Իսկ եթե՝ ես չեմ ու պատիվ չունե՞մ…

ԴԱՍԱԼՔՈՒԹՅՈՒՆ՝ «ԻՍԿ ԻՆՉՈ՞Ւ ՄԻԱՅՆ ՄԵՆՔ» «ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ»

Տարկետման իրավունքի խիստ սահմանափակումն ու ըստ էության, խոստմնազանց լինելն ավելի սրեց բացասական վերաբերմունքը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդեպ: Իշխանությունը խոստացել էր ուսանողների առաջարկները ներառել օրենքում, սակայն օրեր առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը:
 
Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն ասել էր, որ աշխատանքային խումբն աշխատում է ուսանողների հետ: Թե ինչ են քննարկելու ուսանողների հետ՝ դեռ պարզ չէ, քանի որ ուսանողների հետագա քայլերն էլ հստակ չեն: Իսկ ուսանողները մինչ օրենքի ստորագրումը 1 առաջարկ էին ներկայացրել՝ սովորիր պաշտպանվել՝ կրթությունը համատեղելով բանակի հետ: Մյուս առաջարկն ավելի շատ չափորոշիչների հստակեցմանը վերաբերող հարց էր՝ ինչպե՞ս է որոշվելու, թե ում տալ տարկետումը՝ ինչպե՞ս են ընտրվելու այդ բացառիկ տաղանդավորները: Ու ահա այս առաջարկները դեռ չքննարկած՝ հափշտապ ստորագրվեց օրենքը: 
 
Սա էլ դեռ բավարար չէ, տեղեկություններ կան, որ պաշտոնյաներն ավագ դպրոցներում սովորող իրենց որդիների գլխի ճարը տեսել են:
 
Մայրաքաղաքում շրջանառվող լուրերի համաձայն՝  բանակից ազատելու  առողջական կեղծ փաստաթղթեր են դասավորում: Օրեր առաջ ԱԺ-ում պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը պահանջեց  անուններ հնչեցնել, թեև իշխանությունը մեկ գրչի հարվածով կարող է դա բացահայտել: 
 
Մինչդեռ սրա փոխարեն հայրենի օրենսդիրները ԱԺ-ում երկար-բարակ քննարկում էին բանակում չծառայելու համար Հայաստանից  հեռացածների հարցը: Մասնավորապես, ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանն առաջարկում էր մինչև 2020 թվականը հնարավորություն տալ այդ մարդկանց՝ հայրենիք վերադառնալ, բանակում չծառայելու  համար գումարը վճարել և ազատվել քրեական պատասխանատվությունից: Իսկ եթե դասալիքը փող չունի՞ կամ մանուկ հասակո՞ւմ է ընտանիքի հետ հեռացել Հայաստանից: Ընդդիմադիր «Ելք» խմբակցության անդամները տարատեսակ հիմնավորումներ ու արդարացումներ էին ներկայացնում այդ մարդկանց համար, նույնիսկ առաջարկում էին փոխհատուցվող գումարի չափը նվազեցնել: 
 
Տեղեկացնենք, որ արդեն մի քանի անգամ տարբեր պատգամավորներ դասալիքների հայրենիք վերադառնալու համար ժամկետներ են երկարացրել, սակայն ոչ մեկի, կարծես, չի շտապում կատարել իր պարտքը հայրենիքի հանդեպ: 
 
Ու սա զարմանալի չէ՝տարբեր պատճառներով: Դիցուք, եթե հիմք ընդունենք «ԱրԱր» հիմնադրամի նախագահ Ավետիք Չալաբյանի այն դիտարկումը, թե 10 տարի առաջ սպան բանակում ամենաբարձր վարձատվող ու հարգի մասնագիտություններից էր, ուստի և գրավիչ: Բայց, ըստ բանախոսի՝ «երկրի ղեկավարությունն ուշադրություն չդարձրեց խնդրին և նրանց աշխատավարձերը մնացին նույնը, իսկ ծառայության պայմանները բարդացան: Իսկ ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմից զոհերի 30 տոկոսը սպայական կազմից էին»:
 
- Ուստի այժմ սպա լինելը ոչ միայն գրավիչ չէ՝ վարձատրության տեսանկյունից, այլև վտանգավոր է: Երբ զինված ուժերի 10 տոկոսն է սպայական կազմը, սակայն զոհերի 30 տոկոսը, նշանակում է նրանք առաջնագծում են ծառայում, և իրենց վրա են վերցրել հարվածը:
 
Թե ինչպե՞ս է նախարարը բարձրացնելու հանրային վստահությունը «Ազգ-բանակ» գաղափարի հանդեպ՝ դեռ պարզ չէ: Առավելևս, որ բանակում ծառայելու մասին խոսում են նորմալ զինծառայություն չանցածները: 
 
Բայց հուսանք, որ գոնե այս օրենքի և ենթաօրենսդրական ակտերի ընդունումից հետո առաջին գծում չենք տեսնի միայն սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին: Հակառակ դեպքում կմեծանա բանակի հանդեպ թշնամանքը, դասալքությունն էլ, Տերը մի արասցե, կարող է նաև մարտի դաշտ տեղափոխվել՝ «իսկ ինչո՞ւ միայն մենք» «հիմնավորմամբ»: