այսինքն համատեղ ցիկլով արտադրենք էլեկտրական և ջերմային էներգիա,
► Որոշակի հզորությամբ սկսեն աշխատել արդյունաբերական գործարանները,
► Մշակել գիտականորեն հիմնավորված համալիր ծրագիր:
Կարծում եմ ճիշտ կլիներ՝ Երևան քաղաքի համար հատկացնել գլխավոր էներգետիկի հաստիք: Անչափ կարևոր հարց է և հրատապ լուծում է պահանջում:
Հէկ-երի աշխատանքը նույնպես պետք է կանոնակարգել: ՀԱԷԿ-ի հարցը բավականին տարողունակ է և այս հարցազրույցի շրջանակներում ամբողջությամբ դժվար կլինի ընդգրկել:
- Ինչպե՞ս եք վերաբերվում այլընտրանքային, մասնավորապես արեգակնային էներգետիկային: Հայաստանում կարծեք թե առկա են դրա համար նպաստավոր բոլոր պայմանները, կան նաև տարբեր առաջարկներ, սակայն էլեկտրականությունն է շարունակում մնալ մեր էներգետիկայի գլխավոր բաղկացուցիչը: Արդյո՞ք դա միայն քաղաքական պատճառների հետևանք է:
- Հայաստանն աղքատ է վառելիքաէներգետիկ ռուսուրսներից, հետևաբար անհրաժեշտ է զարգացնել այլընտրանքային էներգետիկայի բոլոր ճյուղերը, հատկապես արևային էներգետիկան: Երկրորդ կարևոր բաղադրիչը էներգախնայողական ճկուն և վստահ քաղաքականություն իրականացնելն է: Հայաստանում և Արցախում արևոտ օրեր շատ կան, հետևաբար պետք է օգտվել այդ առավելությունից: Միայն այս տարի շահագործման են հանձնվել Ծաղկաձորում՝ մոտ 500 Կվտ հզորությամբ, Թալինում՝ մոտ 1000Կվտ հզորությամբ արևային էլեկտրակայաններ: Ներկայումս այս աշխատանքները շարունակվում են: Կկուտակվի մեծ փորձ հետագայում ավելի ճշգրիտ մոնիտորինգ իրականացնելու համար: Սակայն դեռևս այս բնագավառների համար մասնագիտական ամբիոներ չունենք՝ կադրեր պատրաստելու համար: Այն ուսումնասիրվում է առանձին առարկայի կարգավիճակով:
- Հայտնի է, որ մեծ ծավալի աշխատանքներ եք կատարում նաև Արցախի էներգետիկ տնտեսության զարգացման գործում:
- Արցախում սկսել ենք բազմաթիվ հիդրոէլեկտրակայանների նախագծման և կառուցման աշխատանքները: Այս տարի շահագործման հանձնվեց Թարթառ գետի վրա 12 ՄՎտ հզորությամբ հիդրոէլեկտրակայան: Այն իր հզորությամբ երկրորդն է, աշխատում է ավտոմատ ռեժիմով և տարեկան կարող է արտադրել ավելի քան 80 միլիոն Կվտժ էլեկտրական էներգիա: Սարքավորումները բերվել են Եվրոպայից, և կարող է համարվել եզակի ինժեներական կառույց: Ներկայումս Արցախի էներգետիկ տնտեսության զարգացման հիմնախնդիրները մեր ուշադրության կենտրոնում են և կփորձենք ապահովել բարձր մակարդակ: Դեռևս չլուծված խնդիրներ էլ շատ կան:
Ստացած պարգևն, անշուշտ, պարտավորեցնում է է՛լ ավելի արդյունավետ աշխատել՝ վերը նշված հարցերի լուծման համար:
Հարկ է նշել, որ այս տարի Արցախում Թարթառ գետի վրա շահագործման է հանձնվել արդիական սարքավորումներով կահավորված «Ջերմաջուր» հիդրոէլեկտրակայանը՝ 12 ՄՎտ գումարային հզորությամբ: Հիմնական սարքավորումները բերվել են Եվրոպայից: Շահագործվում է տեղական մասնագետների կողմից: Այն տարեկան կարող է արտադրել ավելի քան 80 միլիոն Կվտժ էլեկտրական էներգիա: