Մեր մտահոգությունը չի փարատվել

ՄԵՐԺԵԼ ԵՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՎԵՐԸ

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին
 
Այս նամակով ցանկանում ենք պատասխանել ՀՀ բնապահպանության հարգարժան նախարար Արծվիկ Մինասյանի հրավերին՝ Հայաստանում Լիդիանի կողմից իրականացվող Ամուլսարի ոսկու արդյունահանման ծրագրի վերաբերյալ հանդիպմանը մասնակցելու կապակցությամբ: Մեր խումբը մի շարք քննադատական վերլուծություններ է հրապարակել այս ծրագրի երկրաքիմիական և ջրերի մաքրման խնդիրների մասին: Մեր քննադատությունների վերաբերյալ մենք նաև պատասխաններ ենք ստացել Լիդիանից ու նրա խորհրդատուներից և փաստարկների ու հակափաստարկների փոխանակման երկու փուլ ենք անցել:
 
Չնայած այս ջանքերին՝ մեր միջև խոր անհամաձայնությունները շարունակում են առկա մնալ, և մեր մտահոգությունն առ այն, որ այս ծրագիրը զգալի, երկարատև բնապահպանական ազդեցություններ կունենա, չի փարատվել: 
 
Մեր սկզբնական վերլուծական աշխատանքն արդեն իսկ խիստ մանրակրկիտ էր և ներկայացնում էր ծրագրի «Բնապահպանական և սոցիալական ազդեցության» ու դրան առնչվող փաստաթղթերի մասին մեր փորձագիտական գնահատականը: Այնուհետև մենք Լիդիանի բոլոր առարկություններին պատասխանեցինք՝ ներկայացնելով փաստական ապացույցներ, որոնք հիմնավորված էին հեղինակավոր գիտական հրատարակություններից մեջբերված հղումներով և գոյություն ունեցող հանքերից բերված օրինակներով: Հակառակ կողմից մենք ստացանք մեր տեսակետները մերժող բազմաթիվ առարկություններ, որոնցում կարծիքները ներկայացվում են իբրև փաստեր: 
 
Լիդիանի կողմից կիրառվելիք և նրանց պնդմամբ «Հանքարդյունաբերական ոլորտի լավագույն չափորոշիչներ» հանդիսացող պրակտիկաները մենք, որպես այս բնագավառի հեղինակություններ, բնավ այդպիսին չենք համարում: Չնայած այս փոխադարձ հաղորդագրությանը և երկարուձիգ պատասխաններին՝ մենք գտնում ենք, որ Լիդիանը չի ընդունել իրեն ներկայացված քննադատությունը և արժանահավատ պատասխաններ չի տվել մեր բարձրացրած հարցերին: Ուստի մենք վատատես ենք այն հեռանկարի նկատմամբ, թե Լիդիանը երբևէ արժանահավատ պատասխաններ կտա բարձրացված խնդիրներին:
 
Մենք ուշադրությամբ դիտարկել ու քննարկել ենք նախարարության աշխատակազմի և Լիդիանի ներկայացուցիչների հետ հանդիպելու՝ Բնապահպանության նախարարի հրավերը:
 
Մենք օգտակար ենք համարում ապարների թթվային դրենաժի կապակացությամբ Լիդիանի ներկայացրած կառավարման պլանի շուրջ մեր անհամաձայնությունների հիմքերը կրկին անգամ բացատրելը, այդ թվում՝ մեր ընկալումների գիտական հիմնավորումները ներկայացնելու և գոյություն ունեցող պրակտիկաներից կոնկրետ օրինակներ բերելու հնարավորությունը: Սակայն մենք մտահոգություն ունենք առ այն, որ մեր մասնակցությունը կարող է ավելի լայն հանրությանը ներկայացվել որպես այդ հանդիպման վերջում հրապարակվելիք արձանագրությանը մեր կողմից տրված դրական հաստատում, նույնիսկ եթե հանդիպման ընթացքում կողմերը համաձայնության եկած չլինեն: Եվ, վերջապես, մենք գիտակցում ենք, որ լուծումներ պահանջող որոշումներից մի քանիսը բնույթով քաղաքական են ու օրենսդրական, ինչպիսիք են, օրինակ, արտահոսքի թույլատրելի ծավալների սահմանումը, շրջակա միջավայրի վերականգնման պարտավորությունների և այլ անվտանգության միջոցների մասին պահաջները: Մենք տեխնիկական փորձագետներ ենք և իրավասու չենք բանակցել նման ոչ-տեխնիկական հարցերի շուրջ: 
 
Վերոնշյալ փաստարկները հաշվի առնելով՝ մեր կոնսենսուսային որոշումն է՝ մերժել այս հրավերը, քանի որ վստահ չենք, որ դրա արդյունքում ապարների թթվային դրենաժի պլանավորման ու կառավարման խնդիրները պատշաճ լուծում կստանան: Փոխարենը, մի քանի օրվա ընթացքում մենք ձեզ կներկայացնենք այս ծրագրի մասին մեր վերջնական գնահատականը՝ հնարավորինս պարզ, հստակ և հակիրճ: 
 
Հուսով ենք, որ ՀՀ կառավարությունն ու Լիդիանը լրջորեն հաշվի կառնեն մեր մտահոգություններն ու առաջարկները և անհրաժեշտ փոփոխությունները կկատարեն հանքարդյունաբերության սկսելուց առաջ:
 
Հարգանքով՝ 
 
Հարութ Բրոնոզյան, քիմիական / բնապահպանական ինժեներ 
դոկտոր Անդրեա Գերսոն, Blue Minerals Consultancy 
դոկտոր Ռոջեր Սմարթ, Blue Minerals Consultancy 
դոկտոր Անն Մաեստ, Buka Environmental
դոկտոր Անդրե Սոբոլևսկի, Clear Coast Consulting, Inc