Բյուջե՛, գրպանդ լայն բաց արա

ՄԵՐ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՄԵԾԵԱՑՆՈՒՄ ԵՆ ՃԵՂՔԵՐԸ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հերթական վճիռն է կայացրել Հայաստանի դեմ՝ «Ավաքեմյանն ընդդեմ Հայաստանի» գործով: ՄԻԵԴ-ը ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ և 13-րդ հոդվածների խախտումը (արդար դատաքննության իրավունք և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) և գտել, որ գումար բռնագանձելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած վճիռը չի կատարվել՝ պետության կողմից բավարար քայլեր չձեռնարկելու պատճառով:
ՄԻԵԴ վճռով Հայաստանի Հանրապետությունը պետք է հատուցի բարոյական վնասը՝ 3600 եվրոյի չափով:
 
 ՄԻԵԴ-ի այս  վճիռը ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը: Ըստ տեղեկությունների` մինչև աշուն ՄԻԵԴ-ը այլ գործերով ևս  կհրապարակի մեր բյուջեի ճեղքերն ավելացնող վճիռները: 
 
Այսպիսի ամեն վճռից հետո դատական  համակարգի անկախության ցավալի խնդիրն արդիականանում է:  Իրոք, ինչի՞ց կամ ումի՞ց է կախված դատական համակարգը`որոշ չինովնիկների  կամքից և փողի քսակից: Այդ երկու «տերերից» անկախանալու ճանապարհը մեկն է՝ անօրինական վճիռների դիմաց պահանջվող հազարավոր, տասնյակ հազարավոր եվրոները պետք է վճարեն հենց նույն դատավորները՝ անձնական միջոցներից: Սովորաբար օրինախախտները պատժվում են. Իսկ մի՞թե ապօրինի վճիռն օրինախախտում չէ:
 
Մյուս հարցը վերաբերում է դատական երկու ատյանների` վերաքննիչ  ու վճռաբեկ դատարանի գործառույթներին: Ենթադրենք, արծաթի մեջ թաթախվել է առաջին ատյանի դատարանն ու կայացրել անօրեն վճիռ, ի՞նչ են անում վերաքննիչ ու վճռաբեկ դատարանները:  Ընդամենը «դակում» են առաջին ատյանի դատարանի վճիռը՝ երբեմն զլանալով մանրակրկիտ քննել գործը, երբեմն այն անգամ վարույթ չընդունելով: 
 
Եթե սրան ավելացնենք նաև որոշ օրենքներում ասես  դիտավորյալ թողնված սողանցքերը՝պատկերը լիակատար է դառնում: Պատահական ու հիմնազուրկ նկատառում չէր մարդու իրավունքների երրորդ պաշտպան Կարեն Անդրեասյանի սկանդալային  զեկույցը՝ դատական կոռումպացված համակարգի մասին:  
 
 Դատավորների սխալների համար պետբյուջեն չպե՛տք է հատուցի. սա բազմաց արդարացի պահանջն է: Արդեն մի քանի տարի է՝ խոսում են  դատական երեք ատյանների դատավորների աշխատավարձերից փոխհատուցման գումարը բռնագանձելու մասին: Սակայն այս տարբերակը ոչ բոլորն են ընդունում. առաջին հերթին, բնականաբար, դատական ատյանները: Եթե նույնիսկ օրինաչափ է նրանց այս վերաբերմունքը, ապա բնավ իրավաչափ չէ, որ միանձնյա դատարան-դատավորի սխալների համար վճարեն հարկատուները: