Բա ո՞ւր մնաց շանտղությունը

ՄԱՆՐԷՆԵՐ ՈՒ ՀԱԿԱԲԻՈՏԻԿՆԵՐ՝ ՀԱՎԻ ՄՍՈՒՄ

Մինչ ՍԱՊԾ-ն որպես ձեռքբերում թմբկահարում է հաց տեղափոխող մեքենաներին անվճար սանիտարական անձնագիր տալու անհրաժեծտության խնդիրը, սննդի ոլորտում  կատարված ուսումնասիրությունները նորանոր մտահոգությունների տեղիք են տալիս:
 
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց ներմուծված հավի մսի լաբորատոր արդյունքների մասին: Պարզվում է՝ Բրազիլիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից ներմուծված հավի մսում հայտնաբերվել են մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱՄ), աղիքային հիվանդություն առաջացնող սալմոնելա մանրէ, անտիբիոտիկների՝ Տետրացիկլինի ու Լևոմիցիտինի մնացորդներ և մակնշման խնդիրներ:
 
Պիպոյանի խոսքով՝ պատկան կառույցները մի քանի հարցի պետք է պատասխանեն՝ ինչպե՞ս եղավ, որ ներմուծված հավի միսը չի ստուգվել ու մեծ քանակներով մտել է Հայաստան: 
 
Երկրորդ՝ ինչո՞ւ պատկան կառույցը մինչ օրս չի արձագանքել այս ամենին և երրորդ՝ ինչքան կարող է վարչապետը քաղաքական հովանավոր դառնալ ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանի համար, ինչի արդյունքում կառույցի ղեկավարը գրեթե ոչինչ չի անում:
 
ՀԿ-ի ղեկավարը հավաստիացրեց, որ ներմուծված հավի միս Հայաստան ներկրում են հիմնականում մեծ տնտեսվարողները: Բանախոսը հիշեցրեց վարչապետ Կարեն Կարապետյանի «շանտղություն» խոսքը, որը նա ասել էր նախորդ տարի, երբ ՍԱՊԾ-ին հորդորել էր ուշադրություն դարձնել սննդի ոլորտին, որովհետև շանտղություն է, երբ չգիտես, թե ինչ են ուտում աղջիկդ, տղադ ու հարսդ: 
 
ՀԿ-ի ղեկավարը կարծում է, որ պետք է նաև տեղական հավի մսի շուկան ուսումնասիրել, քանի որ չենք կարող բացառել՝ գուցե այսպիսի խախտումներ տեղական հավի մսում էլ լինել:
 
Սա դեռ ամենը չէ: Մոտ մեկ ամիս առաջ էլ կաթնամթերքի շուկայում էին խախտումներ հայտնաբերվել, սակայն՝ ձայն բարբառո հանապատի: ՍԱՊԾ-ն սրան ոչ մի արձագանք չի տվել: 
 
Ի դեպ,  այսօր առավոտյան էլ լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ ադրբեջանական կոնֆետ է հայտնաբերվել տեղական շուկայում: Սա՝ այն դեպքում, երբ պատկան կառույցները հավաստիացնում են, որ Թուրքիայից ու Ադրբեջանից եկող սնունդը տարբեր չափորոշիչներով ստուգվում է:
 
Բաբկեն Պիպոյանը, սակայն, կարծում է, որ պետք է մանրակրկիրտ ստուգել բոլոր տեսակի սննդամթերքները: Եվ եթե այսքանից հետո կառավարությունն աչք փակի այս ամենի վրա՝ ճիշտը փողոց դուրս գալն ու բողոքելն է: