Ընդամենը 15%-ն է զբաղվում գիտությամբ. բոլորը պետք է ծառայեն

ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ՝ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներն այսօր ԱԺ-ում իշխանության ներկայացուցիչների հետ սկսեցին  կլոր-սեղան քննարկումը, որը վերաբերում է Զինծառայության մասին օրենքի փոփոխությանը: Ըստ այդմ՝ օրենքը խիստ սահմանափակում է տարկետման իրավունքը:
 
Նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանից հետաքրքրվեց՝ ուսումնասիրե՞լ են, թե բանակում  ծառայելն  ինչպես կանդրադառնա գիտության ընթացքի վրա:
 
Երկրորդ խնդիրն, ըստ նրա, այն էր, թե բանակում ինչպիսի՞ պայմաններ են ստեղծվել, որ զինվորի մտավոր ունակությունների զարգացմանը, գիտական մակարդակին նպաստեն: 
 
ԿԳ նախարարը ներկայացրեց 2007-2016թթ. պաշտպանածների ընդհանուր թվաքանակը: Ըստ նրա՝ այս տարիներին 445 դոկտոր ենք ունեցել, 5032 գիտթեկնածուներ: Գիտության մեջ մնացել են 191 դոկտորներ և 646 թեկնածուներ: 
 
- Ընդհանուր առմամբ գիտությամբ զբաղվում է  15%-ը,-ասաց նախարարը:  
 
Լևոն Մկրտչյանը վստահ է՝ այս թվերը ցույց են տալիս, որ տարկետման շնորհիվ խուսափել են բանակ գնալուց:
 
Նախարարի խոսքով՝ ուսանողների իրավացի են մի հարցում՝  զինծառակությունը գուցե ազդի բնական գիտություններով զբաղվողների վրա, քանի որ բնական գիտություններով ավելի շատ են զբաղվում: 
 
Գործադիր մարմնի անդամը հիշեց՝ այսօր  հերոս Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրն է: Արցախյան պատերազմի տարիներին  նրա նման շատերը թողել են գիտությունը, գնացել ծառայության.
 
- 18 տարին լրացած ցանկացած քաղաքացի, որ նոր է մտնում կյանք, չգիտի՝ գիտությա՞մբ է զբաղվելու, թե ոչ, պետք է կատարի իր պարտականությունը հայրենիքի հանդեպ: 
 
Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն էլ տեղեկացրեց, որ կան գիտական ծրագրեր, որոնք ֆինանսավորվելու են, ՊՆ-ն էլ  դառնալու է գիտական պատվեր տվող.
 
- Օրենքը ընդհանուր հավասարության սկզբունքը տվել է, այլ գործ չունի, հիմա մենք ձեզ հետ շատ երկար պիտի քննարկենք: «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում երիտասարդն ավարտելու ժամանակ, նաև սպայական դասընթացներն անցնելու ժամանակ հնարավորություն է ունենում ամեն ինչ անել, որ երիտասարդը ծառայությունն անցնի որպես գիտնական: Ունենալով կարիք գիտության ոլորտում՝ պատրաստ ենք խթան հանդիսանալ: Մինչև հիմա է օրենքը խոչընդոտել, քանի որ ընդհանուր խաղի կանոն է եղել, որ ով չի ուզեցել գնալ բանակ, չի գնացել գիտության հովանու անվան տակ, հիմա առաջակում ենք, որ լինեն կարգեր, մեխանիզմներ, որ եթե այս երիտասարդն արժանի է, նրան զորակոչել այլ պայմաններով, որ նա կարողանա գնալ տուն, գալ, այս ամենը օրենքով չէ, որ պետք է արվի,- մանրամասնեց փոխնախարարը:
 
Հետաքրքիրն այն է, որ ուսանողների հետ հանդիպմանը մասնակցում էին պատգամավորներ, որոնք չէին ծառայել կամ իրենց որդիներին «օգնել» էին չծառայել: Մասնավորապես, բանակում չի ծառայել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, իսկ Ֆելիքս Ցոլակյանի և Հակոբ Հակոբյանի որդիները բանակ չեն զորակոչվել: 
 
- Որքանո՞վ է սա բարոյական,- հետաքրքրվեցին ԿԳ նախարարից:
 
- Ինչ մեկնաբանեմ, եթե չգիտեմ: Հարցրեք նրանց - ասաց գործադիր մարմնի անդամը:
 
Թեև այսօրվա քննարկումն ավարտվեց, սակայն նախատեսվում է ևս մեկ քննարկում կազմակերպել. Այս անգամ՝ կառավարությունում: Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը առաջարկեց, որ երկու շաբաթվա ընթացքում ուսանողներն ի մի բերեն իրենց առաջարկները, ներկայացնեն ԿԳ և Պաշտպանության նախարարություններին, նշված ժամկետներում ստեղծեն աշխատանքային խումբ՝ այդ երկու գերատեսչությունների և ուսանողների ներկայացուցիչներից բաղկացած։