«Թույլ չտա՛ք, մեր Սահմանադրությունը չի պարտադրում, փրկե՛ք ձեր երեխաների կյանքը…». Ռուզան ԱՍԱՏՐՅԱՆ

«ԳԱՐԴԱՍԻԼ»-Ն ԱՆՎՏԱՆԳ ՉԷ

Արդեն հստակեցվել է, որ դեկտեմբերից 13 տարեկան աղջիկները պատվաստվելու են պապիլոմա վիրուսի դեմ: Հայաստանում օգտագործվելու  է «Գարդասիլ» պատվաստանյութի քառավալենտ տարբերակը:
 
ՀՀ ԱՆ մասնագետները փաստում են, թե այս պատվաստանյութը կիրառվում է աշխարհի ավելի քան 71 երկրում: Սակայն արդյո՞ք դա հիմնավորում է, որ այն անվտանգ է, կամ՝ հույժ անհրաժեշտություն: Մանավանդ՝ բազմաթիվ այլ փաստարկներ կան դրանից առաջացող վտանգների մասին:
 
«Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում երեկ հենց այս թեմայով ահազանգ են հնչեցրել գրող, հրապարակախոսներ Լիա Ավետիսյանը, Ռուզաննա Ասատրյանը և պահեստազորի փոխգնդապետ Ալբերտ Հովհաննիսյանը:
 
«Ո՛չ «Ընտանիքի նկատմամբ բռնության մասին» օրինագծի ընդունմանը և պապիլոմայի վիրուսի դեմ վտանգավոր պատվաստումներին» թեմայով հրավիրված մամուլի ասուլիսում Լիա Ավետիսյանը նշյալ օրենքի ընդունումը որակեց որպես «դավադրություն հայ ընտանիքի և մեր ինքնության նկատմամբ».
 
- Արդեն պարզ են դավադիրները կառավարության կազմի մեջ, ովքեր որ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես են եկել, նրանք էլ դավադիրներ են: Ինձ մոտ հարց է ծագում՝ ընդհանրապես, գլխավոր դատախազը նկատո՞ւմ է այս բոլորը, թե չէ: Երկրի, պետականության, ազգի դեմ պատրաստվել և հասունացել է դավադրություն: Սա շատ լուրջ հարց է, սա պատմական կետ է, երբ որ մենք արդեն մի քայլի վրա ենք երկիրը կորցնելուց,- իր անհանգստությունն արտահայտեց բանախոսը:
 
Իսկ Ռուզան Ասատրյանին նաև մտահոգել ու զայրացրել է դեկտեմբերի 2-րդ շաբաթվանից «Գարդասիլ» վտանգավոր պատվաստանյութով պատվաստումները սկսելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումը: Նրա դիտարկմամբ՝ սպիտակ եղեռնն արդեն վաղուց սկսել են իրականացնել մեր հայրենիքում: Ի դեպ, «Հանուն Հայքի, հանուն հայրենիքի» շարժման անունից ՀՀ նախագահին, Առաջին տիկնոջը և վարչապետին հասցեագրված նրա նամակներին ի պատասխան՝ Առողջապահության նախարարությունից Ռ. Ասատրյանին խոստացել էին հրավիրել այդ թեմայով քննարկումներին: Խոստացել էին, բայց «մոռացել»: Մոռացե՞լ, թե՞ միտումնավոր չէին հրավիրել՝ վստահ չլինելով, որ կարող են ցրել կամ գոնե մեղմել մտավորականի տագնապները…
 
Մինչդեռ նրա հարցադրումը հիմնավոր է. առողջապահության ոլորտի պատասխանատուները կարո՞ղ են ասել, թե Հայաստանում 13 տարեկան հասակի այն 16 000 աղջիկներից, որոնց մտադիր են «Գարդասիլ» վտանգավոր պատվաստանյութով պատվաստել, Աստված մի արասցե, քանի՞սը կմահանա… Քանի՞սը կդառնա հաշմանդամ, չբեր կամ կհիվանդանան այս կամ այն հիվանդությամբ: Ինչ վերաբերում է նրան, որ ԱՄՆ-ում 37 200-ին գերազանցող մնացյալ դեպքերում առողջական խնդիրներն առաջացել են նաև այն բանի հետևանքով, որ պատվաստվածների մի մասը եղել է 44 տարեկանից բարձր, ապա այդ պատճառաբանությունն առնվազն անհասկանալի է, քանի որ, ի տարբերություն 3-9 տարեկանների, 44-ից բարձր տարիքի կանանց օրգանիզմն արդեն լիովին կազմավորված է, նրանց օրգանիզմի դիմադրողականությունն էլ ավելին է, քան 3-9 տարեկաններինը: Հետևաբար նրանց շրջանում առողջական խնդիրների առաջացումը 44-ից բարձր տարիքով պայմանավորելը համոզիչ չէ:
 
- Ես այն կարծիքին եմ, որ այն, ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ: Մենք բավական երկար ենք հանդուրժել, 1990-ական թվականներից մինչև օրս հայ գենի հետ հաշվեհարդար է կատարվում: Միջազգային ուժերը ոչ թե այսօր, այլ շատ վաղուց ծրագրել են աշխարհի 7 միլիարդ բնակչությունից թողնել ընդամենը ոսկե 1 միլիարդը,- իր մտավախություն բարձրաձայնեց Ռուզան Ասատրյանը՝ հավելով, որ  նրանց թիրախում է մարդկությունն ընդհանրապես, իսկ մենք՝ հատկապես, որովհետև Հայաստանի աշխարհագրական դիրքը խիստ շահագրգռում է մեր ազգի թշնամիներին: