«Իմ գույնը հողի գույնն է»

ԱՊՐԵՐ՝ ԱՅՍՕՐ ԿՇՆՈՐՀԱՎՈՐԵԻՆՔ ԾՆՆԴՅԱՆ 75 ԱՄՅԱԿԸ

Նրա այս խոսքը, որը ժամանակին անակնկալի էր բերել օտարերկրյա լրագրողին՝ թևավոր է դարձել: ...Երբ արտասահմանցի լրագրողներից մեկը հարցազրույց վերցնելիս Լեոնիդին հարցրել է` «ի՞նչ գույն ունեք» (նկատի ունենալով,թե ո՞ր կուսակցությանն է պատկանում), հրամանատարը ծնկի է եկել, մի բուռ հող վերցրել ու ասել.«Ահա իմ գույնը»...
 
Արցախյան ազատամարտի հերոս, «Ազատագրական բանակի» հիմնադիր, գլխավոր հրամանատար Լեոնիդ Ազգալդյանն այսօր կդառնար 75 տարեկան: Նրա հերոսական կերպարի մասին շատերն են պատմում: Իր ղեկավարած մարտերի 4 տարիների ընթացքում՝ ազատագրելով քսանվեց բնակավայր՝ Լեոնիդն ընդամենը վեց զոհ է տվել: Մի՞թե սա սխրագործություն չէ: 
 
Այո՛, հերոսություն է, սակայն մերօրյա մեծագույն հրամանատարներից մեկը մինչև հիմա չունի Ազգային հերոսի կոչում: Հարցը, բնականաբար, պարզապես կոչմանն արժանացնելը չէ, այստեղ պետական վերաբերմունքի խնդիր է, որովհետև ժողովուրդն այսպես թե այնպես ճանաչում ու մեծարում է իր իսկական հերոսներին, իսկ զինակիցները գովեստով ու մեծարանքով են հիշում սիրելի հրամանատարին: 
 
Լեոնիդի ոչ միայն հերոսական, այլև զուտ մարդկային որակների մասին պատմող բազմաթիվ դրվագներ կան: Փորձելով որոշակիացնել նրա բարոյական վեհ կերպարը՝ «Ազատագրական բանակի» զինվոր, «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանին խնդրեցինք ներկայացնել հերոսի կյանքից որևէ դրվագ, որը մի նրբերանգով ևս կամբողջացներ նրա մարդկային բացառիկ նկարագիրը: 
 
- Նման դրվագները բազմաթիվ են: Մի անգամ, օրինակ, Լեոնիդը տեսել է իր զինվորներից մեկին խրամատում քնած՝ պահակակետում, արթնացրել է և շատ հանգիստ ասել՝ գնա քնի՛ր, հանգստացի՛ր, ես կկանգնեմ քո փոխարեն: Նման բանը շատ փշոտ է ընդունվում այսօրվա սպայակազմի կողմից՝ պատճառաբանելով, թե դա կարգապահության խախտում է: Սպայակազմի համար սա միգուցե հասկանալի չէ, որովհետև հասկանալի չէ լեոնիդյան բարոյականությունը, բարոյախոսությունը, քանի որ իրենք նման դեպքում անպայման կպատժեին, կանպատվեին, իսկ Լեոնիդն իր բարոյականությամբ և հայրական վերաբերմունքով հասնում էր նրան, որ հաջորդ անգամ զինվորը խրամատում չէր քնում՝ հասկանալով կարևորությունը և ամաչելով իր վարքից, որ իր փոխարեն իր հրամանատարը կանգնեց: