ՃՏՊ 278 զոհ, և աճի միտում

ԱՍՈՒՄ ԵՆ՝ ԻՆՉՊԵՍ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ՄԵՔԵՆԱ ՎԱՐՈՒՄ

ՀՀ ոստիկանության տվյալներով՝ 2007 թվականից մինչև 2016 թվականը հանրապետությունում գրանցվել է 25 624 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 3267 քաղաքացի, իսկ վիրավորների թիվը 36 023 է:
 
2007-ի համեմատ՝ 2016 թվականին զոհերի թիվը նվազել է 104-ով, սակայն 1731-ով աճել է վիրավորների թիվը, և 1260-ով ավելացել է ՃՏՊ-ների քանակը: Իսկ 2017թ․ սեպտեմբերի 1-ի տվյալներով՝ ՃՏՊ-ների հետևանքով զոհվածների թիվը կազմել է 278 մարդ։
 
Երեկ՝ նոյեմբերի 15-ին «Մեդիա կենտրոնում» կազմակերպված «Ճանապարահատրանսպորտային պատահարները Հայաստանում 2017թ․-ին․ վերջին տարիների դինամիկան, կանխարգելման միջոցներն ու օրենսդրական դաշտը» թեմայով քննարկման ընթացքում «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ պատասխանատու ակտուար Հրաչյա Մանուկյանը ներկայացրել է վիճակագրական տվյալներ՝ վերջին տարիներին իրենց կողմից արձանագրված վթարների վերաբերյալ: Նա ընդգծել է, որ ավտոմեքենաների թվի աճին զուգահեռ աճել է նաև ավտովթարների թիվը․
 
- 2017թ․ 10 ամիսների դրությամբ ԱՊՊԱ տեղեկատվական համակարգում գրանցվել է մոտ 40 հազար ավտոպատահար։ Եթե այս ցուցանիշը համեմատենք 2013թ․ նույն ժամանակահատվածի հետ, թիվն աճել է 9 տոկոսով, սակայն 18 տոկոսով աճել է նաև տրանսպորտային միջոցների քանակը, ինչն ուղիղ համեմատական է վթարների թվին։
 
«Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը, հղում անելով ՀՀ ճանապարհային ոստիկանությանը, նշել է, որ  2017թ․ սեպտեմբերի 30-ի դրությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է 278 մարդ, իսկ առաջիկա 3 ամիսներին այդ ցուցանիշը կաճի, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ այս  տարի մահացությունների ցուցանիշը բարձր կլինի՝ նախորդ տարվա համեմատ։
 
Վերջինս նաև վթարների տեղանքին վերաբերող վիճակագրություն է ներկայացրել՝ նշելով, որ խիտ երթևեկության դեպքում վթարները քիչ են․
 
- Հայաստանում գրանցված է մոտ 500 հազար ավտոմեքենա, որոնց մեծ մասը Երևանի երթևեկության մեջ է։ Ցավալի հետևանքով վթարները լինում են ոչ թե փոքր կենտրոնում, որտեղ ավելի խիտ երթևեկություն կա, այլ  նոսր երթևեկություն ունեցող հատվածներում։
 
Բանախոսը միաժամանակ արձանագրել է, որ այն հատվածներում, որտեղ երթևեկություն հսկող տեսախցիկներ են տեղադրված, վթարների քանակն ավելի քիչ է՝ տեսախցիկներով չվերահսկվող հատվածների համեմատ։
Եվրոպական փորձագիտական ինստիտուտի խորհրդի նախագահ Նիկոլայ Բաղդասարյանի համոզմամբ՝ վթարների քանակի վրա բազմաթիվ գործոններ են ազդում և ավտոմեքենաների թվաքանակը որոշիչ գործոն չէ․
 
- Գիտության մեջ նշվում է 4 գործոն, որոնք ազդում են վթարների թվաքանակի վրա՝ վարորդի գիտելիքներ, ճանապարհներ, մթնոլորտ և միջավայր՝ քամի, փոթորիկ, ձյուն և այլն։ Հայաստանում վթարներին նպաստող գործոնների առաջին տեղում է վարորդների իրավագիտակցությունը, շատերը վարորդական վկայական ձեռք են բերում կաշառքով, երկրորդ տեղում է ճանապարհային երթևեկության ոչ ճիշտ կազմակերպումը, նամանավանդ խճուղիների վրա  հանգույցները, որոնք հակասում են անվտանգ երթևեկության կանոններին։
 
Վարորդական իրավունքի վկայականների տրամադրման ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի մասին է խոսել նաև Սմբատ Ղահրամանյանը՝ նշելով, որ շատերը գերադասում են մարզերում ստանալ վարորդական իրավունքի վկայականը, որտեղ վերահսկողությունը քիչ է․
 
- Նախորդ տարվա ընթացքում Երևանում, որտեղ կենտրոնացված է հանրապետության բնակչության կեսը, վարորդական իրավունքի վկայական ստացել են 5000 հոգի, այն դեպքում երբ Երևանից 4 անգամ քիչ բնակչություն ունեցող Կոտայքի մարզում վկայական ստացել են ավելի քան 6000 հոգի,- արձանագրել է Սմբատ Ղահրամանյանը՝ հավելելով, որ մարզերում 90 տոկոսից ավելին հենց առաջին անգամ քննությունից ստանում է վարորդական վկայականը, ինչը կասկածելի բարձր թիվ է։