Որտե՞ղ եք «քցում». փոփոխություն՝ ԴԱՀԿ-ի մասին օրենքում

ՆԱԽԱԳԻԾ՝ ՀԱՆՐԱԳՐԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկված մի շարք օրինագծերից մեկը վերաբերում էր անհատական և հանրային հանրագրերին. մյուսը՝ ԴԱՀԿ-ին:
 
ՀՀ կառավարությունն առաջարկում է սահմանել անհատական հանրագիր, կոլեկտիվ հանրագիր հասկացությունները, հանրագիր ներկայացնելու կարգը, հանրագիր ներկայացնող անձի իրավունքները, պարտականությունները, պետական տեղական ինքնակառավարման մարմինների պարտականությունները, հանրագրի գրանցման կարգը, այն  ներկայացնող անձի իրավունքներն ու պարտականությունները:
 
Նախագիծը հանձնաժողովում ներկայացնում էր արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը, որի խոսքով՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է եղել 2005թ. Սահմանադրության փոփոխություններով: Մասնավորապես՝ 53-րդ հոդվածով, որտեղ առաջին անգամ մանրամասնորեն կարգավորվել է յուրաքանչյուր անձի անհատական կամ այլոց հետ հանրագիր ներկայացնելու իրավունքը և պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններից պատշաճ պատասխան ստանալու՝ անձի իրավունքը:
 
2005-ի Սահմանադրության մեջ հպանցիկ անդրադարձ եղել է հանրագիր ներկայացնելու իրավունքին. սակայն խոսքը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին առաջարկություններ ներկայացնելու իրավունքի մասին էր և ոչինչ չէր ասվում այլ օրենսդրական կարգավորումների մասին: 
 
Մյուս նախագիծը ԴԱՀԿ-ի մասին օրենքում փոփոխության մասին է: Կառավարությունն առաջարկում է ճկուն համակարգ. պարտապանը, ում գույքի (այդ թվում և՝ դրամական միջոցների) վրա արգելանք է դրվել, կարող է միջնորդություն ներկայացնել հարկադիր կատարողին՝ արգելանքն այլ գույքի վրա դնելու: Բացի այդ՝ 10-րդ աճուրդից հետո  աճուրդի հանված գույքը հանվում է աճուրդից, և աճուրդի է դրվում պարտապանի այլ գույք: Իսկ եթե քաղաքացին այլ գույք չունի՝ աճուրդը շարունակվում է, բայց  20-րդ աճուրդից հետո գույքը հանվում է աճուրդից: 
 
«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը փոփոխություններից գոհ էր, սակայն՝
 
- Ուզում եմ հասկանալ՝ որտեղ եք «քցում»:
 
Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը պատասխանեց, թե «Ելք» խմբակցությունը հաճախ է այդ նախադասությունն ասում. 
 
- Սովորեք, որ ոչ մի տեղ էլ չենք «քցում»,– ասաց նա:
 
Նախագծերն ընդունվեցին ձայների մեծամասնությամբ և մտան ԱԺ օրակարգ: