Խենթը մի քար գլորեց...

ՆՈՐ ԽԱՉԵԼՈՒԹՅՈ՞ՒՆ

Քար գլորողին չի հուզում, թե քանիսին ու ինչ չափով դա կվնասի: Իրեն օգտակար կամ պարզապես հաճելի է ուժ ու հնարամտություն ցուցադրել՝ գլորում է:
 
Այդ «քարն» այս անգամ Երուսաղեմի կարգավիճակի փոփոխության վերաբերյալ Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփի որոշումն է, որից մեն միակ գոհացողը Իսրայել պետությունն է: Մինչդեռ լրջորեն անհանգստացրել է միջազգային ու հատկապես կրոնական հանրությանը: Դե, իսկ հետագա առավել սրացումներով հղի պաղեստինյան հուզումներին լարված հետևում է ամբողջ աշխարհը:
 
Թրամփյան այս քարգլորն անտարբեր թողնել չէր կարող նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, որը եկեղեցապատկան կալվածքներ ունի Երուսաղեմում: Մայր Աթոռի անհանգստության պատճառներն այսօր մանրամասնել է Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը՝ ընդգծելով, որ հիմնական անհանգստությունն այնտեղ հաստատված փխրուն կայունության խաթարումն է՝
 
- Երուսաղեմը շատ բարդ քաղաք է, և գիտեք, որ բազմաթիվ վիճարկումներ են եղել քաղաքի պատկանելության հետ կապված, ընդհուպ մինչև ժամանակին ՄԱԿ-ի որոշում կայացնելը, որով Երուսաղեմը չեզոք գոտի սահմանվեց,- նշել է բանախոսը՝ հավելելով.
 
- Կարգավիճակի փոփոխությունը կարող է ենթադրել խառնաշփոթ այդ դաշտում, քանի դեռ որոշումներ կայացված չեն կողմերի միջև, նման քայլի դիմելը մեծ վտանգ է պարունակում, հղի է անկանխատեսելի հետևանքներով ոչ միայն իսրայելցիների և պաղեստինցիների համար, այլև այնտեղ ապրող, մշտապես իրենց իրավունքների համար մարտնչող եկեղեցիների համար: Գիտեք, դարերով ձևավորվել են այդ կալվածքների գործածության իրավունքները, կանոնակարգերը: Երուսաղեմի կարգավիճակի փոփոխությունը կարող է մեզ կանգնեցնել նոր իրողությունների առջև:
 
Իսկ այդ կալվածքները փոքրաթիվ չեն, որոնք պաշտպանելը հենց Մայր Աթոռի պարտականությունն է:
 
Ինչ վերաբերում է Թրամփի «խենթությանը», ապա շատերի կարծիքով դրա նպատակը ոչ այնքան Իսրայելին հաճոյանալն է, այլ արաբական աշխարհում քաոսը խորացնելը: Մինչդեռ քրիստոնեության կենտրոն դարձած սուրբ քաղաք Երուսաղեմը քաղաքական անմաքուր խաղերից զերծ պահելը պիտի որ ամեն քրիստոնյայի սրբազան պարտքը լիներ, որպեսզի նորից չխաչեին մարդկության մեղքերի համար խաչված Աստծո Որդուն: