Հյուրանոցների, գիշերային ակումբների անապատացող քաղաք Երևանս

ՉԱՐԻՔԸ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԱՅԼՈՑ ՀԱՄԱՐ ԲԱՐԻՔ

Իսրայելն անապատից  աստիճանաբար կանաչ տարածքի է վերածվում: Իսրայելի կառավարությունը ձգտում է անապատը դրախտ դարձնել, մեր իշխանավորները՝ դրախտն են անապատացնում, որտեղ նրանք տենում են միայն հյուրանոցներ, գիշերային ակումբներ: Մի խոսքով՝ այն, ինչ փող է բերու: Գրողի ծոցը մարդու առողջությունը, միայն թե փող լինի: Չնայած մեր պաշտոնյաներն իրենց առողջության մասին մտածել են: Թե մի բան լինի՝ հայդե արտասահման, իսկ շարքային քաղաքացու հերն էլ անիծած:
 
Այս նախաբանը հերթական ծառահատման դեպքի առիթով է, որը տեղի է ունեցել Դեյզի այգում: Դավիթաշենի նախկին թաղապետ ու նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյանի դուստրը հոր հովանավորությամբ՝ հենց հոր կառուցած այգում կտրել է տվել 28 ծառ՝ սպորտային ակումբը մեծացնելու համար: Իսկ ահա հայրը, չգիտես ինչ տրամաբանությամբ, ասում է՝ այդ ամենը դավիթաշենցիների համար է, որ «վաբշե դրախտի մեջ ընկնեն»: Թե ինչպես պետք է դավիթաշենցին դրախտի մեջ հայտնվի, եթե սպորտային ակումբը նույնիսկ դավիթաշենցու համար անվճար չէ՝ անհասկանալի է: Բայց  ցավալի է, որ նախկին պաշտոնյան, որը գլուխ է գովում, թե 55.000 ծառ է տնկել, ասում է՝ իմն է այգին, կուզեմ կկտրեմ, կուզեմ կպառեկցնեմ: 
 
Այն, որ սեփականատերը այլ բան չէր կարող ասել, չենք զարմանում, սակայն ցավալի է պատկան մարմինների վախվորած վերաբերմունքը: Թե՛ Բնապահպության նախարարությունը, թե՛ Երևանի քաղաքապետարանը մշտապես թմբկահարում են կանաչ գոտիների պահպանման կարևորությունը (որոնք մի գրչի հարվածով  25 տարում սեփականաշնորհվել են՝ վերածվելով հյուրանոցի կամ էլիտար շենքերի, որոնց մեծն այսօր դատարկ է), բայց նրանց խոսքն ու գործն, ինչպես միշտ՝ տրամագծորեն հակառակ բևեռներում են: 
 
Ի՞նչ են պարզաբանում պատկան կառույցները: Եթե սեփականատեր կա, ապա ինչ ուզի կանի, հետևաբար, ըստ Բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի՝  28 ծառ ոչնչացնելն անօրինական չէ: Մինչդեռ մասնագետները պնդում են, որ եթե անգամ կանաչ գոտիները սեփականաշնորհվում են կամ վարձակալվում,  քաղաքապետարանը պետք է պայմանագիր կնքի տերերի հետ՝ պարտավորեցնելով պահպանել կանաչ գոտիները: Բայց ի՜նչ պայմանագիր, ի՜նչ փաստաթուղթ: Ու մանավանդ՝ ի՜նչ բարոյական չափանիշներ: 
 
Դառը փորձը ցույց  է տվել, որ պատկան կառույցների համար միայն անտերը, խեղճ ու կրակ քաղաքացին է անօրեն, իսկ ապահովվածները, փող ու թիկունք ունեցողները միշտ օրինապաշտ են ու միշտ ճիշտ են: 
Ու մեզ դեռ թույլ ենք տալիս զարմանալ: Եթե ռազմավարական նշանակություն ունեցող Հայփոստը հանվել է վաճառքի, եթե ճարտարապետական արժեք հանդիսացող  նախարարություններից շատերի շենքերն են մասնավորեցվել, 28 ծառն ինչ է, որ չոչնչանա: